Կայսրությունը մոռանում է, որ հենց միայն այն փաստը, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որ նույն Հայաստան-Ադրբեջան սահմանի դելիմիտացիայի կապակցությամբ մեկնարկած գործընթացը չի ողջունել, նշանակում է, որ Ռուսաստանն ինքն է բարձրաձայն ասում, որ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու չի ցանկանում, որ Հայաստանը հարևանների հետ պետական սահման ունենա․․․
Ստեփան Սաֆարյան
Ապրիլի 22-ին Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին ունեցած իր ելույթում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։ Ինչպես նաև Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի համար անվտանգության ամենօրյա սպառնալիքներ, այդ թվում՝ հիբրիդային պատերազմի հարձակումներ սանձազերծելու մեջ: Մեջբերենք նրա խոսքի նաև այդ հատվածը․ “Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ է կազմակերպում: Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը եւ խոսել հայ ժողովրդի անունից: Հայաստանի դեմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, եւ որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է:”
Ակնհայտ է, որ այս հայտարարություններին հետևելու էր Ռուսաստանի արձագանքը որը չուշացավ․ ՌԴ խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարերեց, թե իր հայ պաշտոնակիցը «հատել է բոլոր կարմիր գծերը» և տեղեկացրել, որ գրավոր պարզաբանում են պահանջելու, թե արդյոք դա ամբողջ Խորհրդարանի կարծիքն է։ Նրա հրահանգով Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը պաշտոնական նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողով՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների առթիվ։
Չեմ կարծում, թե իշխանությունը չէր հաշվարկել նման հետևանքը ու դա իրենց պատասխանատվության տիրույթում գտնվող հարց է։ Ի վերջո, բառացի ասվում է, որ Հայաստանը չի ճանաչում Ռուսաստանի “նոր” տարածքային ամբողջականությունը, ռուսական ագրեսիայի հետևանքը և Ուկրաինայի կողքին է, ինչպես նաև ասվել է, որ Ուկրիանայի հանգույն Հայաստանը անվտանգային առումով Ռուսաստանի ու Ադրբեջանի թիրախում է։
Հայաստանում որևէ փորձագետ չես գտնի, որ ասի, թե Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հիմնազուրկ են կամ փաստական հենքեր չունեն։ Օրինակները շատ – շատ են։ Հենց նույն Հայաստանի դեմ պետական մակարդակով սանձազերծված հիբրիդային գրոհների մասսով․ Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանին ռուսական հեռուստաընկերության եթեր հրավիրելն ու նրա հետ միասին Հայաստանի, նրա ղեկավարության, քաղհասարակության դեմ անբարո կեղտ լցնելն ու մեղադրանքները, պետական շատնոյա Մարգարիտա Սիմոնյանի կողմից Երևանի Հանրապետության Հրապարակ իշխանափոխության համար ցուցարարներ հրավիրելը, վերջացրած ապրիլի 5-ի Բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ Հայաստանում ողջախոհ քաղաքական ուժերին կոչ անելը, որպեսզի թույլ չտալ ապրիլի 5-ի հանդիպումը․․․
Սա ընդամենը մի փոքր մասն է այդ փաստերի։ Հիբրիդային հարձակումը պոզով պոչով չի լինում։ Սա հենց ինքնին ամենավտանգավոր հիբրիդային հարձակումներից մեկն է, որով ի ցույց են տալիս, որ Կրեմլում պաշտոնական մակարդակով կայացված է Հայաստանում իշխանություններին տապալելու, ժողովրդավարությունը ոչնչացնելու, Հայաստանի արտաքին քաղաքականության “դիվերսիֆիկացիոն” կուրսը սպանելու ու վերջապես՝ Հայասատնի պետականությունը ոչնչացնելու վերաբերյալ․ ի վերջո, ամիսներ առաջ պաշտոնական գործակալության հոդվածում էին գրել, որ մինչև հիմա չեն հասկանում, թե «Հայաստանն ինչպես է անկախացել․․․»։
Իհարկե, Ռուսաստանի համար ամենադաժան հարվածը իր տարածքային ամբողջականության չճանաչման փաստն է։ Բայց կրկին, Կայսրությունը մոռանում է, որ հենց միայն այն փաստը, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որ նույն Հայաստան-Ադրբեջան սահմանի դելիմիտացիայի կապակցությամբ մեկնակած գործընթացը չի ողջունել, նշանակում է, որ Ռուսաստանն ինքն է բարձրաձայն ասում, որ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու չի ցանկանում, որ Հայաստանը հարևանների հետ պետական սահման ունենա․․․ Հետևաբար, ինչից են նեղվել Ռուսաստանում, եթե հենց իրենք են դա արել ու անում Հայաստանի դեմ․․․ Ըստ որում՝ Հայաստանը գոնե ճանաչում է Ռուսաստանի Ալմա-Աթիային անծայրածիր տարածքային ամբողջականությունը։ Մինչդեռ հենց նույն Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի Ալմա-Աթիային տարածքային ամբողջականությունը՝ ԽՍՀՄ օրոք լինելով այդ սահմանները կամայականորեն գծողը, իսկ ԽՍՀՄ փլուզման պահին՝ դրանք Ալմա Աթիայի հռչակագրում ամրագրողը․․․
Ու Հայաստանի նկատմամբ արած լինելով հերթական ամենանողկալի բանը, բացի Արցախը թուրքին վաճառելը, որը նկարագրվեց վերևում, այժմ կայսերական տոնով բացատրություն է պահանջում իրենց “վիրավորելու համար”, երբևէ բացատրություն չտալով իրենց խայտառակ պահվածքի համար, որի փաստերի մի չնչին մասը վերևում նկարագրվեց․․․
Հետաքրքիր է, թե ինչ պարզաբանում է գնալու ՀՀ ազգային ժողովից․․․
Գրառումը՝ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։