Հայաստան

Տավուշի Իրավիճակի Զարգացման Սցենարները

Ողջախոհությունը պահանջում է առնվազն գնալ խորհրդարանի արտահերթ ընտրության, որը մի կողմից կլինի արդարացի եւ պատասխանատու հարաբերություն հանրության հետ, մյուս կողմից նաեւ քաղաքական դաշտի առերեսում, այն իմաստով, թե ի՞նչ քաղաքական ուժեր հանրությանը կոնկրետ ինչպիսի այլընտրանքային լուծումներ կառաջարկեն, ինչպիսի համոզչականությամբ եւ ձեւաափով:

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյանը կայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հայաստանյան հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու որոշում, որի կազմում են Տավուշի մարզի այն սահմանակից գյուղերի համայնքապետերը, որոնց վերաբերում է ապրիլի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայացած համաձայնությունը: Այդ ընթացքում սակայն, Տավուշի գյուղերի բնակիչները շարունակում են պայքարել այդ համաձայնությունն իրականացնելու քայլերի դեմ, փակ պահել Հայաստան-Վրաստան միջպպետական ճանապարհի՝ Տավուշով անցնող այդ հատվածը, նաեւ թույլ չտալ սահմանային հատվածների ականազերծում: Ինչպե՞ս կզարգանա իրավիճակը Տավուշում, որ շարունակվում է արդեն երրորդ օրը:

Եթե բնակիչները հասնեն իրենց նպատակին եւ թույլ չտան պայմանավորվածության իրացում, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանը կստանա ագրեսիայի «լեգիտիմ» իրավու՞նք: Ըստ այդմ, իրադարձությունը կզարգանա ա՞յդ սցենարով: Թե՞ այդուհանդերձ դիտարկվել է հանրային դժգոհության տարբերակն ու նաեւ այդ դեպքում կան քննարկված մեխանիզմներ, սցենարներ, որոնք բացառում են ուժի կիրառումը: Իսկ արդյո՞ք ուժ կկիրառի Նիկոլ Փաշինյանը, հանրային այդ բողոքը ճնշելու եւ պայմանավորվածությունը իրականացնելու համար: Դա կստեղծի ոչ միայն ներքին հարաբերությունների լարվածություն, այլ նաեւ արտաքին հարաբերություններում նախադեպ, երբ Հայաստանի իշխանությունը արտաքին որեւէ հանձնառություն իրականացնում է ներքին ուժի կիրառումով:

Բարդ է ասել, թե այդ նախադեպը հետո ինչպես կաշխատի Հայաստանի հանրապետության արտաքին դիվանագիտական կարողունակության դեմ: Իսկ դիտարկվու՞մ է արդյոք արտահերթ ընտրության տարբերակը՝ խորհրդարանի արտահերթ ընտրությանը, որը թերեւս կարող է լինել նվազագույն ողջախոհ տարբերակը, հաշվի առնելով նաեւ այն, որ նախորդ արտահերթ ընտրությանը ներկայացված ծրագիրը կառավարող մեծամասնությունը ոչ միայն տապալել է դրանում սահմանված առանցքային ռազմա-քաղաքական հարցերի մասով, այլ ըստ էության որեւէ կերպ չի շոշափել Տավուշի առնչությամբ Ադրրբեջանի «լեգիտիմ» պահանջների հարցը: Հետեւաբար, ողջախոհությունը պահանջում է առնվազն գնալ խորհրդարանի արտահերթ ընտրության, որը մի կողմից կլինի արդարացի եւ պատասխանատու հարաբերություն հանրության հետ, մյուս կողմից նաեւ քաղաքական դաշտի առերեսում, այն իմաստով, թե ի՞նչ քաղաքական ուժեր հանրությանը կոնկրետ ինչպիսի այլընտրանքային լուծումներ կառաջարկեն, ինչպիսի համոզչականությամբ եւ ձեւաափով:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *