Հայաստան

Եկեղեցու Պահանջն Ու Նահանջը

Միեւնույն ժամանակ, ՀԳԽ հայտարարության մեջ շարունակում է բաց մնալ հարցը, թե առկա շարժումն ու դրա ծավալումը ինչ առարկայական նպատակ են հետապնդում։

Հակոբ Բադալյան

Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը արել է հայտարարություն, որում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, արել է մի քանի էական շեշտադրում: Նախ, անթույլատրելի համարելով Տավուշում տեղի ունեցող սահմանագծման եւ սահմանազատման «անվան ներքո» գործընթացը՝ այն իրականում բնորոշելով միակողմանի տարածքային զիջում, Գերագույն Հոգեւոր խորհուրդը նշում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի կարեւորությունը: «Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում», ասվում է ԳՀԽ հայտարարությունում:

Սա կարեւոր է, արձանագրելու համար, որ Տավուշից ծավալվող շարժումը բոլորովին էլ առավելապաշտական, կամ ինչպես ընդունված է բնորոշել այդպիսի դեպքերում՝ «ոչմիթիզական» չէ: Սա կարեւոր է այն տեսանկյունից, թե Հայաստանում առկա ներքաղաքական-հասարակական վիճակը ինչ ընկալման պետք է արժանանա արտաքին դերակատարների շրջանում: Գործնականում, խոսքը սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը հենց այն հավասարակշռվածության եւ միջազգային սկզբունքների ու կարգի վրա անցկացնելու մասին է, ինչին պարբերաբար հղում են անում հենց միջազգային տարբեր դերակատարները: Մյուս էական հանգամանքը այն, որ ԳՀԽ կոչ է անում թե քաղաքական իշխանությանը, թե ծավալված շարժման մասնակիցներին՝ մնալ բացառապես խաղաղ վարքագծի եւ օրենքի շրջանակում: Սա ըստ էության բոլոր այն սուբյեկտների պարտքն է՝ անկախ նրանց կարգավիճակից, որոնք առաջնորդվում են Հայաստանի հանրապետության պետական շահով եւ ազգային անվտանգությամբ: Մյուս էական հանգամանքը այն է, որ ԳՀԽ ազդարարում է եկեղեցու քաղաքական հավակնության բացակայությունը:

Սա եւս, թե ներքին կարեւոր ազդակ է, թե արտաքին: Այսինքն, Հայաստանում չի դրվում քաղաքական կարգը չեղարկելու խնդիր, այլ խնդիրը քաղաքական կարգի՝ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով անկենսունակության պայմաններում, աշխարհաքաղաքական անկայունության եւ ռեգիոնալ բարդ իրավիճակի պայմաններում, Ադրբեջանի առավելապաշտ դիրքորոշումների պայմաններում, օբյեկտիվորեն գոյություն ունեցող հասարակական տրամադրությունները, զգացումները, տագնապները, անհանգստությունները, մտահոգությունները կառավարելն ու դրանք հնարավորինս ընդգրկուն արտահայտելն է, ի շահ Հայաստանի հանրապետության կենսունակության:

Ու դարձյալ՝ հղվելով հենց նույն միջազգային իրավունքի կարեւոր սկզբունքների վրա, րոնց հանրագումարային իմաաստը հավասարակշռված խաղաղ գործընթացների ապահովումն է կոնֆլիկտող որեւէ կողմերի միջեւ, եթե նպատակը խաղաղությունն է: Միեւնույն ժամանակ, ՀԳԽ հայտարարության մեջ շարունակում է բաց մնալ հարցը, թե առկա շարժումն ու դրա ծավալումը ինչ առարկայական նպատակ են հետապնդում՝ եթե իշխանությունը հետ չի կանգնում իր մոտեցումներից (իսկ վարչապետ Փաշինյանի ասուլիսը ըստ էության դրա մասին էր), եւ բովանդակային ու տեխնիկական ինչ կոմունիկացիա են ենթադրում քաղաքականության հետ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *