Հայաստան

Քաղաքական Դաս Ընդդիմադիրների Համար

Նախկին ոչ մի շարժում այսքան հակաքաղաքագիտական չի եղել։ Այո, նախկին շարժումները ունեցել են վերը թվարկված բաղադրիչներից մեկը կամ մի քանիսը բացարձականացնելու, դրանց անսահման չարաշահման իրողությունները։ Բայց այս շարժումը ուղղակի ռեկորդ է խփում բոլորը միաժամանակ անելու առումներով ։

Ստեփան Սաֆարյան

1998թ․-ից մինչ օրս Հայաստանում ձևավորված ու մարած բոլոր ընդդիմադիր շարժումները, որոնց ես մաս եմ կազմել շարքային մասնակցից մինչև քաղաքական թիմի անդամ, ինձ սովորեցրել են մի կարևոր դաս․ դեռևս քաղաքական գործունեության որևէ ստրատեգիա մշակելում փուլում չբացառել “վթարային ելքը”, եթե հանկարծ քեզանից կախված կամ չկախված հանգամանքերի պատճառով քո հետապնդած նպատակը հասանելի չլինի։ Տարբեր առաջնորդների՝ կողքից իմ լուռ դիտարկումները իմ համեստ քաղաքական կենսագրության մեջ բերել են նրան, որ ես որևէ քաղաքական գործընթաց չդիտարկեմ վերջին ճակատամարտ, ավելին՝ զերծ մնամ կոշտ, վերջնագրային հայտարարություններից, որոնցից նահանջելու ճանապարհը կարող է լինել քաղաքական արագ գահավիժումը։

Ուզես թե չուզես՝ քաղաքականությունը սիրում է թե՛ PR, թե՛ բլեֆ, թե՛ շոու, թե՛ ինֆորմացիոն օպերացիաներ ու տեխնոլոգիաներ, թե՛ անգամ պոպուլիզմ։ Բայց, վայ, այն քաղաքական գործիչին, ով այս ամենը կչարաշահի, կբացարձականացնի ու կընկնի ծայրահեղության մեջ․ նրա, իր հետևորդների ու հանրության վճարած գինը թանկ է լինում։

Առիթ ունեցել եմ անդրադառնալու եկեղեցու գեներացրած այս ընդդիմադիր շարժման քաղաքագիտական կողմին։ Անկեղծ խոստովանում եմ՝ նախկին ոչ մի շարժում այսքան հակաքաղաքագիտական չի եղել։ Այո, նախկին շարժումները ունեցել են վերը թվարկված բաղադրիչներից մեկը կամ մի քանիսը բացարձականացնելու, դրանց անսահման չարաշահման իրողությունները։ Բայց այս շարժումը ուղղակի ռեկորդ է խփում բոլորը միաժամանակ անելու առւներով։

Շատ չեմ ծանրաբեռնի։ Այսօր եզակի անգամ ինձ շռայլություն թույլ տվեցի ու նայեցի երթը մինչև գինու փառատոն։ Ընթացքում մասնագիտական աչքիս նկատածը ուղղակի իմ ասածի սոսկ փոքրիկ վկայություն են։

Ակնհայտ է, որ շարժումն իրեն դրել է այնպիսի մարգինալ վիճակում, որ դրա առաջնորդները, շահառուները ձևեր են մտածում թաքցնելու այն, որ այլևս մարդաշատության մասին խոսելը ծիծաղելի է, ժողովրդից շարժման իսպառ կտրվածությունն ահռելի է, միջազգային հետաքրքրություն չկա ու այսպես շարունակ։ Ըստ այդմ՝ պետք էր հայտնվել մի վայրում, որտեղ առկա մարդաշատությունը կլուծեր այս երկու խնդիրը։ Իսկ շարժման առաջնորդները չէին էլ կարողանում թաքցնել լուծվող խնդիրներն ու այն, որ հենց գինու փառատոնում կան սեղանիկներ, որոնք պետք է “դրվագային” ապահովեին “հակառակի ապացուցումը”։

Արդեն իսկ գինու փառատոնի տարածքի նախամուտքից Բագրատ / Վազգեն Գալստանյանը “հորդորում է” փառատոնի տարածքում չվանկարկել իրենց կարգախոսը․․․․ Հետո նկատում ես, թե որքան է նրան դուր գալիս, երբ որոշ “ընտրյալ վայրերում” իրեն ուղեկցող երիտասարդների խմբակը սկսում է կամ երգել շարժման երգը, կամ վանկարկել կարգախոսները, որպեսզի “վարակեն” շրջապատին, ու առաջնորդն ամենևին փորձ էլ չի անում սաստել կամ հիշեցնել իր խնդրանքը, որը խախտել են․․․ Որևէ պոտենցիալ դիտորդ կարող է եզրակացնել, որ շարժման առաջնորդի “հորդորը” ամենևին էլ օրենք չէ նրա հետևորդների համար, քանզի հանգիստ կարող են դեմ գնալ նրա ասածներին, այսինքն՝ Բագրատ Գալստանյանը շատ թույլ առաջնորդություն ու պոտենցիալ ունի։ Սա՝ լավագույն դեպքում։ Վատագույն դեպքում եզրակացնում ես, որ նա մուտքի մոտ սոսկ ձևական “հորդորեց”, իմանալով որ նրանք դա անելու են տարբեր դրվագներում․․․ Այս մի եզրակացությունն էլ արդեն կասկածի տակ է դնում շարժման ու նրա առաջնորդի ազնվությունը ցանկացած հարցում․․․ Երկու հնարավոր եզրակացություններն էլ շարժման/նրա օգտին չէ։

Կամ, ՀՅԴ-ական Գառնիկ Դանիելյանը ժամանակ առ ժամանակ այնքան է գայթակղվում, երբ հայտնվում են “ընտրված” տաղավարներում, որտեղ մարդիկ են մոտենում կամ ողջագուրվում, որ հրահանգում է՝ “ճանապարհ բացեք, թող գան սրբազանի հետ նկարվեն”․․․․ Այսինքն, չի էլ թաքցնում, որ եկել են խմբով ու “շատի մեջ” նկարվելու, կոպիտ ասած՝ հազիվ կադր է “կպել”․․․

Սարյանի մուտքի մոտ մի տիկին է մոտենում նրանց ուղեկցելու համար։ Ուղիղ եթերում լսվում է նրանց ներքին զրույցը․ Բագրատ Գալստանյանը հարցնում է “Էն Թեվանյանի տաղավարը որտե՞ղ է․․․” Կինը ուղղում է՝ “Թևանյան չի, Թևան Պողոսյան է․․․” Անգամ այդ կարճ երկխոսությունը վկայում է, որ շատ լավ գիտեն, թե փառատոնի տարածքում որտեղ են կանգնելու կադր ստանալու համար։ Ի դեպ, քիչ անց տարծված լուսանկարներից տեսնում ես հենց այդ դրվագի օգտագործումը․․․

Ավելին, Բագրատ Գալստանյանը մինչև Թևան Պողոսյանի տաղավար հասնելը կանգ է առնում մի տաղավարում, որտեղ գինու շիշը վերցնելով ոչ դես, ոչ դեն ընկերության “գովազդն է անում”․ “այսուհետ միայն սա եք գնելու, Վահագնը (եթե հիշողությունս չի դավաճանում հնչեցված անունն էր)․․․” Հետո հիշում է, որ դա նույնպես մատնում է “ընտրված տաղավարների հասցեներով գնալու կանխավ մշակված պլանը”, սկսում է արդարանալ, թե փառատոնին մասնակցող շատ գինեգործական ընկերությունների անձամբ է ճանաչում․․․

Ու այս ամենը մի պատաճառով․ որ առաջին իսկ օրից ու վայրկյանից օգտվեցին այնպիսի տեխնոլոգիաներից, որոնք մահացու են շարժման համար՝ վերջնագրեր ու վերջնաժամկետներ, ազգայնական պոպուլիզմ, բլեֆներ՝ ֆեյք լուրերի տեսքով, քաղաքական շարժման՝ ծիծաղելու աստիճանի ծիսականացում ու շոու․․․

Իսկ մինչ քաղաքական զբոսանքն էլ ընդդիմադիր կայքերով ազդարարվեց, թե Բագրատ Գալստանյանը ասուլիս է տալիս 50 միջազգային լրատվամիջոցների համար՝ թվարկելով դրանց ցանկը․․․

Ասել կուզեն՝ շարժումը հետաքրքրում է միջազգային հանրությանը, շարժումը իր “թափի մեջ” է ու մարդաշատ, և շարժումը “ժողովրդականություն է վայելում”․․․

Մինչդեռ ամեն ինչ նման էր օտար մարդկանց հարսանիքին անկոչ ու խմբակով գնալուն, այն էլ՝ նկարվելու համար․․․

Ինչ ասեմ․ իմ համար չեմ ասում, որ քաղաքականություն մտնելուց առաջ պարտադիր է գոնե մեկ դասական քաղաքագիտական գիրք կարդալն ու յուրացնելը․․․ Քաղաքականությունը դա միայն շատ ու ամեն տեղ խոսելը ու երևալը չէ․․․

Գրառումը՝ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *