Հայաստան

Պուտինը Միայնակ Է Մնացել

Ալիեւը կտրվի՞ Հայաստանի տարածքի մի մասն «օկուպացնելու» գայթակղությանը, թե՞ կընդունի Հայաստանի հետ «անհապաղ խաղաղության համաձայնագիր ստորագրելու» ԱՄՆ պահանջը:

Վահրամ Աթանեսյան

Հանոյից՝ Բաքու. Պուտինը լիովին մենա՞կ է

Վիետնամը միշտ Միացյալ Նահանգները դիտարկել է որպես ռազմավարական նշանակության գործընկեր եւ պատրաստ է նրա հետ աշխատել համապարփակ գործընկերությունն առաջ մղելու համար՝ նպատակ ունենալով արդյունավետ, կայուն եւ բովանդակային զարգացման հասնել՝ հիմք ընդունելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միմյանց քաղաքական ինստիտուտների փոխադարձ ճանաչումը, ինչը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին,- ԱՄՆ պետքարտուղարի Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերով տեղակալ Դենիել Կրիտենբերկի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Վիետնամի արտաքին գործերի նախարար Բույ Թհան Շոնը:

Մեզ այստեղ (ուկրաինական պատերազմում) ոչ ոք օգնության չի գալու, պետք է հույսներս մեզ վրա դնենք – Հյուսիսային Կորեա եւ Վիետնամ այցելությունից հետո Կրեմլում ասել է ՌԴ նախագահ Պուտինը: Եւ դա «ըստ ամենայնի, դիվանագիտական ծածկախոսություն չէ, այլ՝ ինքնախոստովանություն: Այսպես կոչված՝ Գլոբալ հարավի աջակցության կամ լոյալության մասին ռուսաստանյան մամուլի բազմաթիվ դիտարկումները միայն քարոզչություն են: «Մենք ձեզ ծափահարում ենք, բայց ձեզ հետ Վաշինգտոնը չենք գրոհի» – այդ երկրների դիրքորոշումն ընդհանրական ձեւակերպել է արեւմտյան վերլուծաբաններից մեկը:

Այս ֆոնին Regnum գործակալությունը Երեւանում Բելառուսի նախագահի թեկնածու Տիխանովսկայային ընդունելու եւ Պաղեստինի անկախությունը ճանաչելու որոշման առթիվ վերլուծական է հրապարակել: Դիտարկումներից «նախագահին վերագրում է քարոզչությունը, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից հեռանում, այլ Ռուսաստանն է „հայկական տարածքը ֆրանս-ամերիկյան պլացդարմի բացատ դարձնում,“ բայց իր կողմից անմիջապես շտկում է անում. «Իհարկե, այն տարածքը, որ Ադրբեջանը չի օկուպացնի,»:

Գործնականում այս ակնարկը հասցեագրված է ոչ այնքան Երեւանին, որքան՝ Բաքվին: Դա «ստուգողական կրակոց» է, որպեսզի հասկանալ, թե ինչ տոնայնություն է իշխել Բլինքեն-Ալիեւ օրերս կայացած հեռախոսազրույցում, որի ընթացքում, ինչքանով հասկացվում է, Ադրբեջանի նախագահը փորձել է Վաշինգտոնից ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման աջակցություն ստանալ:

Ռուսաստանյան կիսապաշտոնական լրատվամիջոցի երկրորդ շատ կարեւոր դիտարկումն այն է, որ Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը գնահատվում է «արտաքին քաղաքական շատ գրագետ քայլ, որ արդեն Մոսկվայի դեմ չէ,»: Բայց հատկապես ընդգծվում է, որ դրանով Փաշինյանը կարող է «հանել Թեհրանում իր նկատմամբ 2018 թվականից առկա կասկածամտությունը,»: Ենթատեքստից հասկացվում է, որ Երեւանի այդ որոշումը Մոսկվային եւ Բաքվին որոշակիորեն զրկում է Իրանի «ականջներին փսփսալու» հնարավորությունից:

Կարելի է, թերեւս, արձանագրել, որ Պուտինի «ասիական ՆԱՏՕ» ստեղծելու նախագիծը չի աշխատում: Խիստ կասկածելի է, որ Թուրքիան անվտանգային հարցերում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատի: Իսկ աշխարհաքաղաքական այդ դասավորությունը, թվում է, ապաակտուալացնում է Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային ստատուս քվոյի շուրջ 3+3 ձեւաչափի համաձայնությունը: Դա այլեւս Հայաստանի դիրքորոշման տիրույթի հարց չէ, այդպիսին է օբյեկտիվ իրականությունը:

Անորոշ է մնում մի հարց՝ Ալիեւը կտրվի Հայաստանի տարածքի մի մասն «օկուպացնելու» գայթակղությա՞նը, թե՞ կընդունի Հայաստանի հետ «անհապաղ խաղաղության համաձայնագիր ստորագրելու» ԱՄՆ պահանջը: Մինսկի խմբի լուծարման ալիեւյան իդեա-ֆիքսը Հայաստանի համար լրջագույն մարտահրավեր է: Այս բարդ փուլում Ստեփանակերտի հետեւողական լռությունը ոչ միայն անհասկանալի, այլեւ ենթատեքստային է:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *