Հայաստան

Երկու Հարց Իլհամ Ալիևին

Ինչու՞ Աղդամում տեղակայված կանոնավոր բանակը, տեղական «ինքնապաշտպանության գումարտակները,, եւ ՆԳ հատուկ նշանակության ուժերը, որ ենթարկվում էին փոխնախարար Ռովշան Ջավադովին, հրաժարվեցին Այազ Մութալիբովի հրամանով Խոջալուն «ազատագրելու» բացառիկ հնարավորությունից, ինչու՞ էին նրանք պահանջում, որ Հեյդար Ալիեւը վերադառնա իշխանության եւ իրենց հայերի դեմ սրբազան պատերազմի առաջնորդի»:

Վահրամ Աթանեսյան

Եթե Իլհամ Ալիեւը երկու հարցի պատասխանի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին հորդորել է «ճանաչել Խոջալուի ցեղասպանութունը եւ ներողություն խնդրել»: Մյուս ձեւակերպումներին անդրադառնալու հարկ չկա: Պարզապես պաշտոնական Երեւանը, կարծում եմ, պետք է ի գիտություն ընդունի, որ դա կարող է վերախմբագրվել որպես հարաբերությունների կարգավորման եւս մեկ նախապայման: Ցավալի է, որ Խոջալուի դեպքերին հաջորդած ավելի քան երեք տասնամյակներին մենք ոչ միայն չենք բացահայտել, չենք միջազգայնացրել, որ խաղաղ բնակչության սպանդը կազմակերպվել է ադրբեջանցիների կողմից, այլեւ առիթներ ենք տվել, որպեսզի Բաքուն ընկալման արժանանա:

Այդուհանդերձ, որպես քաղաքացի, քաղաքականությամբ երբեւէ զբաղված անձ եւ հայ մարդ՝ պատրաստ եմ անհատապես ներողություն խնդրել, եթե Ադրբեջանի նախագահը պատասխանի առայժմ երկու հարցի: Ինքս մի քանի ադրբեջանցիների հարցրել եմ. «Խոջալուի դեպքերից հետո Նախիջեւանի Գերագույն մաջլիսի նախագահ Հեյդար Ալիեւը ցավակցություն հայտնե՞լ է , որեւէ պաշտոնական հայտարարություն նրա, ինքնավարության իշխանության անունից տարածվե՞լ է»: Ստացել եմ խուսափողական պատասխան. «Նման բան չեմ հիշում, գուցե մոռացել եմ»: Հիմա թող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատասխանի. «Կա՞ Խոջալուի դեպքերի առթիվ Նախիջեւանի Գերագույն մաջլիսի նախագահ Հեյդար Ալիեւի հայտարարությունը»: Եթե՝ այո, թող հրապարակի:

1992թ. փետրվարի 14-ին Աղդամ է հասել Գյանջայում տեղակայված՝ խորհրդային կամ արդեն ռուսաստանյան ԶՈՒ դեսանտային դիվիզիայի հրամանատարի տեղակալ գնդապետ Բուդեյկինը՝ իր հետ ունենալով դեսանտային վաշտ, յոթ միավոր Т- 72 տանկ, համազարկային կրակի երկու «Գրադ» կայանք: Նրա հետ է եղել նաեւ դիվիզիայի հրետանու պետ, գնդապետ Նեչիպուրենկոն: Նպատակ է դրվել նախ «Գրադ» կայանքներից «սանրել» Ասկերանը, ապա զրահատեխնիկայով ճեղքել Խրամորթի հայկական դիրքերը եւ մտնել Խոջալու:

Ըստ ռազմական օպերացիայի պլանի՝ նույն ժամերին Աղդամից դեպի Ստեփանակերտ պիտի շարժվեր Գյանջայից տեղ հասցված  զրահագնացքը՝ թեթեւ զրահատեխնիկայով եւ հրետանիով: Գնդապետ Բուդեյնիկը, հասնելով Աղդամ, հանդիպել է Ժողճակատի անդամներին: Բայց մինչ նա ներկայացնում էր ռազմագործողության պլանը, զրահատեխնիկան առգրավվել է Ալա Յաղուբի ջոկատի կողմից: Բուդեյկինը պատանդ է վերցվել:

Աղդամում կազմակերպվել է բազմամարդ հանրահավաք: Նախաձեռնել է Շահբուլաղի քարհանքի տնօրեն, Ադրբեջանի ԳԽ պատգամավոր Գասըմ Քերիմովը: Հանրահավաքի պահանջն էր. «Թող Հեյդար Ալիեւին վերադարձնեն իշխանության, մենք հայերի դեմ կկռվենք միայն նրա հրամանի ներքո»: Այսպիսով Խոջալուի «ապաշրջափակման» ռազմագործողությունը, որի փաստացի նպատակը Ստեփանակերտի գրավումը եւ ԼՂ հարցի մեկընդմիշտ փակումն էր, Գասըմ Քերիմովի կազմակերպած հանրահավաքով տապալվել է: Զրահատեխնիկան եւ «Գրադ» կայանքները մնացել են Ալա Յաղուբի ջոկատի տրամադրության տակ:

Իլհամ Ալիեւը վաստակավոր ժուռնալիստի կոչում եւ «Բակինսկի ռաբոչի» թերթի գլխավոր խմբագրի պաշտոն ու երեք սենյականոց բնակարան է նվիրել «Դատապարտված Խոջալու» գրքի հեղինակ Տատյանա Չալաձեին: Թվարկված փասետրը քաղված են այդ գրքից, որի խմբագիրն Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովն է, ուստի երկորդ հարցս հետեւյալն է. «Ինչու՞ Աղդամում տեղակայված կանոնավոր բանակը, տեղական «ինքնապաշտպանության գումարտակները,, եւ ՆԳ հատուկ նշանակության ուժերը, որ ենթարկվում էին փոխնախարար Ռովշան Ջավադովին, հրաժարվեցին Այազ Մութալիբովի հրամանով Խոջալուն «ազատագրելու» բացառիկ հնարավորությունից, ինչու՞ էին նրանք պահանջում, որ Հեյդար Ալիեւը վերադառնա իշխանության եւ իրենց հայերի դեմ սրբազան պատերազմի առաջնորդի»:

Հ.Գ. Կարող եմ տալ Տատյանա Չալաձեի գրքի էլեկտրոնային հղումը՝ www.erevangala500.com: Այդ կայքի հովանավորն Իլհամ Ալիեւի ավագ դուստր Լեյլա Ալիեւա-Աղալարովան է: Սպասում եմ պատասխանի:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *