Ավելորդ է թերեւս խոսել այն մասին, թե Ֆրանսիայում քաղաքական իրավիճակը որքան կարեւոր է Հայաստանի համար, հաշվի առնելով այն կարեւոր դերը, որ Ֆրանսիան ունի Հայաստանի արտաքին հարաբերությունների արեալում, ընդ որում թե երկկողմ, թե նաեւ ավելի լայն իմաստով:
Հակոբ Բադալյան
Ինչ է փոխվում Ֆրանսիայում. Հայաստանի աչալրջությունը
Ֆրանսիայում նախօրեին կայացած խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլում հաջողություն են արձանագրել աջակողմյան ուժերը՝ Մարի Լե Պենի գլխավորությամբ: Երկրորդ ցուցանիշը ձախ ուժերի Նոր ազգային ճակատ միավորնանն է, իսկ գործող նախագահ Մակրոնի առաջնորդած շարժումը ընդամենը երրորդն է: Մեկ շաբաթ անց տեղի է ունենալու ընտրության երկրորդ փուլը եւ այդ ժամանակ ավելի պարզ կլինի, թե ինչպիսի հարաբերակցություն է Ֆրանսիայում: Սակայն, քիչ հավանական է, որ նախագահ Մակրոնին հաջողվի էապես շտկել իրավիճակը: Մարի Լե Պենը իր կողմնակիցներին կոչ է արել ակտիվ մասնակցել երկրորդ փուլին, ասելով, որ սա դեռ հաղթանակ չէ:
Արդեն խոսվում է այն մասին, որ հնարավոր է Մակրոնը փորձի կոալիցիա ձեւավորել ձախերի հետ, այդ կերպ պահպանելով մեծամասնությունը խորհրդարանում: Միաժամանակ, գնահատականներ կան, որ Մարի Լե Պենն էլ կարող է փորձել պայմանավորվել այսպես ասած «հին աջեր» համարվող Ֆրանսիայի հանրապետականների հետ:: Բոլոր դեպքերում, առայժմ այդ մասին խոսակցությունները խիստ հարաբերական են, քանի դեռ սպասվում է երկրորդ փուլը եւ հստակ չէ ուժերի վերջնական դասավորությունը: Մի բան թերեւս բավականին նկատելի է՝ նախագահ Մակրոնի առաջնորդած քաղաքական ուժի պարտությունը: Ընդ որում, այն երկրորդն է վերջին ամսվա ընթացքում, քանի որ այդ ուժը պպարտվեց նաեւ Եվրախորհրդարանի ընտրությանը: Մեծ հաշվով, դրանից հետո Մակրոնը հայտարարեց Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության մասին:
Գրեթե կասկած չկա, որ Ֆրանսիայում կփոխվի կառավարություն: Ինչպիսին կլինի նորը, պարզ կդառնա հուլիսի 7-ին երկրորդ փուլի արդյունքում: Ավելորդ է թերեւս խոսել այն մասին, թե Ֆրանսիայում քաղաքական իրավիճակը որքան կարեւոր է Հայաստանի համար, հաշվի առնելով այն կարեւոր դերը, որ Ֆրանսիան ունի Հայաստանի արտաքին հարաբերությունների արեալում, ընդ որում թե երկկողմ, թե նաեւ ավելի լայն իմաստով: Իհարկե Ֆրասիան եւս այն պետությունների շարքից է, որը ունի իր ռազմավարությունը եւ այն գործնականում անփոփոխ է՝ անկախ իշխանությունների փոփոխությունից, սակայն Ֆրանսիան էլ իր միջազգային դերով ունի այն մասշտաբը, երբ անգամ տակտիկական նշանակության փոփոխությունները կարող են նշանակալի լինել ավելի համեստ երկրներ համար:
Ֆրանսիայի պարագայում անշուշտ կա մի կարեւոր եւ էական հանգամանք՝ կա իրապես կայացած եւ ինստիտուցիոնալ ամրություն ունեցող հայկական սփյուռք, որն իր տասնամյակների աշխատանքով ու կապերով կարողացել է ֆրանսիական քաղաքական միջավայրի առանցքային ուժերի հետ ձեւավորել բավականին կայուն աշխատանքային հարաբերություններ: Հայաստանի համար կարեւոր է Ֆրանսիայի հետ աշխատանքում հաշվի առնել այդ հանգամանքը՝ իրավիճակի կառավարելիությունն ապահովելու համար, չնայած այն հնարավոր փոփոխություններին, որոնք թերեւս անխուսափելի են՝ հաշվի առնելով խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլի պատկերը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։