Հայաստան

Մինսկի Խումբը Դեռ Անելիքներ Ունի

Հենց այդ քննարկումը բացառելու համար է, որ Իլհամ Ալիեւը «մոգոնել» է «խնդրանքի» ինստիտուտը եւ փորձում է դրան միացնել Երեւանին՝ շանտաժով: Որովհետեւ, երբ Երեւանն ու Բաքուն «համատեղ խնդրում» են լուծարել Մինսկի խումբը եւ հետեւաբար նաեւ համանախագահությունը, ապա այդտեղ արդեն որեւէ քննարկում ինքնին դառնում է անիմաստ: Իսկ քննարկումը Ալիեւին անհանգստացնում է իրապես, որովհետեւ այդ պարագայում նա կարող է կանգնել իր համար տհաճ փաստերի առաջ։

Հակոբ Բադալյան

Մինսկի խմբի մասով առնվազն կա մի անելիք, որից տագնապում է Ալիեւը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը տարիներ առաջ ավարտել է դիվանագիտական ծառայությունը ԱՄՆ պետքարտուղարությունում, հայտարարում է, որ Մինսկի խմբի համանախագահությունը տարիներ շարունակ շատ կարեւոր առաքելություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ ապահովել խաղաղությունը: Ըստ Ուորլիքի, այժմ, երբ Ադրբեջանը ռազմական ճանապարհով փոխել է իրավիճակը, մնացյալ բոլոր գործնական հարցերում Մինսկի խմբի անհրաժեշտություն այլեւս չկա, համարում է նախկին դիվանագետը:

Սա տարօրինակ կարծիք է, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ստեղծվել Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու համար, այն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական առաքելության համար: Խաղաղության ապահովումը սրա բաղադրիչ է, բայց ամենեւին ոչ միակը: Ըստ այդմ, ինքնին փաստը, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով փոխել է իրավիճակը՝ ագրեսիայի ենթարկելով Լեռնային Ղարաբաղն ու նաեւ ագրեսիայի սպառնալիք կիրառելով Հայաստանի հանդեպ, նշանակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի պատասխանատվություն:

Հետեւաբար, եթե անգամ այսօր խումբը եւ համանախագահությունը չունեն անելիք՝ գործնական տիրույթում, ապա մի անելիք առնվազն կա՝ հաշվետվություն ավելի քան երկու տասնամյակի գործունեության եւ մանդատից բխող առաքելության համար: Այդ հաշվետվությունից հետո՝ համանախագահությունը կարող եւ լուծարվել, այսինքն հաշվետվությունից հետո որեւէ եզրակացություն բացառել հնարավոր չէ: Բայց, այդ ամենը պետք է լինի հաշվետվությունից հետո: Քանի դեռ չկա այդ հաշվետվությունը, չկա արված գործունեության քննությունը, քննարկումը, չպետք է լինի խմբի եւ համանախագահության լուծարում:

Հենց այդ քննարկումը բացառելու համար է, որ Իլհամ Ալիեւը «մոգոնել» է «խնդրանքի» ինստիտուտը եւ փորձում է դրան միացնել Երեւանին՝ շանտաժով: Որովհետեւ, երբ Երեւանն ու Բաքուն «համատեղ խնդրում» են լուծարել Մինսկի խումբը եւ հետեւաբար նաեւ համանախագահությունը, ապա այդտեղ արդեն որեւէ քննարկում ինքնին դառնում է անիմաստ: Իսկ քննարկումը Ալիեւին անհանգստացնում է իրապես, որովհետեւ այդ պարագայում նա կարող է կանգնել իր համար տհաճ փաստերի առաջ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *