Մեր ներկայի գլխավոր խնդիրն այն է, որ չունենք լուծումների ներքին ինստիտուցիոնալացված «ինդուստրիա»: Ավելին, դա չունենք, դրա համար էլ անընդհատ նետվում ենք անցյալ կամ ապագա՝ լուծումներ փնտրելու:
Հակոբ Բադալյան
Առաջին հանրապետության տարեդարձի օրերը Հայաստանում որոշակի ժամանակից ի վեր, եւ թերեւս հատկապես 44-օրյա պատերազմից հետո, դարձել են առավելապես համեմատության օրեր, երբ ուժգնանում են այսօրվա եւ 20-րդ դարասկզբի իրավիճակների համեմատությունները: Բազմիցս ասել եմ, որ, ինչքան այդ իրավիճակները նման են շոշափելի իրողություններով, անգամ կրկնվում են գրեթե նույնությամբ, այդքան այսօր կան համաշխարհային մասշտաբի տարբերություններ, թե աշխարհաքաղաքական, թե տեխնոլոգիական:
Նույնն է մի բան՝ աշխարհի ուժեղները շարունակում են կռիվը աշխարհի բաժանման, ազդեցության գոտիների եւ ռեսուրսների համար: Սակայն, պատմությունը մեզ հետ չար կատակ կարող է խաղալ, եթե ներկայի անելիքները մենք չափենք առավելապես պատմության ելակետերով: Իսկ մեզ հետ տեղի է ունենում ըստ էության հենց դա: Մենք ներկային նայում ենք կամ երեւակայական, ուռահայրենասիրական եւ իրականությունից կտրված ապագայի բարձրունքներից, կամ անցյալի խորքերից՝ առավելապես տրագիկ ու տխրադեմ մտահոգությունների ներքո:
Երկու այդ ծայրահեղությունների մեջ մենք կորցնում ենք ներկան, եւ դրա հետեւանքով էլ ներկայում պարբերաբար կորցնում ենք: Առաջին հանրապետության, Սաևդարապատի հերոսամարտի տարեդարձը մեզ համար անշուշտ պետք է լինի թե պատմական դասի առիթ, թե նաեւ պետական ոգեղենության, ազգային արժանապատվության: Բայց, այդ դասերով ու ոգեղենությամբ հանդերձ, մենք պետք է մեր սառը լուծումները փնտրենք ներկայում, թե ներքին սառը ու սթափ լուծումները, թե արտաքին:
Մենք անընդհատ մղվում ենք հարյուր տարի, կամ որեւէ թվաբանական ելակետով դեպի անցյալ, որոնում ենք ինչ որ ելքեր աշխարհաքաղաքականության անցյալի խաչմերուկներում, բայց անտեսում մի բան՝ մեր ներկայի գլխավոր խնդիրն այն է, որ չունենք լուծումների ներքին ինստիտուցիոնալացված «ինդուստրիա»: Ավելին, դա չունենք, դրա համար էլ անընդհատ նետվում ենք անցյալ կամ ապագա՝ լուծումներ փնտրելու:
Մինչդեռ բոլոր հաջողված, առաջադեմ հասարակություններն ու պետությունները հաջողել են հենց այն պատճառով, որ իրենց համար մարտավարական եւ ռազմավարական հաջողությունների նախադրյալները փնտրել են նախ իրենց ներհասարակական, ներպետական հարաբերությունների արդիականության եւ արդյունավետության դաշտում, հետո նոր դրա վրա կառուցել արդեն արտաքին հարաբերությունների ճկուն եւ արդյունավետ համակարգերը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։