Հայաստան

Թուրքական Երազանքի Բրենդը

Կասկածից վեր է, որ Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունն ու մասնավորապես դրա առաջնորդական աներկբա հավակնորդ Թուրքիան հիանալի պատկերացնում են այդ ամենը եւ ձգտելու են այդ համադրվածության կամ ներդաշնակության՝ տնտեսություն-քաղաքականություն-անվտանգություն:

Հակոբ Բադալյան

Թուրանի պատրաստ ապրանքանիշը

Ադրբեջանի Ֆրենչայզինգի ասոցիացիայի ղեկավար Մովսուդովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ Ղազախստանում մայիսի 22-ին ստեղծվել է Made in Turan ապրանքանիշը: Ըստ նրա, այդ ապրանքանիշի նպատակը թյուրքական աշխարհի ճանաչելիության բարձրացումն ու տնտեսական ուժի ամրացումն է: Նախատեսվում է, որ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երկրները կանցնեն միասնական այդ ապրանքանիշի կիրառման: Միասնական այդ ապրանքանիշը անշուշտ միայն առերեւույթ է տնտեսական նշանակության: Ժամանակակից աշխարհում տնտեսությունն ու քաղաքականությունը անբաժանելի երկվորյակներ են, եւ ավելին՝ տնտեսությունն ու ռազմա-քաղաքականությունը:

Գործնականում, ինչպես ցույց է տվել միջազգային հարաբերությունների պատմությունը, տնտեսակկան միասնական նախագծերի կենսունակությունն ապահովելու համար վաղ, թե ուշ պահանջվում է համարժեք ռազմա-քաղաքական նախագծերի եւ հաղորդակցության ապահովում: Երբ չկա այդ ներդաշնակությունը, գործնականում ժամանակի ընթացքում խնդիրներ են առաջանում թե տնտեսական ձեւաչափերի, թե նաեւ ռազմա-քաղաքական ձեւաչափերի պարագայում: Կասկածից վեր է, որ Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունն ու մասնավորապես դրա առաջնորդական աներկբա հավակնորդ Թուրքիան հիանալի պատկերացնում են այդ ամենը եւ ձգտելու են այդ համադրվածության կամ ներդաշնակության՝ տնտեսություն-քաղաքականություն-անվտանգություն:

Բարդ չէ պատկերացնել, թե օրինակ ինչ է նշանակում կամ նշանակելու դա Կովկասի համար: Միասնական ապրանքանիշն առաջին քայլերից մեկն է, որը ինքնին լինելով զուտ մարկետինգային տրամաբանության գործողություն, բավականին պարզորոշ ի ցույց է դնում ռազմավարական նպատակներն ու հայեցակարգերը: Այս թեման հաճախ դիտարկվում կամ ընկալվում է այսպես ասած սարսափազդու տրամաբանությամբ, այլ կերպ ասած՝ Թուրանի թուրքական ռազմավարության վերաբերյալ խոսակցությունները դիտարկվում են իբրեւ հայ ժողովրդի, հայաստանյան հասարակության ահաբեկման եւ այդ կերպ ենթարկեցնելու գործիք:

Առավել եւս, որ Թուրանի գաղափարի պատմա-քաղաքական արմատները մեղմ ասած միարժեք չեն, այլ թերեւս բազմաշերտ երեւույթ են: Սակայն, կա ներկան, իր բավականին պարզորոշ ուրվագծերով ու հեռանկարներով, ու դրան պատասխան փնտրել հարյուրամյա անցյալում, թերեւս օպտիմալ ճանապարհը չէ, քանի որ այսօր գոյություն ունեցող իրողությունները որքան նման են անցյալի պատկերին, այդքան էլ թերեւս ունեն էապես նոր տարրեր, որոնք բերում են էական տարբերություններ՝ եղած նմանություններին զուգահեռ, հետեւաբար ձեււավորում են օրգանապես նոր պատկեր: Եվ այդտեղ պետք է ոչ թե սարսափել, այլ պարզապես մտորել մարտահրավերների, եւ դրանց արձագանքելու համար անհրաժեշտ լուծումների շուրջ:

Հոդվածը՝ 1in.amկայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *