Իզուր չէ, որ Չարենցը իր բանաստեղծության մեջ գրել է որ հայ ժողովրդի փրկությունը իր հավաքական ուժի մեջ է, իսկ հավաքական ուժը բռունցք է, այսինքն տարբեր ուժեր համախմբվում են մեկ նպատակի ու գաղափարի շուրջ։ Բռունցք, որը տարբեր մատներից է կազմված, իսկ եթե մատները միանման լինեն, դա բռունցք չի լինի։
Ռուբեն Բաբայան
Պետրոս Ղազարյանի հյուրն է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։
Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով Երևանում ընթացող բողոքի ցույցերին, այն կարծիքը հայտնեց, որ այդ ցույցերի մտահոգությունները չեն սահմանափակվում Կիրանցի կամ մեկ երկու գյուղի սահմանազատման խնդրով։ Նախապես շարժումը խոսում էր գյուղերի սահմանազատման մասին, իսկ երբ եկան Երևան՝ մեկ ժամ տվեցին վարչապետին հրաժարականի համար, իսկ հիմա էլ խուսում են ԵՄ-ին չանդամակցելու մասին։ Տպավորություն է, որ այս ամենը նպատակ ունի խանգարել Հայաստանի եվրաինտեգրումը։ Եվրաինտեգրումից խուսափելը նշանակում էնորից հետ գնալ այն իրավիճակին, որը մեզ որպես պետություն կքանդի, իսկ որպես էթնոս՝ մի քանի տասնամյակ կամ հարյուրամյակ հետո կոչնչացնի։
Ռեժիսորը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նորմալ է, որ մտավորականությանը բաժանանեն իրարից, որ դու եթե կանգնած ես այստեղ, ուրեմն ընդդիմադիր մտավորական ես, եթե այնտեղ, ուրեմն՝ ոչ, ասաց, որ դա աննորմալ երևույթ է, ու ընդհանրապես ոչ միայն մտավորականությանը, այլ հասարակությանն ընդհանրապես պետք չէ նման բաժանումների առաջ կանգնեցնել։ Ինչ վերաբերում է նրանց, որ ցույցերը բնորոշվում են որպես ապաքաղաքական, դա այնդպես չէ, քանի որ երբ ընթանում է քաղաքական պահանջներ առաջ քաշող շարժում, ապա դա ինքնին դառնում է քաղաքական։ Կարևոր չէ, որ ցույցի մասնակցողը ատամնաբույժ է կամ այլ մասնագիտության ներկայացուցիչ, կարևորն այն է, թե ինչ են խոսում, ինչ պահանջներ են առաջ քաշում։ Իսկ այն ինչ հիմա խոսում են, կոնկրետ քաղաքական պահանջ է։ Բացի դրանից, այս պահին բողոքի ցույցերի շարքերում երևում են մարդիկ, ուժեր, որոնց խոսույթում միշտ եղել է անկախությունը բացարձակ արժեք չհամարելը, այլ պետության կազմում լինելը։
Մեզ ոչ թե միասնություն, այլ համախմբվածություն է պետք։ Իզուր չէ, որ Չարենցը իր բանաստեղծության մեջ գրել է որ հայ ժողովրդի փրկությունը իր հավաքական ուժի մեջ է, իսկ հավաքական ուժը բռունցք է, այսինքն տարբեր ուժեր համախմբվում են մեկ նպատակի ու գաղափարի շուրջ։ Բռունցք, որը տարբեր մատներից է կազմված, իսկ եթե մատները միանման լինեն, դա բռունցք չի լինի։
Երբ խոսում են, ասում են հայրենիք, աստված, հայ, ինքնության ճգնաժամ, հարկավոր է հասկանալ, որ աշխարհի հետ հնարավոր չէ հարաբերվել, երբ քո խոսույթում չկա որոշակիացում և կանոնակարգում։ 21-րդ դարում հնարավոր չէ խոսել միջնադարյան տերմիններով, մեկին սատանայի մարդ համարել, իսկ մյուսին՝ աստծո։ Եվ բացի դրանից, ո՞վ կարող է իր վրա նման բարդ պատասխանատվություն վերցնել և բացարձակ ճշմարտության մասին խոսել։ Նման բաժանումներից հետո ո՞ւր է մնալու այն քրիստոնեական սերը, որի մասին լսում ենք առավոտից երեկո։ Այդ սերը պետք չէ դատարկ բառերով փչացնել, այլ պետք է ցույց տալ գործով։
Անդրադառնալով մշտապես փրկիչ փնտրելուն՝ Բաբայանն ասաց, որ փրկիչ պետք է վախկոտին։ Փրկիչ փնտրում է նա, ով վախենում է։ Այո՛, վախը հասկանալի երևույթ է, բայց մեկ բան է օբյեկտիվ իրականությունից ծնվող վախը, մեկ այլ բան է, երբ քեզ մշտապես ստիպում են վախի մեջ մնալ, որ հետո գան քեզ փրկեն։
Ինչ վերաբերում է սահմանազատմանը, ապա ռեժիսորը վերհիշեց, որ իր քեռին երկար ժամանակ աշխատել է ԽՍՀՄ-Թուրքիա սահմանագծման աշխատանքների վար և դա սիրողական զբաղմունք չէ, դա արդար կամ անարդար չէ, այլ մասնագիտություն, լուրջ ու ծանրակշիռ մասնագիտություն և հարկ է, որ մենք էլ մեր շուրջ ընթացող գործողություններին վերաբերվենք մասնագիտական լրջությամբ, ոչ թե զուտ էմոցիայով ու վատ բեմադրված ներկայացումներով։
Տեսանյութը՝