Հայաստան

ՌԴ Երեք Ճակատները՝ Ուկրաինա, Վրաստան, Հայաստան

Ընդդիմության ձեռնարկած շարժումը զարմանալիորեն զուգադիպեց նաև Վրաստանում սկսված ցույցերին, ինչպես նաև Խարկով քաղաքի վրա ռուսական հարձակմանը։ Այդ ամենը պատահական չէր, ծրագրված էր, Ռուսաստանը փորձում է միաժամանակ բոլոր ճակատներում գրոհել և հաջողության հասնել։

Կայծ Մինասյան

1inTV-ն տեսակապով զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Երևանում ընթացող ընդդիմադիր բողոքի ակցիաներն ու ինքնիշխանության, լեգիտիմության գաղափարների ընկալումները։

Քաղաքագետը նշեց, որ ցանկացած պարտված հասարակություն ունի կուտակված դժգոհություն, որը ինչ որ կերպ արտահայտվում է, դուրս է գալիս ու Հայաստանում այն արտահայտվում է այս կերպ, միայն թե մի բան է դժգոհությունը, մեկ այլ բան է դրանից օգտվել ցանկացողները։ Շարժումը Նիկոլ Փաշինյանին լեգիտիմ չի համարում և պնդում է, որ ներկայիս իշխանությունն անօրինական է։ Ընդհնարապես լեգիտիմության երեք տեսակ կա։ Առաջինը՝ ավանդական լեգիտիմությունն է, որը հիմնվում է երկար ժամանակահատված հեղինակություն ունենալու վրա և այդ տեսակ լեգիտիմությունը Հայաստանում եկեղեցին է։ Լեգիտիմության մյուս տեսակը անձնական հեղինակության լեգիտիմությունն է, ինչպես օրինակ Շառլ դը Գոլի պարագայում, երբ նրա պայքարը հանուն Ֆրանսիայի փառավոր հաղթանակ բերեց, դը Գոլը իր հեղինակությամբ բարձր լեգիտիմություն ուներ։ Եվ վերջապես լեգիտիմության երրորդ տարբերակը ընտրության միջոցով ձևավորված իշխանությունն է։ Հայաստանի պարագայում կա առաջին՝ ավանդական և երրորդ՝ ընտրված լեգիտիմությունների պայքար և դժբախտաբար այս երկու լեգիտիմությունները պայքարում են միմյանց դեմ։

Կայծ Մինասյանը նշեց, որ այդ երկու լեգիտիմությունների պայքարում ընդգծվում է այն, որ ավանդական լեգիտիությունը՝ եկեղեցու առաջնորդությամբ պայքարում է ոչ թե սահման, այլ ճակատ ունենալու համար, իսկ դա նշանակում է, որ օտար ուժի օրակարգ է սպասարկվում։ Նրանք չեն կարող միաժամանակ և օտար ուժի սպասարկել ու նաև հայտարարել, որ դա հանուն Հայաստանի ինքնիշխանության է արվում։ Եթե նման նպատակ ունենային, ապա երեսուն տարի ժամանակ ունեին դրա համար։

Քաղաքագետն այն կարծիքին է, որ ընդդիմությունը ցանկանում է իր շարժումը լցնել նաև թուրքական վախով ու ամեն կերպ տարածել այն թեզը, որ կամ նրանց ասածը կլինի, կամ Հայաստանը թուրքական վիլայեթ կդառնա, բայց դա ձախողված թեզ է։ Թուրքերը միայն մեզ հետ չէ, որ խնդիր ունեն։ Շատ մեծ խնդիրներ են եղել նաև Հունաստանի հետ, բայց այդ երկու երկրները հարաբերվում են միմյանց հետ, ունեն դիվանագիտական հարաբերություններ։ Այո, դեռևս ունեն չլուծված խնդիրներ ու կոնֆլիկտներ, բայց դա չի նշանակում, որ չպետք է նաև փորձեն խոսել իրար հետ։ Այսօր ընդդիմությունը հենց նման մի բան է առաջարկում, բայց չի հասկանում, որ իր առաջարկած «ճակատ»-ին ոչ ոք համաձայն չէ, ժողովուրդը պատերազմ չի ուզում, ընդդիմությունը այդ պարզ բանը հասկանալ չի ուզում։ Ընդ որում ընդդիմության ձեռնարկած շարժումը զարմանալիորեն զուգադիպեց նաև Վրաստանում սկսված ցույցերին, ինչպես նաև Խարկով քաղաքի վրա ռուսական հարձակմանը։ Այդ ամենը պատահական չէր, ծրագրված էր, Ռուսաստանը փորձում է միաժամանակ բոլոր ճակատներում գրոհել և հաջողության հասնել։

Ռուսաստանը միանշանակ փորձում է ու փորձելու է Հայաստանում իշխանափոխության հասնել։ Ընդդիմությունը կշարունակի իր քայլերը՝ հույս ունենալով, որ իշխանությունը ինչ որ տեղ վրպելու է, սխալ է թույլ տալու։ Ռուսաստանը հետևում է այդ ամենին։ Թեև Պեսկովը, Զախաարովան, Պուտինը և այլոք իրենց խոսքերում առերես հայտարարում են, որ հայ ժողովրդի հետ դարավոր հարաբերությունները ջերմ են, բայց նրանք այլ տարբերակ չունեն։ Ռուսաստանը որևէ քայլ չի ձեռնարկում, որովհետև չի կարող։ Տնտեսապես ևս չի կարող Հայաստանը բլոկավորել, որովհետև դա առաջին հերթին իրեն է վնաս։ Ռուսաստանը այսօր նաև Հայաստանի շնորհիվ է կապ պահպանում աշխարհի հետ։

Կայծ Մինասյանը նաև անդրադարձ կատարեց Ֆրանսիայում սպասվող ընտրություններին և ասաց, որ այս պահին որևէ ուժի բացարձակ հաղթանակի հավանականություն չի տեսնում։ Վտանգավոր է, եթե որևէ մեկը աջ կամ ձախ ծայրահեղականները իշխանության գան։ Մակրոնը հիմա միանձնյա որոշումներ է կայացնում, բայց ընտրություններից հետո Ֆրանսիայում իշխանությունը հավանաբար ավեի կոմպրոմիսային սկզբունքներով կձևավորվի։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *