Ըստ երեւույթին, Մոսկվայի ադրբեջանական օլիգարխիան այդ ձեւով է նշել «վաղնջական ադրբեջանական հողերից ռուսական օկուպացիոն զորքերի դուսրբերումը»: Եւ ապրիլի 18-ը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ հենց Մոսկվայում ռուս-ադրբեջանական հարաբերությունների «նոր եւ լիովին մաքուր էջ է բացում»:
Վահրամ Աթանեսյան
Ապրիլի 18-ին Ադրբեջանի քաղաքացի Շահին Իսմայլովը Մոսկվայում դանակահարել է 24-ամյա երիտասարդի, ով տեղում մահացել է: Վիճաբանությունը, ըստ հետաքննության մարմնի նախնական վարկածի, ծագել է մոսկվացի երիտասարդի կողմից ադրբեջանցուն դիտողություն անելու պատճառով, թե ինչու է մեքենան կայանել մայթին: Շահին Իսմայլովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ձերբակալվել են նրա ենթադրյալ հանցակիցը եւ վերջինիս հայրը, որ նույնպես Ադրբեջանի քաղաքացիներ են եւ քննիչների հետ հաղորդակցվում են թարգմանչի օգնությամբ:
Նախաքննությունը պարզել է, որ սպանության վայրից Իսմայլովը փախուստի է դմել մոսկվայաբնակ գործարարի պատկանող ավտոմեքենայով, ապա լքել է այն, օգտագործել երկրորդ մեքենան, որ նույնպես հայտնաբերվել է: Ըստ երեւույթին, Իսմայլովը երրորդ մեքենան է օգտագործել եւ առակժմ գտնվում է հետախուզման մեջ: Ո՞վ է մոսկվայաբնակ գործարարը, ում մենքենան, իբր, այդ դեպքից մի քանի օր առաջ վաճառվել է Իսմայլովի հորը կամ ո՞վ է մարդասպանին երկրորդ-երրորդ մեքենա տրամադրել՝ ՌԴ Քննչական կոմիտեն, հավանաբար կպարզի: Եթե, իհարկե, հանցագործը կապված չէ Մոսկվայում ադրբեջանական օլիգարխայի հետ:
Ուշագրավն այն է, որ ՌԴ Քննչական կոմիտեն «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության գործը քննում է այն վարկածով, որ հանցագործները դեպքի վայրից հեռացել են սպիտակ գույնի «Պեժո» ավտոմեքենայով եւ ձերբակալվել են նույն մեքենայում՝ ռուս-ուկրաինական սահմանին մոտ: Մոսկվան պնդում է, որ ահաբեկչությունը պատվիրել են արեւմտյան հատուկ ծառայությունները, կազմակերպիչներն Ուկրաինայում են: Մոսկվայում մեկ անձի դանակահարած Շահին Իսմայլովը, ինչպես ռուսաստանյան պատկան մարմիններն են ասում, դեպքի վայրից փախուստի է դիմել մի մեքենակով, ապա օգտվել երկրորդից եւ, ամենայն հավանականությամբ, երրորդ մեքենայով կորցրել հետքերը:
«Կրոկուսի» ահաբեկիչները մի՞թե այդքան հիմար էին, որ Մոսկվայից գրեթե մինչեւ Բրյանսկ միայն մի մեքենայով են շարժվել: Կազմակերպիչները չէի՞ն կարող ապահովել, որ նրանք օգտվեին երկրորդ, երրորդ, չորրդ մեքենայից: Եթե մեկ անձը կարողացել է հետքեր կորցնել, ապա միջազգային ահաբեկչական խմբավորումը կամ արեւմտյան որեւէ երկրի, կամ հենց Ուկրաինայի հատուկ ծառայություը, բնականաբար, կարող էր նույնը եւ ավելի պրոֆեսիոնալ մակարդակով անել «Կրոկուսի» ահաբեկիչների համար: Կամ էլ պետք է ընդունել, որ Ադրբեջանի քաղաքացի Շահին Իսմայլովը պատական անձ չէ, գործել է Ադրբեջանի կամ այլ երկրի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ, որոնք էլ ապահովել են նրա փախուստը:
Ըստ երեւույթին, Մոսկվայի ադրբեջանական օլիգարխիան այդ ձեւով է նշել «վաղնջական ադրբեջանական հողերից ռուսական օկուպացիոն զորքերի դուսրբերումը»: Եւ ապրիլի 18-ը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ հենց Մոսկվայում ռուս-ադրբեջանական հարաբերությունների «նոր եւ լիովին մաքուր էջ է բացում»: Մոսկվան լքել է ԼՂ-ում զոհված հինգ սպայի հուշաքարը: Մոսկվան, թերեւս, փակի նաեւ 24-ամյա երիտասարդի սպանության գործը: Բայց շատ դժվար է լինելու հանրությանը համոզել, որ «Կրոկուսի» ահաբեկիչներն այնքան հիմար էին, որ դեպքի վայրից մի մեքենայով շարժվել են դեպի Ուկրաինայի սահման՝ հետաքննության մարիմիններին միանգամից ուղղորդելով ֆրանսիական արտադրության սպիտակ գույնի «Պեժո» մեքենային:
Հոդվածը՝ 1in.am կայքից։