Հայաստան

Բաքուն Իր «Ոճի» Մեջ Է

Հայկական դիվանագիտությունը, որքանով կռահվում է, ձգտում է միջազգային աջակցություն համախմբել, որպեսզի տեղի ունեցածը գնահատավի որպես միջպետական սահմանի այդ՝ 12,7կմ. հատվածի օրինական վերականգնում, որից մեկ մետր շեղումը պետք է ճանաչվի Հայաստանի սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիա:

Վահրամ Աթանեսյան

Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւի գրասենյակի մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ մայիսի 24-ին «Բաղանիս Այրում, Աղաղը ԱՍքիփարա, Խեյրիմլի եւ Գըզլհաջիլի գյուղերի տարածքները վերցվել են Ադրբեջանական Հանրապետության Պետական սահմանապահ ծառայության վերահսկողության տակ» Նույն տեղում, ճիշտ է, ասվում է, որ դա տեղի է ունեցել սահմանազատման աշխատանքների արդյունքում, որ վերաբերվել են 12,7 կիլոմետր ընդհանուր երկարաթյամբ հատվածին, բայց առաջին նախադասության տոնայնությունը Բաքվի «ոճի» մեջ է:

Կարելի է, թերեւս, լավատես լինել եւ ասել, որ Ալիեւը ներքին լսարանին ներշնչում է, որ «ամեն ինչ տեղի է ունենում Ադրբեջանի թելադրած պայմաններով» – բայց հայ-ադրբեջանական շփման գծի այդ հատվածում սահմանազատման նկատմամբ արտաքին ուշադրությունը չափազանց մեծ է, ուստի տպավորություն է ստեղծվում, թե Բաքուն տեղեկատվական ֆոն է ստեղծում, որ «արտակարգ ոչինչ տեղի չի ունեցել, Ադրբեջանն իրավունքի ուժով ստացել է այն, ինչ պատկանում է իրեն, թեեւ կարող էր դրան հասնել ուժի կիրառմամբ»:

Այս «ենթատեքստային» նարատիվը չափազանց զգուշացնող է: Նույն օրը Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ամբողջ սահմանն անցնում է սահմանապահ զորքերի հսկողությանը, բայց մենք չգիտենք, թե հակառակ կողմում ինչ է նախապատրաստվում: Ադրբեջանը հեռացնելու՞ է հատուկ նշանակության զորախմբերը, որ տեղաբաշխված են Սոթքից մինչեւ Ներքին Հանդ եւ Կապանի օդանավակայան: Ռազմական հետախուզությունը, ԱԱԾ –ն, ամենայն հավանականությամբ, իրազեկ են, թե ինչ իրավիճակ է սահմանի մյուս կողմում:

Խնդիրն այն է, թե սահմանազատման հարցն ի՞նչ մակարդակում է քննարկվում: Այլ հատվածներում եւս պետական սահմանի վերականգնման աշխատանքներ են ընթանալու, ի՞նչ փաստաթուղթ է մշակվում, որ պետք է ներկայացվի կողմերի խորհրդարանների վավերացմանը: Ադրբեջանում, դատելով Բաքվի մամուլի հրապարակումներից, մոտ ժամանակներս կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ կանխատեսումների, դրանք կանցկացվեն հուլիս-օգոստոսին:

Սա ենթադրու՞մ է, որ մինչ այդ սահմանազատման «հիմունքների մասին» փաստաթուղթն Ադրբեջանում խորհրդարանական վավերացում չի անցնի: Բաքուն մտադրված է ընդհանուր սահմանազատմանն անդրադառնալ «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից հետո՞: Այսինքն, կարող ենք ունենալ իրավիճակ, երբ Հայաստանը «խաղաղության համաձայնագիր սկտորագրի՝ չունենալով Ադրբեջանի կողմից իրավաբանորեն ճանաչված հյուսիս-արեւելյան սահմա՞ն»: Թե հնարավոր է նախ խորհրդարանական վավերցմամբ վերականգնել սահմանը, ապա նոր գնալ «խաղաղության համաձայնագրի ստորագրմա՞ն»:

Տավուշ-Ղազախ հատվածի սահմանազատման գոնե ֆորմալ միջնորդ չկա, հետեւաբար չունենք նաեւ երրորդ կողմից երաշխավորություն: Եւ այստեղ գերկարեւոր է քաղաքական խոսույթը. Ադրբեջանը եւ Հայաստանը փոխադարձ համաձայնությամբ սահմանազատումն սկսել են այդ հատվածի՞ց, թե Ադրբեջանը ստացել է «հասանելի՞քը»: Բաքուն, ինչպես հասկացվում է Շահին Մուստաֆաեւի գրասենյակի հաղորդագրությունից, զարգացնում է երկրորդ «պոստուլատը»: Դրան աջակցում է նաեւ Անկարան:

Հայկական դիվանագիտությունը, որքանով կռահվում է, ձգտում է միջազգային աջակցություն համախմբել, որպեսզի տեղի ունեցածը գնահատավի որպես միջպետական սահմանի այդ՝ 12,7կմ. հատվածի օրինական վերականգնում, որից մեկ մետր շեղումը պետք է ճանաչվի Հայաստանի սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիա: Բայց նախ՝ որքանո՞վ է դա միջազգայնորն «պաշտպանված» կամ «աջակցված»՝ պարզ չէ: Երկրորդ, Ադրբեջանի պարտավորվածությունը հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի նկատմա՞մբ է: Այսինքն, 2021թ. մայիսին, 2022թ. սեպտեմբերին, առաջին պատերազմի տարիներին Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում սահմանազատումն ի՞նչ հիմքով է իրականացվելու:

Բաքուն «ոճի» մեջ է: Սահմանի մի հատվածի լեգիտիմությունը չի բացառում այլ «վիճելի» տեղերում էսկալացիան, քանի դեռ չկա իրավական ուժ ունեցող համաձայնություն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը վերականգնում են 1991թ. դեկտեմբերի 21-ին փոխադարձաբար ինքնիշխան ճանաչված սահմանները:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *