Հայաստան

Իրանը Փոփոխություններ Կձեռնարկի՞

Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարը կընթանա Սայիդ Ջալալիի եւ Ալի Լարիջանիի, ըստ էության՝ միջուկային ծրագիրը «հաղթական ավարտին հասցնելու» եւ «պաուզա վերցնելու, Արեւմուտքի հետ պատժամիջոցների թուլացման կամ չեղարկման հարցում պայմանավորվելու» կողմնորոշումների միջեւ: Եթե հաղթի Լարիջանին, ապա ռուս-իրանական ռազմավարական համագործակցության պայմանագիրը երեւի կստորագրվի։

Վահրամ Աթանեսյան

Իրանի ընտրությունը՝ Ալիեւի հնարավորություն

Իրանի նախագահի Էբրահիմ Ռեիսիի ուղղաթիռը հարձակման չի ենթարկվել, վերանորոգման փաստաթղթերի ուսումնասիրությունը որեւէ թերացում չի հայտնաբերել, պայթյունը տեղի է ունեցել ժայռին բախվելու պատճառով,- այս եզրակացությանն է եկել երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հանձնաժողովը: Գուցե իրոք նախագահական ուղղաթիռը խորտակվել է տեխնիկական անսարքության պատճառով, բայց արտահերթ ընտրությունների վերաբերյալ մամուլի գրեթե բոլոր հրապարակումները ենթատեքստային են:

Իրանի նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգ է համարվում «միջուկային դոսյեի» ապագան: Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Բաղերին ասել է, որ Ռեիսիի մահով Միացյալ Նահանգների հետ «տեղեկատվության փոխանակումը չի ընդհատվել»: Այսինքն, բանակցությունները շարունակվում են եւ դրանք վերահսկում է Անվտանգության բարձրագույն խորհուրդը: Նախագաի թեկնածու է առաջադրվել այդ կառույցում Գերագույն հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալալին: Նախագահի պաշտոնի հավակնորդ է նաեւ խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին, որ ժամանակին Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնից հեռացել է միջուկային ծրագրի հարցում կոշտ դիրքորոշման պատճառով:

Ըստ էության, Իրանի նախագահի ընտրությամբ լուծվում է նաեւ Գերագույն հոգեւոր առաջնորդի իրավահաջորդի հարցը, բայց միջազգային դերակատարներին հուզում է ոչ թե նրա անձը, այլ՝ գերկարեւոր հարցի նկատմամբ մոտեցումը: Իսկ խնդիրը, եթե պայմանականություններից վերացարկվենք, մեկն է՝ Իրանը կպնդի միջուկային տերության իրավու՞նքը, թե՞ կբավարարվի «սահմանագծային երկրի» ներկայիս կարգավիճակով: Երկրի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնին հավակնում է նաեւ նախկին նախագահ Ահմեդինեջադը: Դիտորների մեծ մասը, սակայն, համոզված է, որ նրա թեկնածությունը սահմանադրության Պահապանների խորհրդի կողմից չի հաստատվի:

Այսպիսով, եթե առաջիկա երկու օրում անակնկալ չմատուցվի, Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարը կընթանա Սայիդ Ջալալիի եւ Ալի Լարիջանիի, ըստ էության՝ միջուկային ծրագիրը «հաղթական ավարտին հասցնելու» եւ «պաուզա վերցնելու, Արեւմուտքի հետ պատժամիջոցների թուլացման կամ չեղարկման հարցում պայմանավորվելու» կողմնորոշումների միջեւ: Եթե հաղթի Լարիջանին, ապա ռուս-իրանական ռազմավարական համագործակցության պայմանագիրը երեւի կստորագրվի:

Այդ դեպքում Ադրբեջանը կինտեգրվի եվրասիական միջավայրին: Իսկ եթե նախագահ ընտրվի Ջալալին, ապա Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի նախագիծն, իհարկե, չի չեղարկվի, բայց գործնական իրականացումը կհետաձգվի: Դա Իլհամ Ալիեւի համար, թերեւս, իրավիճակից փրկություն կլինի, քանի որ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում մանեւրի հնարավորություն կստեղծվի: Ուշագրավ է, որ Ռեիսիի զոհվելու առթիվ Իրանին ցավակցություն հայտնելու համար Ռուսաստանի նախագահը Գերագույն հոգեւոր առաջնորդ Խամենեիի հետ շփում չի ունեցել, իսկ Ալիեւը չի մասնակցել զոհված նախագահի հրաժեշտի արարողությանը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *