Ընդդիմությանը կարելի է քննադատել առավոտից մինչև իրիկուն, բայց դրանից իշխանության բացերը, թերությունները, սխալները, վրիպումները ոչ մի տեղ չեն անհետանում։ Եթե ժողովուրդը ընդդիմությանը չի աջակցում նախկինների, ռուսական ուղղորդման և այլ պատճառներով, ապա մեծ հաճույքով կգնա այլ ընդդիմության, այսպես ասած «երրորդ ուժի» հետևից, հենց որ այն հայտնվի։
Արայիկ Մկրտումյան
«Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման թափը բավական նվազել է, թեև կազմակերպիչները նշում են, որ դա ոչ թե շարժման տապալումն է կամ անհաջողությունը, այլ վերադիրքավորման գործընթաց է գնում և պայքարը շարունակվում է։ Այդ ֆոնին իշխանամետ հատվածը զբաղված է շարժամ տապալման մասին խոսելով ու ցույց տալով, թե ինչ բացեր ունի շարժումը ու թե ինչու չի կարող հաջողության հասնել։
Բայց այս ամենը չի լուծում Հայաստանի գլխավոր խնդիրը՝ շարունակվող քաղաքական ճգնաժամը և դրանից բխող խնդիրների կուտակումը։ Ենթադրենք, թե ընդդիմադիր շարժումը իրոք տապալվել է, գործակալական է, ուղղորդվում է և այլն։ Մի՞թե իշխանությունները բավարարված են, որ նման շարժումը հաջողության չի հասել ու վերջ։ Կամ շարժումը հաջողության չի հասել, որովհետև չունի քաղաքական խոսույթ, ռևանշիստական է, հեղինակազրկված է և այլն։ Եթե իշխանություններին բավարարում է դա, ապա դա շատ վատ է։ Վատ է առաջին հերթին այն առումով, որ հայաստանյան քաղաքականությունը շարունակում է դոփել տեղում, կուսակցական վրիժառությունները չեն անհետանում, օրենսդիր մարմինը չի կարողանում կայանալ և երկիրը ոչ թե ապրում է հստակ գիտակցված օրակարգով, այլ մի կերպ քարշ է գալիս իրադարձությունների հետևից, որոնց արձագանքում է թույլ և ուշացած։
Իշխանությունները կարող են համարել, որ իրենց բախտը բերել է և ժողովուրդն այս անգամ էլ «ողջախոհություն» դրսևորեց ու չմիացավ ռևանշիստներին։ Իսկ հետո՞։ Իշխանությունը դեռ երկա՞ր ժամանակ է շարունակելու ապրել հույսը դրած ժողովրդի «ողջախոհության վրա»։ Ընդդիմությանը կարելի է քննադատել առավոտից մինչև իրիկուն, բայց դրանից իշխանության բացերը, թերությունները, սխալները, վրիպումները ոչ մի տեղ չեն անհետանում։ Իշխանությունը կարծես չի հասկանում, որ Հայաստանն այն վիճակում չէ, որ հակառակորդի խայտառակության հաշվին կարելի է հեղինակություն բարձրացնել և այդքանով բավարարվել։ Եթե ժողովուրդը ընդդիմությանը չի աջակցում նախկինների, ռուսական ուղղորդման և այլ պատճառներով, ապա մեծ հաճույքով կգնա այլ ընդդիմության, այսպես ասած «երրորդ ուժի» հետևից, հենց որ այն հայտնվի։ Իսկ գուցե իշխանություններին ձեռք չի տալիս երրորդ ուժի հայտնվելը, որովհետև այդ դեպքում այլևս հնարավոր չի լինելու սեփական ծրագիրը կառուցել դիմացինի հրեշավոր կերպարի հաշվին ու այն ժամանակ, երբ իշխանությանը մարտահրավեր նետի մաքուր և թարմ ուժ, իշխանությունները պարզապես չեն կարողանալու հին սխալներ հիշել, որովհետև նոր եկող ուժը դրանց համար պատասխանատվություն չի կրելու։ Իսկ իշխանությունն ամենաքիչը ութ տարվա պատասխանատվություն է ունենալու։
Ընդդիմադիրների կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ից սկսված ու մինչև այսօր շարունակվող քաղաքական տապալումները իշխանություններին բացառիկ հնարավորություն են տվել քաղաքական դաշտը մաքրելու հնից, նորից, ամեն ինչից ու երկրին քաղաքական նոր ու թարմ շնչառություն տալու, որովհետև ժողովուրդը ոչ միայն զզվել է քաղաքական «նախկին-ներկա» կռվից, այլև կորցնում է հետաքրքրությունը քաղաքական գործընթացների նկատմամբ և հրաժարվում է մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին։ Դրա լավագույն ապացույցը Երևանի քաղաքապետի ընտրությունն էր, երբ երևանցիների ճնշող մեծամասնությունը չգնաց ընտրություններին և «ոչ» ասաց բոլորին։ Ու Երևանի ավագանին կազմվեց չնչին ձայներ ստացած, մի կերպ իրար կցմցած կուսակցություններից, որոնք ատում են իրար։ Իշխանությունները սրա մասին պիտի մտածեն, առավել ևս, որ ներկայիս ընդդիմությունը վտանգ չի ներկայացնում նրանց համար։ Իշխանությունները պիտի մտահոգվեին Երևանի քաղաքապետի ընտրությունները տեսնելով, երբ Երևանում(որը Հայաստանի քաղաքական, տնտեսական սիրտն է) ժողովուրդը մեծամասամբ չգնաց ընտրությունների, արդեն թքած ունենալով, թե ով կլինի, որովհետև այլևս հույս չունի որևէ նորմալ խոսք լսելու։ Քաղաքապետի ընտրությունները փոքր, բայց հիմնավոր վտանգ են պարունակում իրենց մեջ այն առումով, որ եթե 2026թ․ ընտրություններն անցնեն այն մթնոլորոտում, որը կար 2021-ի խորհրդարանականի ու 2023-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ապա պատկերը լինելու է գրեթե նույնը՝ կոալիցիոն իշխանություն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և անհաշտ ընդդիմություն՝ պայմանական Քոչարյանի գլխավորությամբ, որից հետո ԱԺ-ը կրկին կդառնա անձնական հարցերի լուծման հարթակ, իսկ օրենսդիր կորպուսի առաքելությունը կմղվի երրորդ պլան։
Սա նշանակում է խեղդել երկրի քաղաքական միտքն ու ապագան։ Սա նշանակում է բնի մեջ սպանել նոր նոր ձևավորվող այն քաղաքական նախաձեռնություններն ու գաղափարները, քանի որ դրանք պարզապես անհետանում են «ներկա-նախկին» կռվում։ Այս ամենն իր հետևից բերում է ևս մի քանի խնդիրներ՝ ինչպես օրինակ դատաիրավական ոլորտի անառողջ ու խայտառակ վիճակի խորացում, կամ՝ նոր ու թարմ հայացքների քննարկման, նոր առաջարկների բացակայություն։
Իշխանություններն ուղղակիորեն պատասխանատու են այսօրվա ու վաղվա քաղաքական ճահիճի համար։ 1991-2018թթ․ քաղաքական վակուումի հետևանքով կիսամեռ եղած քաղաքական համակարգը այդպես էլ չթարմացվեց։ Թեև կարող ենք ասել, որ իշխանությունները երկու տարում չհասցրին քաղաքական նոր մշակույթ ձևավորել(բայց չմոռանանք նաև Կարգին Հայկոյի քավորությամբ սևերի ու սպիտակների կռիվը), իսկ պատերազմն էլ ամեն ինչ խառնեց իրար։ Ենթադրենք, որ պատերազմից հետո էլ իշխանությունը բազմաթիվ հարցերով էր զբաղված, ինչպես նաև արտախորհրդարանական ընտրություններով ու արտաքին քաղաքականության մի շարք ցավոտ հարցերով։ Իսկ ի՞նչ է խանգարում հիմա սկսել այդ ամենը։ Իսկ գուցե իշխանությունները վստա՞հ չեն, որ ներկայիս ընդդիմության բացակայության պայմաններում կկարողանան վստահ հաղթանակ տանել, այնպես ինչպես 2018-ին ու 2021-ին։ Բայց դա նշանակում է երկիրն ընդմիշտ պահել քաղաքական սթրեսի մեջ։ Նշանակում է անընդհատ խորացնել մղձավանջը։
Իրականում ընդդիմությունը կարող է ընդամենը մեկ օրում փաստի առաջ կանգնեցնել իշխանություններին։ Հեռանալ քաղաքականությունից՝ լրիվ, ամբողջ ռեսուրսով ու դաշտը թողնել բոլոր նրանց, ովքեր լրիվ արդարացիորեն կարող են հարց տալ իշխանություններին։ Եվ իշխանությունները ստիպված կլինեն շատ շատ ջանք թափել, որպեսզի ավելի լավը լինեն նոր ընդդիմությունից։ Բայց ընդդիմությանը ևս ձեռք է տալիս իշխանությունը։ Քանի կա Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը միշտ իր բաժին կունենա ընդդեմ ՔՊ-ի։
Իշխանությունները գոնե այդքանը պիտի հասկանան։ Հայաստանի Հանրապետությունը սրա-նրա քաղաքական կրքերի իրագործման ջրհորը չէ։ ՔՊ-ը իշխանության է եկել միմիայն նրա շնորհիվ, որ ժողովուրդը դեմ էր Ս․ Սարգսյանի ռեժիմին։ Միայն։ Բայց բացառման կարգով իշխանության գալով ՔՊ-ը՝ փոխանակ քաղաքականացնելու, քաղաքացիականացնելու ժողովրդին, կուսակցականացրեց։
Ինչո՞ւ է այս քննադատությունն ուղղված գլխավորապես իշխանությանը, այլ ոչ ընդդիմությանը։ Որովհետև ընդդիմությունն այս տեսքով անելիք չունի։ Կկարողանա՞ վերապրոֆիլավորվել ու իր մեղքերն ընդունելով նորից գալ ժողովրդի մոտ, անկասկած մարդիկ կլսեն նրանց։ Բայց այս պահին իշխանությունն է առաջնորդում երկրի նաև քաղաքական գնացքը։ Եվ ՔՊ-ը, որ արդեն 6 տարի է իշխանություն է, երկու տարի հետո այլևս չի կարողանալու խաղարկել «նախկինների» հաջողակ քարը։ Երկու տարի հետո ՔՊ-ը Ս․ Սարգսյանի ու Ռ․ Քոչարյանի չափ իշխանություն է եղած լինելու։ ՔՊ-ը ինքն է նախկին դառնալու այս տեմպերով։ Բայց ամենավատն այն է, որ ՔՊ-ը ճանապարհ է բացում այն հաջորդի համար, ով հանգիստ սրտով կարող է պայքար հայտարարել «նոր նախկինների»՝ այսինքն հենց ՔՊ դեմ ու ցանկացած խնդրի ժամանակ ասել, որ նախկին իշխանություններն այնպես են փչացրել ամեն ինչ, որ միանգամից հնարավոր չէ որևէ լուրջ փոփոխություն արձանագրել։ Ով-ով, բայց ՔՊ-ը բոլորից լավ պետք է հասկանա, թե ինչ է նշանակում ջախջախիչ մեծամասնությամբ ուժ ունենալ երկրում։ Նախկինները արգելակել են քաղաքականությունը և փչացրել վերածննդի քաղաքականությունը, հիմա էլ ՔՊ-ը ունի ջախջախիչ մեծամասնություն, բայց դրա փոխարեն նախ 4 ամիս չէին կարողանում հանձնաժողովի փոխանախագահ ընտրել, հետո հազիվ կարողացան ավագանի ձևավորել, այն էլ կոալիցիայով, այդպես էլ չկարողացան անցումային դատական համակարգ ձևավորել ու իրենք իրենց ձեռքով արդարացրին նրանց ում դեմ պայքարում էին՝ նույն Ռ․ Քոչարյանին և Ս․ Սարգսյանին։ Ու պետք չէ հիմա կանգնել ու ասել, որ դատավորները նախկինների ծառաներն են և այլն։ Արդարացումներ կգտնվեն միշտ, բայց հարցն այն է, որ այս դեպքում երկու բան կարելի է մտածել, որ կամ՝ իշխանություններին ձեռք է տալիս այդ վիճակը, կամ նրանք բավականաչափ ուժ չունեն արդարադատություն իրականացնելու համար։ Իսսկ եթե ոչ դա, ոչ էլ մյուսը, ապա գուցե նախկին նախագահները իրո՞ք անմեղ են։ Այդ դեպքում ո՞ւմ դեմ էր պայքարում 2018-ին Նիկոլ Փաշինյանը։
Նման օրինակներ կարելի է տասնյակներով բերել, բայց հիմնական միտքը կարծում, եմ պարզ է։
ՔՊ-ը քիչ ժամանակ ունի քաղաքական դաշտն առողջացնելու փորձի համար։ Եթե ոչ, նա ոչ միայն ինքն իր ձեռքին է խփելու, այլև ավելի է խորացնելու Հայաստանի անառողջ ու քայքայված քաղաքական ճահիճը։