Ադրբեջանի նախագահի օգնականը թուրք եւ ուզբեկ գործընկերների հետ հայ-ադրբեջանական կարգավորումը քննարկե՞լ է: Իսկ նա ինչու՞ առանձին հանդիպում չի ունեցել Ղազախստանի նախագահի ներկայացուցչի հետ:
Վահրամ Աթանեսյան
Ալմաթիի սիմվոլիկան վանու՞մ ՝ Ալիեւին
Ալմաթիում գումարվել է Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների նախագահների արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականների հանդիպում: Այդ մասին սոցիալական X հարթակի միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւը: Իմ կոլեգաների եւ բարեկամների հետ քննարկել ենք մեր երկրների միջեւ եղբայրական հարաբերությունների հեռանկարը եւ փոխադարձ գետաքրքրություն ներկայացնող ռեգիոնալ հարցեր,- գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ նշելով, որ կայացել են Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան եռակողմ խորհրդատվություններ:
Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց է կատարել Ուզբեկստան, որի առաջնորդը վերջերս պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է ԵՏՄ խորհրդի նիստին: Կողմերը ստորագրել են էներգետիկ ոլորտում համագործակցության, Ուզբեկստանում ԱԷԿ-ի կառուցման եւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման համաձայնագրեր: Գլխավորը, սակայն, այն է, որ մինչ այդ Ուզբեկստանի նախագահը չի ընդունել Տաշքնեդ այցելած Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, նախկին վարչապետ Քեմերոնին:
Ալմաթիում թուրք-ադրբեջանա-ուզբեկական խորհրդատվություններն ինչի՞ շուրջ են ծավալվել, ընդհանուր մոտեցումներ չեն արձանագրվել, երեք երկրներն ստիպված են եղել «սեպարատ քննարկումներ» սկսե՞լ, թե այդ տրամադրվածությունը նախորդել է ԹՊԿ ձեւաչափով հանդիպմանը: Վերջին շրջանում ռուսաստանյան կողմից Ղազախստանի ուղղությամբ կոշտ քննադատություններ են հնչում: Նախագահ Տոկաեւին վերագրում են «սինգապուրյան փորձն ընդօրինակելու» քաղաքականություն, իսկ դա նշանակում է, որ նա «արեւմտյան ազդեցության ներքո է»:
Երկրի ներքին կյանքում Տոկաեւը ֆորմալ առումով հաղթահարել է Նուրսուլթան-ակայի ժառանգությունը: Դա նրան որոշակիորեն դուրս է թողնում «ավտորիտարների ակումբից»: Ըստ երեւույթին, առկա է նաեւ Ուզբեկստանի հետ Կենտրոնական Ասիայի «առանցք լինելու» մրցակցություն: Երեւում է, Ալիեւի համար Տոկաեւի հետ երկխոսությունը «կոմֆորտ» չէ. Ղազախստանի նախագահն ընդգծված բարեփոխական մոտեցումներ ունի, ինչը, հավանաբար, բարդացնում է նաեւ նրա հարաբերությունները Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հետ:
Ալմաթին հյուրընկալել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Ու թեեւ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ հանդիպումը ողջունել է, այնուամենայնիվ Մոսկվան շարունակում է պնդել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը եւ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենան իր խորհրդատվական աջակցությամբ եւ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջեւ «ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»:
Ադրբեջանի նախագահի օգնականը թուրք եւ ուզբեկ գործընկերների հետ հայ-ադրբեջանական կարգավորումը քննարկե՞լ է: Իսկ նա ինչու՞ առանձին հանդիպում չի ունեցել Ղազախստանի նախագահի ներկայացուցչի հետ: Կարելի՞ է ենթադրել, որ Ալմաթին այլեւս հայ-ադրբեջանական նախարարական հանդիպման հարթակ չի լինի: Ղազախստանն այլեւս Ադրբեջանի թուրք եղբայրը չէ՞: Ալմաթիի սիմվոլիկան վանու՞մ է Ալիեւին:
Հոդվածը՝ 1in.am կայքից։