Այո, ռուսները կարող են Դադիվանքից դուրս գալ, կարող են դուրս գալ նաև այլ հենակետերից, փոքրացնել իրենց, այսպես ասած, պատասխանատվության գոտին, բայց, այնուամենայնիվ, ռուսական ռազմաբազան կշարունակի մնալ Ադրբեջանում: Այս ամենը արվում է «աչքակապության» համար, ցույց տալու, որ Ալիևը ռուսներին «հավաքում» է այնտեղից։
Դավիթ Ստեփանյան
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղից ռուսական ամբողջ կոնտինգենտը դուրս կգա: Ըստ նրա՝ ռուսական կողմն ամեն ինչ անելու է, որ իր ներկայությունը պահպանի Ադրբեջանի տարածքում:
«Չկա տեղեկատվություն, որ ռուսները ամբողջ ռազմաբազան են հանում: Գիտեմ, որ մինչև վերջերս Բաքվի և Մոսկվայի մեջ ակտիվ բանակցություններ էին ընթանում այդ ռազմաբազայի կարգավիճակի շուրջ, որ ռուսները շարունակեն այնտեղ մնալ: Չեմ կարծում, որ իրավիճակն այնքան է փոխվել, որ ամբողջ իրենց զենքը ու զրահը հավաքելու են, դուրս գան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:
Միաժամանակ նա չի բացառում ռուսների ամբողջական դուրս գալը, որը կարող է լինել Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի՝ Ալիևի վրա ճնշման արդյունքում:
«Ալիևը Արևմուտքում խաբել է: Հետ գնանք և հիշենք, որ այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում, այն է՝ էթնիկական զտում, տեղի է ունեցել միջազգային կոնսենսուսի պայմաններում, ցավալի է, բայց փաստ, որ եղել է կոնսենսուս, այդ թվում՝ Արևմուտքի և Ադրբեջանի միջև, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև, Ադրբեջանի և Իրանի միջև, և այդ կոնսենսուսի դիմաց Ալիևը խոստացել է Արևմուտքին, որ ռուսները Ադրբեջանում չեն լինելու: Հետագայում իրավիճակ փոխվեց, և Ալիևը փաստացի խաբել է Արևմուտքին. էթնիկ զտումը տեղի է ունեցել, իսկ ռուսները շարունակում են մնալ այնտեղ: Եվ հիմա, այո, շատ հնարավոր է, որ այդ գործընթացը սկսվի, և ռուսները դուրս գան, բայց դա ոչ թե լինելու է Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերությունների արդյունքում, այլ Արևմուտքի ճնշման»,- կարծում է նա:
Ըստ Ստեփանյանի՝ 2-րդ վարկածը հետևյալն է. «Այո, ռուսները կարող են Դադիվանքից դուրս գալ, կարող են դուրս գալ նաև այլ հենակետերից, փոքրացնել իրենց, այսպես ասած, պատասխանատվության գոտին, բայց, այնուամենայնիվ, ռուսական ռազմաբազան կշարունակի մնալ Ադրբեջանում: Այս ամենը արվում է «աչքակապության» համար, ցույց տալու, որ Ալիևը ռուսներին «հավաքում» է այնտեղից»:
Հարցադրմանը՝ ԼՂ-ից՝ ռուսների ամբողջական դուրս գալու պարագայում ի՞նչ գին դրա համար կվճարի Ադրբեջանը, Ստեփանյանը պատասխանում է՝ Ադրբեջանը չի կարող որևէ գին վճարել, այդ հնարավորությունները չունի, գին կարող է վճարել Թուրքիան՝ Ուկրաինայի կոնֆլիկտի շուրջ ինչ-որ հերթական պայմանավորվածությունների գալով ՌԴ-ի հետ:
«Գին վճարողը միշտ էլ Թուրքիան է, Ադրբեջանն այստեղ լուրջ դերակատարում չունի: Այսինքն՝ առևտուրը գնում է Պուտինի և Էրդողանի միջև, եթե Էրդողանը ինչ-որ առաջարկություն է անում, որի գայթակղությունը և արժեքը Պուտինի համար ավելի բարձր է, քան Ղարաբաղում մնալը, նա կարող է դուրս գալ: Եվ երկրորդ տարբերակը՝ եթե Արևմուտքը այնպիսի ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ վերջինս չկարողանա դիմակայել և ուղղակի միակողմանի պահանջի, որպեսզի ռուսները դուրս գան: Օրինակ, եթե ԼՂ-ում էթնիկական զտումը ճանաչեն ԱՄՆ-ն և ԵՄ-ն և Ադրբեջանին մեղադրեն եղեռնի համար, այդպիսի ռադիկալ լուրջ քայլերի դեպքում, որովհետև դա շատ ծանր մեղադրանք է, չեմ կարծում, որ Ադրբեջանը կարող է դրա տակից դուրս գալ»,- ասում է քաղաքագետը:
Ստեփանյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը թեև չի պատրաստվում հեռանալ, սակայն վաղ թե ուշ գնալու է, որովհետև իր քաղաքականությամբ տարածաշրջանում բազմաթիվ սխալներ է թույլ տվել:
Հերմինե Կարապետյան
Հոդվածը՝ armtimes.com կայքից։