Հայաստան

Լավրով Պլան Բ

Բագրատ Գալստանյանը վաղուց աշխատում է եկեղեցու վարկանիշի դեմ, և ես ցավով եմ նշում՝ ինձ համար սա անընդունելի է: Ինձ մոտ տպավորություն է, որ նրանց հիմնական առաքելությունը տոտալ արժեզրկումն է այն ամեն ինչի, ինչին դիպչում են:

Դավիթ Ստեփանյան

Երևի փող են վերցրել, հաշվետվություն են տալիս՝ փողոց փակեցինք, գնացինք ամառանոց, տակից պիտի դուրս գան. Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի գնահատմամբ՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի շարժումը չունի ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ քաղաքական ռացիոնալիզմ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ստեփանյանը մանրամասնում է, թե ինչու է այդ կարծիքին:

«Երբ ժողովրդին հրապարակից տանում ես Փաշինյանի ամառանոց, ընդ որում՝ լավ գիտես, որ նա այդտեղ չէ, աղետի գոտում է, (ի դեպ, դու էլ պիտի այնտեղ լինեիր, եթե քեզ կարգում ես որպես ընդդիմության առաջնորդ, վարչապետի թեկնածու), ասում՝ մենք կանգնելու ենք այստեղ այնքան՝ մինչև Փաշինյանը դուրս չգա, դրանից 1-2 ժամ հետո ժողովրդին հավաքում ու գնում ես Հանրապետության հրապարակ, սա անտրամաբանական է, որովհետև, եթե դու քաղաքական գործիչ ես, պետք է գործես տրամաբանությամբ, և քո խոսքը պետք է արժեք ունենա: Եթե մի բան ես հայտարարում, 1 ժամ հետո ասում լրիվ այլ բան, նշանակում է, որ արժեզրկում ես ինքդ քեզ՝ որպես քաղաքական գործիչ և արժեզրկում այն շարժումը, որը ղեկավարում ես»,- ասում է նա:

Ստեփանյանի խոսքով՝ հենց շարժման առաջին օրն է ասել, որ այն անհեռանկարային է, որովհետև չունի օրակարգ:

«Ես, օրինակ, չեմ հասկանում, թե իրենք ինչ են ուզում. ձգտում է հասնել իշխանափոխության, բայց ոտքին և սեփական շարժման ոտքին կրակելով: Բագրատ Գալստանյանը վաղուց աշխատում է եկեղեցու վարկանիշի դեմ, և ես ցավով եմ նշում՝ ինձ համար սա անընդունելի է: Ինձ մոտ տպավորություն է, որ նրանց հիմնական առաքելությունը տոտալ արժեզրկումն է այն ամեն ինչի, ինչին դիպչում են: Սա խնդիր է, եկեղեցու հոգևոր հայրերը աշխատում են եկեղեցու իմիջի դեմ, այս խեղկատակությունը, որի անունը դրվել է «շարժում», «փրկիչներ», «սրբազան», եկեղեցուն շատ ծանր հարված է հասցնում»,- կարծում է նա:

Ստեփանյանը նկատում է՝ թեև պարբերաբար փորձ է արվում շարժումը համեմատել և զուգահեռներ անցկացնել 2018 թվականի «Թավշյա հեղափոխության» հետ, այնուամենայնիվ, իրավիճակը շատ տարբեր է. «Այսօր չկա ամենակարևորը՝ չեն արտացոլում հասարակական պահանջը, այլապես երեկ հրապարակում կլիներ ոչ թե 23, այլ 230 հազար մարդ: 2018-ին էլ էին փողոց փակում, բայց այն ժամանակ վարորդները դեմ չէին, մեծամասնությունը մասնակցում էր այդ գործընթացներին, իսկ հիմա փողոց են փակում, մարդիկ սկսում են ազդանշաններ արձակել, հայհոյում են, դեմ են այս ամենին: Այդ պահվածքը շատ նման է խուլիգանության, և հասարակությունը չի կիսում այս մոտեցումները, իսկ եթե հասարակության իշխող մեծամասնությունը չի կիսում գործընթացը, չի կարող ունենալ հաջողության հեռանկար, սա է տարբերությունը»:

Անդրադառնալով ռուսական հեռուստաալիքի ներկայացրած կեղծ տեղեկատվությանը, թե իբր Հանրապետության հրապարակում 100 հազար և ավելի մարդ է եղել, քաղաքագետն ասում է, որ ՌԴ-ն լավ կաներ լռեր, և այդ կերպ օգնած կլիներ նաև շարժմանը. «Սա ոչ միայն լյուստրացիա է, այլ ռուսները և ռուս պրոպագանդան այս շարժմանը մատուցում է արջի ծառայություն»:

Դիտարկմանը, թե շարժմանը ավելի քան 40 կուսակցություն և քաղաքական ուժ է միացել, սակայն փողոցներում կարելի է տեսնել ընդամենը մեկ-երկու դաշնակցական պատգամավորի, Ստեփանյանն արձագանքում է՝ սա խոսում է այն մասին, որ անգամ այդ 40 կուսակցություններին անդամագրված մարդիկ չեն կիսում այս գաղափարները և չեն պատրաստվում դուրս գալ փողոց փակել:

«Ինձ մոտ տպավորություն է, որ իրենք գումար են ստացել այս ամեն ինչի համար, երևի՝ ռուսներից, հիմա իրենք էլ են հասկանում, որ այս ամենը իրենց համար չի կարող ունենալ բարեհաջող ավարտ, ուղղակի գումարը ստացել են, պետք է իրացնեն և դրա համար հաշվետու լինեն: Հիմա դրանով են զբաղված, իրացնում են և հաշվետվություն են տալիս՝ այո, փողոց ենք փակում, գնացել ենք Փաշինյանի ամառանոց, միտինգ ենք անցկացրել, էս ենք արել, էն ենք արել, փողը կերել են, պիտի տակից դուրս գան: Ի՞նչ իմաստ ունի փողոց փակել, եթե գիտես, որ 3 րոպեից այդ փողոցը բացվելու է, կամ այդ խեղկատակությունը՝ վթարը, որ սարքել էր Բագրատը, ի՞նչ իմաստ ուներ, շոու է»,- ընդգծում է քաղաքագետը:

Դիտարկմանը, թե այժմ, երբ արդեն վարչապետի թեկնածու են ներկայացրել, կրկին ծրագիր չկա դրա ետևում, Դավիթ Ստեփանյանն արձագանքում է՝ ծրագիր ունեն, պարզապես չեն կարող ներկայացնել, ապա մանրամասնում, թե ինչու. «Իրենց ծրագրում կա երկու պունկտ, Ա՝ կոչվում է իշխանափոխություն, արեցին՝ իրենց մոտ հստակ նշված է՝ ով որ կաբինետն է զբաղեցնելու, իրար մեջ կիսել են արդեն: Գալիս է պունկտ Բ-ն, այդ պունկտ Բ-ն իրենց մոտ շատ հստակ է՝ զանգ Մոսկվա. զանգելու են Մոսկվա, ասեն՝ ֆսյո, եկել ենք, նստել ենք, դե ասեք՝ ի՞նչ անենք, այնտեղից էլ կասեն՝ ինչ անեն: Այսինքն՝ իրենք ունեն ծրագիր՝ Մոսկվան է գծելու, «Լավրովի պլան 2»-ն է, բայց հո չեն կարող ժողովրդին ասել սա»:

Հերմինե Կարապետյան

Հոդվածը՝ armtimes.com կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *