Հայաստան

Ադրբեջանին Ասում Են Ոչ

Անշուշտ, չափազանց վաղ է ասել, որ Եվրոպան ադրբեջանական «իրողությունները չի ընդունում»: Բայց երբ ԵԽԽՎ-ում Գերմանիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը, որ կանցլեր Շոլցի քաղաքական թիմն է ներկայացնում, վճռականորեն հայտարարում է, որ Ադրբեջանի ԵԽԽՎ վերադարձն «անհնարին է դարձել»- ուրեմն եվրոպական քաղաքական շրջանակներում ալիեւյան բռնապետության վերաբերյալ առնվազն քննարկումներ սկսվել են կամ մեկնարկում են:

Վահրամ Աթանեսյան

ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը

Մարդու իրավունքների պաշտպանության Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիր Անար Մամեդլիի ձերբակալությունն անհնարին է դարձնում Ադրբեջանի վերադարձը Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողով: Ադրբեջանը չի կարող այնտեղ վերադառնալ ոչ այժմ, ոչ եկող տարվա հունվարին,- սոցիալական X(նախկին Թվիթեր) ցանցի անձնական էջում գրել է ԵԽԽՎ-ում Գերմանիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբը: Շվաբը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հանդես էր եկել Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը քվեարկության իրավունքից զրկելու նախաձեռնությամբ: Խորհրդաժողովը մեկ տարով սառեցրել է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:

Դժվար է ասել, թե ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավարն ի՞նչ հիմքով է նման «վերջնագրային» տեսակետ հնչեցրել: Անար Մամեդլին Բաքվի կենտրոնական փողոցներից մեկում ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից առեւանգվել է երեկ: Հարազատները միայն հաջորդ օրն են իմացել, ընդ որում՝ ոչ պաշտոնական աղբյուրներից, որ նա գիշերն անցկացրել Բաքվի Խաթայիի շրջանի ոստիկանության ձերբակալված անձանց պահման մեկուսարանում: Երեկ երեկոյան ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Մամեդլիի եւ նրա ծնողների բնակարաններում: Ըստ տեղեկությունների, նրա բնակարանում «հայտնաբերվել է արտարժույթով խոշոր գումար»:

Մամեդլիի ձերբակալությանը բավական կոշտ արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտը: «Մենք Ադրբեջանի կառավարությունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող բոլոր անձանց» -ասված է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարությամբ: Սա, երեւի, առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանում «ապօրինի պահվող» անձինք կան եւ ուղղակի պահանջում, որ նրանք «անհապաղ ազատ արձակվեն»:

Ենթադրվում է, որ Ադրբեջանում շարունակվող եւ ահագնացող ապօրինությունները քննադատելու հարցում Միացյալ Նահանգներին կմիանան նաեւ Եվրամիության անդամ մի շարք երկրներ: Այդուհանդերձ, Ադրբեջանը Եվրոպայում ունի գործընկեր երկրներ, որոնց թվում, կարծես, առաջին «ջութակ» շարունակում է մնալ Հունգարիան: Ադրբեջանի էներգետիկ նախագծերի լոբբիստ է նաեւ Իտալիան, որ Բաքվի հետ նաեւ ռազմա-տեխնիկական լուրջ համագործակցություն ունի: Տնտեսական, էներգետիկ, կոմունիկացիոն շահերն, իհարկե, քաղաքականության մեջ որոշիչ են, բայց կա խնդրի մեկ այլ կողմ. եթե ԵԽԽՎ-ն, Եվրախորհրդարանը եւ մյուս կառույցները տեղի տան Ադրբեջանի «քմահաճություններին» եւ աչք փակեն բռնապետության հանդեպ, ապա չի՞ խարխլվի այն արժեհամակարգը, որի շուրջ համախմբված է Եվրոպան:

Ալիեւն արդեն դժգոհում է, որ Եվրոպայի ներդրումային բանկն իր պորտֆելից բացառել է արդյունահանվող էներգակիրների ծրագրերի ֆինանսավորումը, իսկ գնորդները չեն երաշխավորում, որ հինգ կամ տասը տարի անց չեն հրաժարվի ադրբեջանական գազից, եթե շուկայում ավելի մատչելի առաջարկություն լինի: Սա անուղղակի խոստովանություն է, որ Եվամիությունը քաղաքականություն է կիրառում: Մինչդեռ Ալիեւի ծրագիրն այն էր, որ «էներգետիկան քաղաքականություն է որոշում»: Ըստ այդմ, Եվրոպան «պետք է ընդուներ իրողություններն այնպես, ինչպես կան»:

Անշուշտ, չափազանց վաղ է ասել, որ Եվրոպան ադրբեջանական «իրողությունները չի ընդունում»: Բայց երբ ԵԽԽՎ-ում Գերմանիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը, որ կանցլեր Շոլցի քաղաքական թիմն է ներկայացնում, վճռականորեն հայտարարում է, որ Ադրբեջանի ԵԽԽՎ վերադարձն «անհնարին է դարձել»- ուրեմն եվրոպական քաղաքական շրջանակներում ալիեւյան բռնապետության վերաբերյալ առնվազն քննարկումներ սկսվել են կամ մեկնարկում են: Ի՞նչ կտան դրանք: Գործնականում՝ ամենայն հավանակությամբ՝ քիչ բան: Բայց մեծ քաղաքականության մեջ «քիչը» շատ հարաբերական է: Հայտնի է դարձել, որ խորհրդատվությունների համար Փարիզ հրավիրված՝ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը վերադարձել եւ անցել է պարտականությունների կատարմանը: Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ ֆրանսիական Total energy ընկերությունը «մոտ ապագայում Ադրբեջանից կհեռանա»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *