Հայաստան

Սուվերենության Խնդիր Ունե՞նք

«Ընտրությունը ձերն է, մենք միայն խորհուրդ ենք տալիս լինել Եվրոպայի ճանապարհի ուղեւոր»-սա է Վրաստանի իշխանություններին եւ ժողովրդին Ֆրանսիայի նախագահի ուղերրձը:

Վահրամ Աթանեսյան

Հայաստանը ինքնիշխան սուբյեկտության պահպանման խնդիր ունի՞

Apsny.ge-ն փոխանցում է անկախության օրվա առթիվ Վրաստանի վարչապետ Կոբախիձեի ուղերձը, որտեղ նա ընդգծել է, որ կառավարությանը հաջողվել է վերջին երկու տարում երկիրը զերծ պահել փորձություններից՝ «չնայած էքզիստենցիալ սպառնալիքներին եւ դավաճանություններին, այդ թվում՝ նախագահի կողմից»: Իր հերթին նախագահ Զուրաբիշվիլին քննադատել է կառավարությանը եւ հայտարարել, որ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները պետք է որոշեն Վրաստանի ճանապարհը՝ «դեպի արեւմտյան քաղաքակրթությու՞ն, թե՞՝ Ռուսաստան»:

Որ Վրաստանում «արշալույսները խաղաղ չեն»՝ հասկանալի էր «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի շուրջ ներքաղաքական լարվածությունից ամիսներ առաջ, երբ նախկին վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Արեւմուտքն ստիպում Ռուսաստանի «դեմ երկրորդ ճակատ բացել» եւ պարզորոշ ասաց, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը մերժել է: Ավելի սուր հակասություններ բացահայտեց գործող վարչապետ Կոբախիձեն՝ Եվրամիության հանձնակատարներից մեկին մեղադրելով, որ իրեն սպառնացել է Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի ճակատագրով:

Վրաստանի անկախության օրվա առթիվ պաշտոնական Թբիլիսին շնորհավորանքներ է ստացել եվրոպական երկրներից եւ Միացյալ Նահանգներից: Ֆրանսիայի նախագահի անունից տարածված ուղերձում, մասնավորապես, ասվում է, որ «Վրաստանն ինքը պետք է ընտրի սեփական ճանապարհը»-բայց անմիջապես էլ ընֆգծված է, որ եվրոպականն «օրենքի խոստման, ժողովրդավարության եւ երկխոսության, հուսալի եւ քաղաքակիրթ գործընկերության շրջանակներում ընդհանուր բարգավաճման ճանապարհ է»:

«Ընտրությունը ձերն է, մենք միայն խորհուրդ ենք տալիս լինել Եվրոպայի ճանապարհի ուղեւոր»-սա է Վրաստանի իշխանություններին եւ ժողովրդին Ֆրանսիայի նախագահի ուղերրձը: Իսկ ահա այդ հարցում Միացյալ Նահանգները չափազանց ուշագրավ չեզոքություն է դրսեւորել. «Անկախության օրվա առթիվ շնորհավորում ենք Վրաստանին: Մաղթում ենք երջանիկ տոնել այդքան դժվարությամբ նվաճած ազատության եւ անկախության օրը: Միացյալ Նահանգները շարունակում է ամուր սատարել Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»- ասված է նախագահ Բայդենի անունից Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան տարածած ուղերձում:

Վրաստանի ներքաղաքական իրավիճակի, նրա ընտրության մասին ոչինչ չասելով, անգամ որեւէ ակնարկ չանելով՝ Վաշինգտոնն իրեն դու՞րս է դնում «Վրաստանի համար աշխարհաքաղաքական մրցակցությունից»: Համարում է, որ դա Եվրամիությա՞ն խնդիրն է, Բրյուսե՞լը պիտի Թբիլիսին «կարողանա պահել եվրաատլանտյան ուղեծրում»: Հնարավոր է: Այդուհանդերձ, տպավորություն է, թե Միացյալ Նահանգները ներվրացական դիմակայությանը, Թբիլիսի-Բրյուսել «փոխհրաձգությանը» խորքային-աշխարհաքաղաքական կարեւորություն չի տալիս:

Ի վերջո, ռազմա-աշխարհաքաղաքական «կադաստրի վկայականով» չկա Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան, չկա նույնիսկ Հարավային Կովկաս: Խոշոր խաղացողների սահմանմամբ՝ գոյություն ունի Սեւծովյան-Կասպյան ռեգիոն, որ Արեւելյան Եվրոպայից հասնում է Մերձավոր Արեւելք եւ Կենտրոնական Ասիա: Եւ այն կամ եվրաատլանտյան կլինի, կամ՝ եվրասիական: Ամեն ինչ որոշվում է ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմում:

«Մեզ Եվրամիություն չեն ընդունի, մենք մուսուլմանական երկիր ենք»-հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իսկ դա նշանակում է, որ Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանը եվրաատլանտյան աշխարհի «մաս չի լինի»: Համենայն դեպս, Ալիեւը դա է ասում: ԱՄՆ-ը Վրաստանը «կհանձնի՞ Ռուսաստանի տնօրինությանը»: Իսկ Հայաստանը ոչ թե աշխարհաքաղաքական ընտրության, այլ ինքնիշխան սուբյեկտության պահպանման խնդիր ունի՞:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *