Հայաստան

Էական Փոփոխություններ Ռուսաստանում

Ամենից էականն այն է, որ ԱԽ քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո, Նիկոլայ Պատրուշեւը՝ ռուսական ներկայիս վերնախավի այսպես ասած ամենահզոր գործիչներից մեկը, դեռեւս չի նշանակվել որեւէ պաշտոնի, իսկ Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ նրա նոր նշանակման հարցը պարզ կլինի առաջիկա օրերին:

Հակոբ Բադալյան

Ռուսաստանում նախօրեին տեղի են ունեցել բավականին նշանակալի իրադարձություններ՝ նոր կառավարության ձեւավորման համատեքստում: Դրանցից ամմենաաղմկոտները թերեւս այն են, որ պաշտպանության նախարարի պաշտոնը լքել է Շոյգուն, իսկ Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը՝ Պատրուշեւը: Երկու այս գործիչները յուրովի համարվում են Պուտինի մերձավոր շրջապատի անձինք: Շոյգուն նշանակվել է Պատրուշեւի փոխարեն՝ ԱԽ քարտուղար: Սա եւս առանցքային կարգավիճակ է, բայց կասկածից վեր է, որ նա հեռացվել է առավել ընդգրկուն կարգավիճակից՝ պաշտպանության նախարարից, որը ենթադրում է ոչ միայն ուժային հսկա կառույցի ղեկավարություն, այլ նաեւ ներկայիս իրավիճակում՝ ահռելի ֆինանսական հոսքեր: Շոյգուն փաստորեն հեռացվել է անմիջականորեն այդ հոսքերին առնչվելուց:

Ի դեպ այդ համատեքստում ուշադրոության է արժանի այն, որ Պուտինի երդմնակալությունից օրեր առաջ տեղի ունեցավ Շոյգուի տեղակալի ձերբակալություն՝ կոռուպցիոն գործով, կապված ռազմաարդյունաբերական պատվերների հետ: Հենց այդ ժամանակ դա նշմարվեց որպես հարված հենց Շոյգուին: Հնարավոր է, որ Շոյգուն ինքը դեմ է եղել ՊՆ-ն թողնելուն, սակայն քրգործը նրա տեղակալի հանդեպ «լուծել» է հարցը: Նրա փոխարեն պաշտպանության նախարար է նշանակվել Անրեյ Բելաուսովը, որը մինչ այդ փոխվարչապետ էր, իսկ դրանից առաջ էլ եղել է Պուտինի օգնականը:

Այսինքն, նա եւս Պուտինի համար վստահելի անձ է: Ամենից ուշագրավն այն է սակայն, որ Բելաուսովը ուժային չէ, այլ գիտնական՝ տնտեսագետ: Սա նշանակում է, որ պաշտպանության նախարարության հարցում Պուտինը էապես բարձրացնում է այդ կառույցի «տնտեսահեն» նշանակությունը, զուգահեռ՝ ռազմական առումով բարձրացնելով թերեւս գլխավոր շտաբի դերը: Սա նշանակու՞մ է արդյոք, որ գլխավոր շտաբից են եղել Շոյգուի հասցեին դժգոհություններ, առ այն, որ նա խանգարում է ռազմական էֆեկտիվությանը: Դժվար է ասել, սակայն ԳՇ պետ Գերասիմովը պահպանել է իր պաշտոնը: Ի դեպ, ուշագրավ է, թե անվտանգության խորհրդի «կաթսայում» ինչպես են համատեղ եփվելու Շոյգուի եւ նախկին վարչապետ Դմմիտրի Մեդվեդեւի «գլուխները»:

Ամենից էականն այն է, որ ԱԽ քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո, Նիկոլայ Պատրուշեւը՝ ռուսական ներկայիս վերնախավի այսպես ասած ամենահզոր գործիչներից մեկը, դեռեւս չի նշանակվել որեւէ պաշտոնի, իսկ Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ նրա նոր նշանակման հարցը պարզ կլինի առաջիկա օրերին: Սա կարող է նշանակել երկու բան՝ կամ Պատրուշեւը անցնելու է այսպես ասած «վաստակած թոշակի», կամ նրա համար պատրաստվում է կառուցվածքային փոփոխություն եւ նա կգլխավորի մի նոր կառույց, որը ռուսաստանյան պետական համակարգում կունենա առանցքային դեր: Ի դեպ, Պուտինը պաշտոնի բարձրացում է ապահովել Պատրուշեւի որդու՝ մինչ այդ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշեւի համար:

Նա արդեն ոչ թե նախարար է, այլ փոխվարչապետ: Մեծ հաշվով, Պուտինն իր նախագահական նոր ժամկետի համար ձեւավորել է ոչ թե նոր կառավարություն, կամ նոր վերնախավ, այլ՝ հին վերնախավի նոր դասավորություն: Սակայն, դրանք թերեւս ոչ թե կոսմետիկ, այլ էական վերադասավորումներ են, որոնք վկայում են ռուսական վերնախավում շարունակվող էլիտաների պայքարի մասին: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու բազմիցս, այդ պայքարը առնչվելու է նաեւ Հայաստանին, իհարկե ոչ իբրեւ բացառություն:: Առնչվելու է բոլոր այն ուղղություններին, որոնք ՌԴ-ն իր համար դիտարկում է ռազմավարական: Մեծ հաշվով, առկա իրողությունների դրսեւորումը նկատելի էր նաեւ մայիսի 8-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպմանը: Ակնառու էր, որ հանդիպմանը «լեգիտիմ» էր դիտվել կողմերի մարտավարական տարակարծությունների հանգամանքը, միաժամանակ արձաագրվել էր ռազմավարական պայմանավորվածությունների «լեգիտիմությունը»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *