Հայաստան

Բաքվի Հետ Է Պետք Լուրջ Խոսել

Հայաստանի դիվանագիտությունը պետք է ունենա թիկունքային լուրջ աջակցություն: Սա ինչպե՞ս գիտական, վերլուծաբանական հանրության, այնպես էլ բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է։

Վահրամ Աթանեսյան

Բաքվի «վեցերորդ զգայարանը» պետք է չեզոքացվի

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Հայաստանի սահմանադրությունը համարում է խաղաղության պայմանագրի «հիմնական խոչընդոտ»: Գործընթացի ամենասկզբից տպավորություն կար, որ Բաքուն խոչընդոտ էր անվանելու Ադրբեջանի սահմանադրությունը, որի իմաստով այդ երկիրը ոչ թե Ադրբեջանի խորհրդատվական սահմանադրություն, այլ՝ 1918-20թ.թ. գոյություն ունեցած Ժողովրդական հանրապետության իրավահաջորդն է: Ըստ էության, խաղաղության պայմանագրի շուրջ Ալիեւի դիրքորոշման խորքային իմաստը դա է, որ նենգափոխվում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների պահանջով։

Միջազգային հարթակներում Ալիեւը ներկայանում է որպես «խաղաղարար» եւ վկայակաչում, որ առաջինը Բաքուն է ներկայացրել հաշտության հինգ սկզբունքները։ Դրանք հրապարակված են, բայց այնտեղ խոսքը միմյանց տարածքային ամբողջականության, քաղաքական ամբողջության, սահմանների անխախտելիության ճանաչման, ապագայում փոխադարձաբար տարածքային պահանջներ չներկայացնելու, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, կոմունիկացիաների բացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ասպարեզներում համագործակցության մասին է։

Բաքվի «վերկերորդ զգայարանը» պետք է չեզոքացվի: Ինչպե՞ս: Նախ, Հայաստանի դիվանագիտությունը պետք է ունենա թիկունքային լուրջ աջակցություն: Սա ինչպե՞ս գիտական, վերլուծաբանական հանրության, այնպես էլ բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է, որ իշխանություններին «Էրդողան-Ալիեւ տանդեմի ցանկությունները բավարարելու» պաթետիկ քարոզչության փոխարեն կարող են ունեցած կապերով քարոզչություն զարգացնել, որ տարածքային պահանջներ Ադրբեջանի սահմանադրությունը ունի, քանի որ օրինականացնում է 1918-20թ.թ. գոյություն ունեցած Ժողովրդական հանրապետությանը՝ նրան վերագրելով միջազգային ճանաչվածություն: Ենթատեքստն այն է, որ այդ, իրականում միայն դե-ֆակտո պետության ինքնահռչակած տարածքն «օրինական է».

Որքան էլ արտառոց չհնչի Բաքվի «վեցերորդ զգայարանը» չեզոքացնելու համար Հայաստանը կարող է բանակցային օրակարգ բերել երկու երկրների սահմանադրա-իրավական համակարգի բարեփոխման խնդիրը: Ադրբեջանը իր առաջարկություններում այդ դրույթը չի ներառել, քանի որ պայմանագիրը ենթադրում է փոխադարձ պարտավորություններ եւ հավասար իրավունքներ: Եւ եթե այսօր պնդում է, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի, ապա հարց է ծագում՝ ինչու՞: Չէ՞ որ իր իսկ ներկայացրած սկզբունքներում նման հղում չկա:

Հետեւաբար կամ պայմանագիրն ստորագրվում է այդ հինգ սկզբունքների հիման վրա, կամ բանակցային օրակարգ է բերվում կողմերի սահմանադրա-իրավական համակարգի համարժեք փոփոխության հարցը: Այլ կերպ ասած՝ Հայաստանը եւ Ադրբեջանը վերադառնում են 1991թ. դեկտեմբերի 21-ի իրավական ստատուս-քվոյին՝ որպես ԽՍՀՄ-ի փլուզմամբ ինքնիշխանություն ձեռք բերած երկրներ:

Տպավորությունը, որ Ալիեւը «միջազգային ճնշման տակ ստիպված է լինելու խաղաղության պայմանագիր ստորագրել», միայն տպավորություն է: Նախ, շատ անորոշ է «միջազգային ճնշում» ասվածը: Երկրորդ, Ալիեւը ցանկացած պահի վկայակոչելու է «ադրբեջանական ժողովրդի կամքը», եւ խուսափելու է այնպիսի փաստաթուղթ, որը Բաքվին կզրկի 1918-20թ.թ. գոյություն ունեցած Ժողովրդական հանրապետության «տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրավունքից»: Ուզում ենք մենք ընդունել այս իրողությունը, թե՝ ոչ, դրանից ոչինչ չի փոխվում:

Կա նաեւ տարբերակ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեն հարաբերությունների կարգավորման «շրջանակային համաձայնագիր», հիմք ընդունելով 2022թ. մարտի 14-ին Բաքվի հրապարակած հինգ սկզբունքները: Բայց ինչ-որ հանգրվանի հասնելու համար Հայաստանում հարկ է ձեւավորել ներքին կոնսենսուս:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *