Հայաստան

Բաքվի Հանցագործ Հերոսները

Քաղաքագետ Օրուջլին գտնում է, որ կոնգրեսականները «չպետք է պղծեն ադրբեջանական ժողովրդի զգացմունքները՝ նրա հերոսներին ճանաչելով պատերազմական հանցագործ»: Նա, ընդսմին, էթնիկ զտումների փաստը չի ժխտում, բայց համարում է, որ այդ ընթացքում «քաղաքացիական բնակչության կորուստները նվազագույն էին, իսկ սեպարատիզմի ոնչնացումն իշխանությունների սահմանադրական պարտքն է»:

Վահրամ Աթանեսյան

Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով

«Թուրան» գործակալության «Դժվար հարց» քաղաքական հաղորդման հյուր Արաստուն Օրուջլին, անդրադառնալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի քառասուն պաշտոնյաների դեմ պատ-ամիջոցներ սահմանելու մասին օրինագծի թեմային, բառիս բուն իմաստով սենսացիոն հայտարարություն է արել: Վկայակոչելով «միանգամայն արժանահավատ աղբյուրներից ունեցած տեղեկությունը»՝ նա ասել է, որ ցուցակում ընդգրկված ադրբեջանցի զինվորականները «մեղադրվում են էթնիկ զտումներ անցկացնելու եւ այդ ընթացքում պատերազմական հանցագործությունների, իսկ գլխավոր դատախազության աշխատակիցները՝ հայ ռազմագերիների եւ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, կեղծ քրեական գործեր հարուցելու եւ նախաքննության օրինականությունը չպահպանելու մեջ»:

Ենթադրյալ «պատժամիջոցային ցուցակն» առաջինը թելագրամ-ալիքում հրապարակել է «Թուրանի» վաշինգտոնյան թղթակից: Նա պարբերաբար մասնակցում է ԱՄՆ պետդեպարտամենտի կազմակերպած ճեպազրույցներին եւ մամուլի ասուլիսներին եւ, հավանաբար, որոշակի կապեր այդ գերատեսչությունում ունի: Նրա ,,ցուցակում,, ընդգրկված է ադրբեջանցի երկու բարձրաստիճան զինվորական՝ պաշտպանության նախարարի տեղակալ Միրզոեւ եւ հատուկ նշանակության զորախմբի առանձին բրիգադի հրամանատար Սալաեւ: Գեներալ Միրզոեւն ավելի վաղ զբաղեցրել է հատուկ նշանակության զորախմբի հրամանատարի պաշտոնը:

Արցախում էթնիկ զտումներից հետո գեներալ Միրզոեւը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ եւ պաշտոնապես բացահայտվել որպես «ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգային հերոս»: Քաղաքագետ Օրուջլին գտնում է, որ կոնգրեսականները «չպետք է պղծեն ադրբեջանական ժողովրդի զգացմունքները՝ նրա հերոսներին ճանաչելով պատերազմական հանցագործ»: Նա, ընդսմին, էթնիկ զտումների փաստը չի ժխտում, բայց համարում է, որ այդ ընթացքում «քաղաքացիական բնակչության կորուստները նվազագույն էին, իսկ սեպարատիզմի ոնչնացումն իշխանությունների սահմանադրական պարտքն է»:

Պետք է ենթադրել, որ բարձրաստիճան զինվորականներին պատերազմական հանցագործության մեջ մեղադրելու հավանականության մասին տեղեկություն ունի առաջին հերթին Ադրբեջանի իշխանությունը: Հակառակ դեպքում ոչ մի քաղաքագետ այդ մասին չէր հանդգնի բարձրաձայնել: Բայց որքանո՞վ է հավանական Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձեւի ընդունման հավանականությունը: Ակնհայտ է, որ կոնգրեսականները տիրապետում են հետախուզական բնույթի տեղեկության: Իսկ դա նշանակում է, որ օրենսդիրներին այն տրամադրել են պատկան գերատեսչությունները՝ Սպիտակ տան գիտությամբ կամ ուղղակի նախաձեռնությամբ:

Վաշինգտոնը մտադրված է բացահայտել քառասունչորսօրյա եւ մեկօրյա պատերազմի պատերազմական հանցագործների՞ն, թե տեղեկատվական արտահոսք է կազմակերպվում, որպեսզի Ալիեւը «ճիշտ կողմնորոշվի՞»: Հարցին միանշանակ դրական կամ բացասական պատասխան, կարծես, չկա: Այնուամենայնիվ, թեմայի հրապարակայնացումն ինչ-որ ազդանշան ունի: Մանավանդ որ գլխավոր դատախազության մոտ մեկ տասնյակ քննիչներ եւ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավորներ էլ մեղադրվում են հայ ռազմագերիների նկատմամբ ապօրինություններ եւ բռնություններ գործելու մեջ:

Քառասունչորսօրյա պատերազմի, Արցախի շրջափակման եւ պաշարման, այնտեղ էթնիկ զտումներ եւ բռնատեղահանություն կազմակերպելու վերաբերյալ ի՞նչ «թղթապանակ» ունի Վաշինգտոնը: Արդյոք միայն Վաշինգտոնն ունի՞: Դա բացառապես «ադրբեջանական թղթապանա՞կ» է, թե՞ այնտեղ ամփոխված են այլ երկրների վերաբերող հետախուզական վկայություններ եւս: Վաշինգտոնը գործանական քաղաքականության ռեժիմում դա օգտագործու՞մ է կամ ո՞ր դեպքում կօգտագործի, եթե առայժմ «բացահայտումներ անում է» տեղեկատվական արտահոսքերի միջոցով:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *