Հայաստան

Ընդդիմությունը Իշխանությանը Արյուն Թափելու Է Դրդում

Հետաքրքիր է, որ Վրաստանում ընդդիմադիրներին Ռուսաստանը համարում է արևմուտքի գործակալներ, քանի որ նրանք դեմ են ռուսներին, իսկ Երևանում՝ աջակցում է ընդդիմությանը, դրանից ավելի ի՞նչ ապացույց է պետք, որ ռուսները աջակցում են այդ շարժմանը։

Հովսեփ Խուրշուդյան

Մայիսի 28-ին Freenews Armenia-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է օրվա խորհուրդը, Հայաստանում կատարվող իրադարձություններն ու Ուկրաինա կատարված այցն ու դրա նշանակությունը։
Հովսեփ Խուրշուդյանն իր խոսքում նշեց, որ 1918թ․ մայիսի 28-ի իրադարձությունները կենսական նշանակություն ունեին հայ ժողովրդի համար։ Ընդ որում մայիսի 28-ին ոչ թե պարզապես պետականության վերականգնում էր, այլև գիտակցված ու հասկացված ազգային-քաղաքական ակտի կատարում։ Առաջին Հանրապետությունն իր էությամբ բավական առաջադեմ, զարգացած պետություն էր, Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունք ունեին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, մի երևույթ, որ նույնիսկ Եվրոպայի ոչ բոլոր երկրներում կար ու տեղի ունեցավ միայն 2-րդ աշխարհամարտից հետո։ Ընդհանուր առմամբ, Առաջին Հանրապետությունը կարելի է համարել հայ ժողովրդի՝ ապրելու և արարելու իրավունքի և կամքի իրացումը, որն ավելի արտահայտիչ է, քանի որ տեղի ունեցավ հայ ժողովրդին պատահած մեծագույն դժբախտությունից՝ ցեղասպանությունից հետո։
Հովսեփ Խուրշուդյանը նաև խոսեց Խորհրդային Հայաստանի մասին՝ ասելով, որ թեև ոչ անկախ և Մոսկվայից կարգավորվող պետություն էր, բայց այնուամենայնիվ պետություն էր և բացի վատից, կար նաև խաղաղ զարգացման հնարավորություն։ Խորհրդային Հայաստանն իր գիտական պոտենցիալով առաջինն էր խորհրդային հանրապետությունների մեջ ու հայերի կիրթ ու գիտակից լինելու փաստը նաև օգնեց 1994թ․ հաղթանակ տանել, բայց մենք չկարողացանք հասկանալ ու արժևորել այդ հաղթանակը ու այսօր ունենք այն, ինչ ունենք։
Այնուհետև Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձավ Երևանում ծավալվող բողոքի ակցիաներին և ասաց, որ այդ շարժումը որևէ կապ չունի Հայաստանի անկախության հետ և հակառակը, մի բան էլ դեռ վնասում է։ Նույն գործիքակազմն են օգտագործում, ինչ որ սրանից մի տարի, երկու տարի, երեք տարի առաջ ու նույն մարդիկ, նույն բանն են անում։ Բնականաբար ոչ մի բանի չեն հասնելու։ Շարժման առաջնորդների հետևում երևում է Ռոբերտ Քոչարյանի ստվերը, շարժմանն աջակցում են ռուսները՝ նյութական, տեղեկատվական, քաղաքական առումով։ Ռուաստանից դժգոհություն եղավ, որ մենք ձեզ հարյուր միլիոնավոր գումար տվեցինք, ոչինչ չկարողացաք անել, Մարիա Զախարովան է անընդհատ խոսում, որ Հայաստանում ճնշում են ընդդիմությանը։ Ընդ որում, հետաքրքիր է, որ Վրաստանում ընդդիմադիրներին Ռուսաստանը համարում է արևմուտքի գործակալներ, քանի որ նրանք դեմ են ռուսներին, իսկ Երևանում՝ աջակցում է ընդդիմությանը, դրանից ավելի ի՞նչ ապացույց է պետք, որ ռուսները աջակցում են այդ շարժմանը։ Բայց նրանք հանրային աջակցություն չունեն։ Իրենց ողջ ֆինանսական, ադմինիստրացիոն ռեսուրսը կենտրոնացրրին ու երեսուն հազարից ավել մարդ չհավաքվեց, հետագայում մոտ ութ հազարով պակասեց նրանց թիվը, հիմա էլ հազիվ հասցնում են մեկ երկու փողոց փակեն մի քանի րոպեով։ Փոխանակ հասկանալու ընդհանուր իրավիճակը, փոխանակ ջրհեղեղի օրը գնալու և օգնելու տուժածներին, հավաքվել ռոք էին լսում և ուրախանում։ Նրանք հասկանում են, որ Փաշինյանին չեն կարողանալու հեռացնել, այդ իսկ պատճառով էլ ամեն ինչ ցանկանում են անել, որ իշխանություններն արյուն թափեն, բայց իշխանությունները իրենց շատ զուսպ են պահում։ Նրանք դողում են իրենց հեղինակության համար և շատ լավ գիտակցում են, որ այս շարժումն իրենից ոչ մի առանձնահատուկ բան չի ներկայացնում։
Հովսեփ Խուրշուդյանը նաև խոսեց Ուկրաինա կատարված այցի մասին։ Նշեց, որ դա բավական կարևոր երևույթ էր։ Իրենք ուկրաինացիների հետ հարաբերություններ հաստատել էին դեռևս պատերազմից առաջ ու միայն հիմա հնարավոր եղավ գնալ այնտեղ։ ՀԱստատվում են կապեր ու հարաբերություններ, որոնք շատ կարևոր են։ Ուկրաինացիները ևս հասկանում են, որ Հայաստանը կարևոր երկիր է իրենց համար, միաժամանակ հիասթափվում են Ադրբեջանից՝ կապված նրանց՝ ռուսամետ քաղաքականության հետ։ Ռուսները հիմա փորձում են ԽՍՀՄ-ը վերականգնել, բայց դա հնարավոր չէ։ Առավելագույնը, որ կարող են փորձել՝ Ռուսական կայսրությունը վերականգնելն է, բայց դա էլ չեն կարողանալու։ ԽՍՀՄ-ը, ինչքան էլ թերություններով լի լիներ, այնուամենայնիվ սոցիալիստական երկիր էր, ոչ թե այսօրվա ռուսական վայրենի կապիտալիստական դիկտատուրա, ԽՍՀՄ-ը գոնե հումանիստական համամարդկային գաղափարախոսություն էր դրել իր հիմքում՝ ի տարբերություն այսօրվա ռուսական գիշատիչ քաղաքականության։ Ռուսաստանը չունի բարեկամներ, Ռուսաստանն ունի թշնամիներ ու ծառաներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *