Հայաստան

Նոր Որակ, Նոր Հնարավորություններ

Ի դեպ, Ադրբեջանը սահմանակից լինելու բերումով՝ հենց այսօր և հիմա է պոտենցիալ ագրեսոր։ Չի բացառվում՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի սցենարի կրկնությունը և Հայաստանի անկախության ոչնչացումը, եթե Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը հաղթի։ Ուկրաինայի դեմ պատերազմով՝ Ռուսաստանը վիճարկում է Ալմա Աթայի հռչակագիրը, որը ԽՍՀՄ-ի փլուզումն էր ամրագրում։ Այսինքն, Ռուսաստանը կարող է ունենալ միութենական ստատուս քվո ստեղծելու նպատակ կարող է ունենալ։

Ռոբերտ Անանյան


Ուշագրավ զարգացում է տեղի ունենում։ Հայաստանն ու ԱՄՆ-ն որոշում կայացրին երկու երկրների միջև ռազմավարական երկխոսությունը բարձրացնել Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի։ Սա բարձրացնում է հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը։ Եթե այժմ գործող Ռազմավարական երկխոսության ձևաչափը իրենից ենթադրում է բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ և քննարկումներ ռազմավարական նշանակության հարցերի շուրջ, ապա Ռազմավարական գործընկերության հանձնաժողովը արդեն առավել կոնկրետ անելիքի և արդյունքի մասին հայ-ամերիկյան ինստիտուցիոնալ կառույց է։

Սա կհամարձակվեմ համարել՝ ինչ-որ իմաստով միմյանց հանդեպ պարտավորություններ ստանձնելու նախաքայլ։ Ստրատեգիական գործընկերության հանձնաժողովը ստեղծվում է կոնկրետ նպատակներով և ծրագրերով զբաղվելու համար, որոնք արդեն համաձայնեցված են երկկողմանի հարաբերությունների շրջանակներում:

Հանձնաժողովը ընդգրկելու է մասնագետներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր աշխատում են կոնկրետ ծրագրերի վրա, ապահովում են դրանց իրականացման վերահսկումը և գնահատում են արդյունքները: Հանձնաժողովը նպատակ ունի ապահովել երկկողմանի համաձայնագրերի և պայմանագրերի կատարման մշտադիտարկումը, ինչպես նաև նոր ծրագրերի մշակումը և իրականացումը: Այսինքն, Ռազմավարական գործընկերության հանձնաժողովը ավելի նպատակային և ծրագրային բնույթ ունի՝ կենտրոնանալով կոնկրետ ծրագրերի և պայմանագրերի իրականացման վրա, օրինակ՝ անվտանգության, տնտեսության, քաղաքականության և այլ ոլորտներում: Ստացվում է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը ինստիտուցիոնալ խողովակ են ստեղծում, որը պետք է գործակցությունը համակարգի, նոր բաղադրիչներ ավելացնի, շտկումներ մտցնի, նոր ծրագրեր գործարկի։ Սա նշանակում է, որ հայ պաշտոնյաները մշտական և պարբերական շփման մեջ են լինելու ամերիկյան գործընկերների հետ՝ համատեղ ծրագրերի կատարումը պահելով ուշադրության կենտրոնում։ Այսինքն, որոշակի իմաստով՝ գործելու է պատասխանատվության մեխանիզմ՝ հայ-ամերիկյան գործակցության ոլորտներում առաջընթաց ապահովելու իմաստով։ Այս հանձնաժողովը թույլ կտա առավել արագ, ճկուն ձևով կոնկրետ ծրագրերի շուրջ գործակցել։

Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի շրջանակում ԱՄՆ-ն և Հայաստանը կարող են համակարգել իրենց քայլերը ռեգիոնալ և գլոբալ մակարդակներում։ Այսինքն, արտաքին քաղաքականության սինխրոնացում կարող է տեղի ունենալ։ Կողմերը կարող են պայմանավորվել, օրինակ՝ միմյանց շահերի դեմ գործողություններ չիրականացնել։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայանի հանդիպումից հետո նշվել են այն ոլորտները, որտեղ ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանին։
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության այսօրվա նիստի օրակարգում քննարկվել են տնտեսության, էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի, պաշտպանության, անվտանգության, արդարադատության ոլորտի բարեփոխումները։ Գիտեմ թերահավատ գնահատականների մասին, բայց կհամարձակվեմ նաև պնդել, որ էականորեն փոխվում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։ Մինչ Հայաստանը ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության հանձնաժողով է ստեղծում, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցում է տեղի ունենում։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Հայաստանը փորձում է դուրս գալ Ռուսաստանից ունեցած այն վտանգավոր կախվածությունից, որը առաջացել էր Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի վճռական դերակատարման բերումով։ Սակայն քանի որ ռուսաստանը վաճառեց Արցախը Ադրբեջանին, Հայաստանը հետայսու ազատ է հաշվետու չզգալ Կրեմլի նկատմամբ, և պետք է խորացնի ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ գործակցության մակարդակը։ Այս տրանսֆորմացիան զգում է նաև Ռուսաստանը։ Լավրովի տեղակալ Գալուզինը դժգոհել է այն փաստից, որ Երևանը փորձում է իջեցնել հարաբերությունների աստիճանը Մոսկվայի հետ․

«2023 թվականի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել: Գործընկերները հետաքրքրություն չեն ցուցաբերել մեր առաջարկի նկատմամբ՝ մշակել և կնքել արտաքին գործերի միջնախարարական խորհրդակցությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղավորությամբ չէ, որ նվազել է պաշտպանական գերատեսչությունների միջև շփումների դինամիկան։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրանում տեսնում ենք Արևմուտքի ճնշման արդյունքը, որը փորձում է Երևանին ստիպել նվազագույնի հասցնել մեր երկրի հետ կապերը»,- ասել է Գալուզինը։ Գալուզինի այս հայտարարությունը կեղծ է, քանի որ հայկական շահերը վաճառելու Ռուսաստանի կեցվածքն է Երևանին հարկադրել փոփոխության գնալ արտաքին և անվտանգային քաղաքականություններում։

Սակայն պետք է համաձայնել Գալուզինի հետ և նշել, որ իրապես Հայաստանը խուսափում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունների սինխրոնացումից Ռուսաստանի հետ։ Փոխարենը, անվտանգային բարեփոխումներում դեր է ստանձնում ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որոնք խորհրդատուներ ունեն Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։ Ֆրանսիան նաև ռազմական մատակարարումներ է իրականացնում։

Սա նշանակում է, որ Հայաստանի ստրատեգիական զարգացման վեկտորը Ռուսաստանից թեքվում է դեպի ԱՄՆ և ԵՄ։ Մարդիկ կարող են հերքել այս փաստը՝ ըստ քաղաքական կողմնորոշումների։ Սակայն անհրաժեշտ է հետևել տենդենցներին՝ սառնություն է Ռուսաստանի հետ հարաբերություններում, և տաք եղանակներ են՝ Արևմուտքի ուղղությամբ։ Իհարկե, Հայաստանի համար լավ տարբերակ կլինի, որ նոյեմբերին ԱՄՆ նախագահ ընտրվի Ջո Բայդենը, ում կառավարման օրոք՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները որակյալ և զգալի առաջընթաց են արձանագրում։ Հայաստանի կյանքում ԱՄՆ-ն երբեք այսքան մեծ դերակատարություն չի ստանձնել։ Խոսքը միայն համատեղ ծրագրերը չեն, այլ նաև՝ այն ռազմաքաղաքական, դիվանագիտական աջակցությունը, որ ստացել ենք Վաշինգտոնից՝ Անկարայի և Բաքվի հետ հարաբերություններում։ ԱՄՆ-ն կանգնեցրել է ադրբեջանական ագրեսիաներ, ինչը խոստովանել են նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Կարծում եմ, լիովին իրատեսական է, որ առաջիկա 5-10 տարում Հայաստանը ստանա ԱՄՆ-ի ոչ-ՆԱՏՕ դաշնակցի կարգավիճակ։ Որպեսզի այդ սցենարը տեղի ունենա, Ռուսաստանի անկումը և թուլացումը պետք է շարունակվի։ Հայաստանը այդ սցենարին չի կարող նպաստել։ Դա կարող են անել ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և արևմտյան երկրները։ Հայաստանն ու ԱՄՆ-ն այսօր ձևակերպել են ընդհանուր շահ, որը Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության կտրուկ նվազումն է, ռուսական ռազմաքաղաքական գործոնի բացառումն է։ Հայաստանի շնորհիվ՝ Ռուսաստանն այսօր չի մասնակցում հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսին, Ռուսաստանը չի կարողանում ստանալ Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը, Ռուսաստանը չի մասնակցում սահմանազատման պրոցեսին։ Այս բոլոր ոլորտներում Կրեմլը փորձել է առաջին ջութակի դերը խաղալ, սակայն չի ստացվում։
Որպեսզի Հայաստանը կարողանա վստահ շարժվել ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևակերպելու ուղղությամբ, մենք պետք է կատարենք շատ մեծ տնային աշխատանք։ Հայաստանի Զինված ուժերին ամերիկյան և ֆրանսիական մասնակցությունը կարծում եմ միտված են ռուսական մոդելից անցում կատարելը ՆԱՏՕ-ական ստանդարտներին։ Այստեղ վստահ չեմ հայաստանցի պաշտոնյաների գիտելիքների, կարողությունների, նոր մարտահրավերներ հաղթահարելու ունակության, ստրատեգիական մտածողության վրա։ Այնպես որ, միայն արևմտյան որակյալ և շոշափելի միջամտությունը կկերպափոխի Հայաստանի Զինված ուժերը՝ դեպի արդիական և ուժեղ ձևաչափ։

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման արդյունքներով՝ Արևմուտքի երկու խոշոր ուժերը հանձնառություն ստանձնեցին աջակցել Հայաստանին՝ դիմակայունության բարձրացման, տնտեսական զարգացման նպատակով։ Ըստ էության, Արևմուտքն այսօր Հայաստանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում կարևոր գործընկեր, որի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ են ձևավորվում։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը նիստի արդյունքներով՝ հայտարարություն են ընդունել։

Սրանք այն կարևոր ուղղություններն են, որոնք գերակա են Հայաստանի և ԱՄՆ-ի համար, և առաջիկա տարիներին տեսնելու ենք կոնկրետ ծրագրեր։ Կարևոր է, որ հայ-ամերիկյան գործակցության տեղափոխումը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակ, ինչը նշանակում է, որ օրինակ՝ Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներին ամերիկյան մասնակցությունը պարբերաբար հարստացնելու և խորացնելու ինստիտուցիոնալ հարթակ կլինի։ Այսինքն, ստեղծվում է մի հարթակ, որտեղ հայ և ամերիկացի պաշտոնյաները կքննարկեն կատարած աշխատանքների արդյունքները, նոր ծրագրեր կսկսեն։ Սա նաև միմյանց նկատմամբ հաշվետվողականություն և պատասխանատվություն է ենթադրում։ Առանց դրա՝ իմաստ չունի նման հանձնաժողովի ստեղծումը։

Ըստ հայտարարության, կողմերը դրական են գնահատել Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին և ժողովրդավարական առաջընթացին աջակցելու ուղղությամբ համագործակցությունը։

Նրանք նշել են եվրատլանտյան կառույցների և Արևմուտքի հետ ավելի սերտ համագործակցության Հայաստանի ձգտումները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: Սա ազդակ է նաև Ադրբեջանին և Ռուսաստանին, որ ԱՄՆ-ն քաղաքական աջակցություն է հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, և որ ռազմական հարձակումներն ու օկուպացիաներն անընդունելի են Վաշինգտոնի համար։

Ի դեպ, Ադրբեջանը սահմանակից լինելու բերումով՝ հենց այսօր և հիմա է պոտենցիալ ագրեսոր։ Չի բացառվում՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի սցենարի կրկնությունը և Հայաստանի անկախության ոչնչացումը, եթե Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը հաղթի։ Ուկրաինայի դեմ պատերազմով՝ Ռուսաստանը վիճարկում է Ալմա Աթայի հռչակագիրը, որը ԽՍՀՄ-ի փլուզումն էր ամրագրում։ Այսինքն, Ռուսաստանը կարող է ունենալ միութենական ստատուս քվո ստեղծելու նպատակ կարող է ունենալ։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ գործակցությունը շանս է Հայաստանի համար՝ ոչ բավարար չափով, բայց որոշակիորեն ապահովագրվել, կամ գոնե՝ գնալ այդ ուղղությամբ։

Հայաստանի որոշ արևմտամետ ուժեր պնդում էին, թե Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը սպասարկում է Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը։ Մինչդեռ, հանդիպման արդյունքում կա պայմանավորվածություն, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կաջակցի Հայաստանին՝ մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կդրվի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» տեսլականի հիմքում՝ արդար ու հարատև խաղաղության միջոցով խրախուսելով և ամրապնդելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապակցվածությունը: Նշվում է, որ այս խաղաղությունը կբացի ամբողջ տարածաշրջանի ներուժը և էական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին:

Բրայանի և Միրզոյանը քննարկումները կենտրոնացել են նաև Հայաստանի պարենային անվտանգության և էներգետիկ անկախության խթանման վրա՝ ներառյալ ատոմային էներգիայի, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ԱՄՆ առևտրային լուծումների բացահայտման ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքները: Ես գիտեմ, որ ԱՄՆ-ն ներգրավված է Հայաստանի էներգետիկ շուկայի ազատականացման աշխատանքներում, և այդ ռազմավարության մշակումն իրականացրել են ամերիկացիները։ Իսկ Հայաստանի որևէ նախարարությունում չկա մի վարչություն, որը կգրեր Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի ռազմավարություն, ինչը վկայում է մեր պետական ինստիտուտների անարդյունավետության մասին։ Մեր տեղեկություններով, Հայաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են կառուցել նոր մոդուլային ատոմակայան։ Նոր ատոմակայանի կառուցման մեջ մասնակցելու հավակնություն է ունեցել նաև Ռուսաստանը, սակայն Հայաստանն ընտրել է ԱՄՆ-ի առաջարկած տարբերակը։ 2020 թվականից սկսած՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը քառապատկվել է։ Կողմերը քննարկել են արտահանման լիցենզավորման հնարավորություններն՝ առաջադեմ տեխնոլոգիական ապրանքների առևտուրը դյուրացնելու նպատակով: Ես ենթադրում եմ, խոսքն այն մասին է, որ Հայաստանում արտադրված ապրանքները ստանան լիցենցիա՝ ԱՄՆ-ի շուկա արտահանվելու համար։ Այսինքն, հայաստանցի արտադրողները պետք է բարձրացնեն իրենց ապրանքների ստանդարտները, որ դրանք ընդունվեն ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական շուկաներում։

Նման ձևաչափ կա Եվրամիության հետ, ինչի արդյունքում՝ ԵՄ-ն Հայաստանում հիմնադրելու է լաբորատորիաներ, որոնց տրամադրած լիցենզիան բավարար կլինի՝ հայկական ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով։ Ենթադրում եմ, կարող է նմանատիպ մոդել ներդրվել նաև ԱՄՆ-ի հետ։ Ըստ էության, ԱՄՆ-ն ներգրավված է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներին։ Եվ ըստ հավաստի հրապարակումների՝ ԱՄՆ-ն խորհրդատուներ է գործուղել Հայաստանի պաշտպանության նախարարություն, որպեսզի Հայկական բանակը ռուսական մոդելից անցում կատարի ամերիկյան մոդելի։

Կարծում եմ, որակյալ բարեփոխումների պարագայում՝ սա հնարավորություն կտա ԱՄՆ-ին և Հայաստանին հետագայում ավելի հեշտ և արագ անցում կատարել ռազմական դաշինքի կնքմանը։ Այդպիսի ձևաչափերից մեկը Հայաստանին ԱՄՆ-ի ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգավիճակը կարող է լինել։ Նման կարգավիճակ ունեն Հնդկաստանը և Իսրայելը, որոնք ոչ բլոկային պետություններ են, սակայն ԱՄՆ-ի հետ ունեն առանձնահատուկ անվտանգային հարաբերություններ։ Հայաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները այսօր ողջունել են 2024 թվականի մայիսին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև առաջին տարեկան շտաբային բանակցությունների մեկնարկը։ Կողմերը պայմանավորվել են նախաձեռնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ՝ պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար:

ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանի Զինված ուժերին՝ խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով, Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով:

Պատվիրակություններն ընդգծել են նաև համագործակցության կարևոր հանգրվաններից մեկը՝ «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունը: Դա հայ-ամերիկյան խաղաղապահ զորքերի զորավարժություն էր, որ կայացավ անցյալ տարի Երևանում։ Սակայն բացառիկ երևույթ էր, որ ամերիկացի զինծառայողներ էին ժամանել Հայաստան։

ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանի ներքին գործերի նախարարությանը՝ ոստիկանության կրթության զարգացմանը, մարդկային ռեսուրսների կառուցվածքային ստորաբաժանումների արդիականացմանը՝ հաշվետվողականության և դիմակայունության բարձրացման համար: Միացյալ Նահանգները մտադիր է նաև շարունակել աջակցել հայկական հաստատություններին, որոնք կենտրոնացած են կոռուպցիայի և անդրազգային կազմակերպված հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի վրա, ինչպես նաև դատական ​​անաչառության, ամբողջականության և անկախության խթանմանն ուղղված ջանքերին:

Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ամուր քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար անկախ միջավայրի զարգացմանը՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման և թափանցիկության բարձրացման նպատակով: Հայաստանը և Միացյալ Նահանգները վերահաստատել են իրենց հանձնառությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հայաստանի զարգացման նպատակին: Հուսանք, Հայաստանի քաղաքացիները կտեսնեն Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման կոնկրետ արդյունքները։ Խանգարող հանգամանքները շատ են, բայց առաջ գնալու և արդյունք գեներացնելու մղումը պետք է գերազանցի այդ բացասական գործոններին։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ։ Հայաստանը պետք է ԱՄՆ-ի հետ շահերի համադրում կատարի՝ առանցքային դեր ստանձնելով մեր ռեգիոնի նոր նշանակությունը և դերակատարումը սահմանելու գործընթացում։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը բարձրացնում են հարաբերությունների մակարդակը՝ Վրաստանի իշխանության կողմից պրոռուսական վարքագծի, Արևմուտքի հետ առճակատման գնալու պայմաններում։ Պետք է գնահատել, թե ինչպես է բարձրանում Հայաստանի նշանակությունը ԱՄՆ-ի համար, և երկկողմանի օգուտներ գեներացնել այս գործակցությունից։

ԱՄՆ-ի հետ հարաբերությունը չխորացնելու հակառակ տարբերակը այն է, ինչ տեսել ենք 30 տարի՝ Ռուսաստանից ստրկական կախվածություն, որը ազգային անվտանգության սպառնալիք է դարձել, Ադրբեջանի ագրեսիաների և օկուպացիաների մշտական վտանգ։ Այդ էջը հնարավոր է փակել՝ Հայաստանի նոր դերակատարության ստանձնմամբ՝ դառնալ Արևմուտքի առանցքային գործընկերը ռեգիոնում։

Գրառումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *