Հայաստան

Հայ֊ադրբեջանական Զարգացման ՈՒղիներ

Անկարայի ակնկալիքները, որ Իրանը կմիանա Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքին, չարդարացան: Եվրասիական ինտեգրացիայի ռեսուրսը, որ Ալիեւը ծրագրում էր գործի դնել որպես Հայաստանին ներկայացվող «կոնսոլիդացված պահանջ» Իրանի ընտրված նախագահի հայտարարությամբ չամբողջացավ:

Վահրամ Աթանեսյան

Հայ-ադրբեջանական «շրջանակային համաձայնագի՞ր»

Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այդ մասին տեղեկություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն: Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության խոսնակն ասել էր, որ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով բանակցությունների պայմանավորվածություն չկա: Այդուհանդերձ, պարզունակ կլինի ասել, թե Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը Վաշինգոտնում ինքնուրույն որոշում են կայացրել՝ ըդնունելով ԱՄՆ պետքարտուղարի առաջարկությունը:

Եռակողմ հանդիպման համաձայնություն, անշուշտ, տվել են Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը: Իսկ եթե ավելի առարկայական ասվի, ապա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը կայանում է, որովհետեւ Իլհամ Ալիեւն իր համաձայնությունը տվել է: Ի՞նչ է փոխվել: Եվրամիությունը փաստացի միջազգային քաղաքականության առումով հուլիսի 6-ին օկուպացված Շուշիում ԹՊԿ գագաթաժողովը ոչ լեգիտիմ է ճանաչել: Ճիշտ է, Բրյուսելի կոշտ արձագանքը կոնկրետ Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիան միջազգայնացնելու փորձի անթույլատրելիության մասին էր, բայց հասկացվեց, որ Եվրամիությունը «թուրքական աշխարհի» ինստիտուցիոնալացումը մերժում է:

Երկրորդ կարեւոր հանգամանքն Իրանի ընտրված նախագահի միանշանակ հայտարարությունն է, որ Թեհրանի արտաքին քաղաքականությունը որոշում է Գերագույն հոգեւոր առաջնորդը եւ որեւէ փոփոխություն չի կրելու: Անկարայի ակնկալիքները, որ Իրանը կմիանա Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքին, չարդարացան: Եվրասիական ինտեգրացիայի ռեսուրսը, որ Ալիեւը ծրագրում էր գործի դնել որպես Հայաստանին ներկայացվող «կոնսոլիդացված պահանջ» Իրանի ընտրված նախագահի հայտարարությամբ չամբողջացավ:

Հուլիսի 8-9-ին Մոսկվայում այցելեց Հնդկաստանի վարչապետ Մոդին: Եթե միջազգային եւ հատկապես ռուսաստանյան մամուլը Պուտին-Մոդի բանակցությունները գնահատում են որպես Արեւմուտքի կողմից Ռուսաստանի մեկուսացման ծրագրի ձախողում, ապա միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ Նյու-Դելին այդ քայլով Մոսկվվային աշխարհաքաղաքական մանեւրների հնարավորություն ընձեռեց: Մինչ այդ, «թուրքական աշխարհը» Ռուսաստանին գրեթե վերջնագիր էր ներկայացնում:

Իլհամ Ալիեւի դիրքորոշման փոփոխությանը, կարծես, ազդել է նաեւ Թուրքիան: ՆԱՏՕ-ի գագաթաժողովից Էրդողանի մի քանի ակնկալիքներ ունի, որոշիչ է լինելու ԱՄՆ կեցվածքը: Այս իրավիճակում Էրդողանին լիովին ձեռնտու է ներկայանալ որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների շուտափույթ կարգավորման ոչ միայն կողմնակից, այլեւ որոշակի իմաստով՝ մոդերատոր:

Ավելի վաղ մի քանի անգամ տեսակետ ենք հայտնել, որ հայ-ադրբեջանական փաթեթային պայմանագրի ստորագրումը ոչ միայն այսօր, այլեւ տեսանելի ապագայում հնարավոր չէ: Փակուղին որոշակիորեն հաղթահարելու մի հնարավորություն կա՝ հասնել հարաբերությունների կարգավորման սկզբունքների համաձայնեցման եւ ստորագրել կամ շրջանակային փաստաթուղթ՝ բարդ հարցերը թողնելով առանձին պայմանագրերի կարգավորմանը:

Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպման մասին նման կարծիք է արտահայտել «Քարնեգի հիմնադրամի» առաջատար մասնագետ, Հարավային Կովկասի հարցերով հեղինակավոր փորձագետ Թոմաս դը Վաալը: «Լավատեսական սցենարն այն է, որ երկկողմ գործընթացում ձեռք բերվի ինչ-որ համաձայնություն, որից հետո միջազգային հանրությունը կսատարի եւ կլրացնի դետալները, հնարավոր է՝ ընդունվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ»,-ասում է նա։

Միացյալ Նահանգների պետքարտուղարը նման առաջարկություն կանի՞: Սկզբունքների համաձայնեցման եւ շրջանակային փաստաթուղթ նախաստորագրելու մասին վերջերս նաեւ Իլհամ Ալիեւն է խոսել: Թերեւս այդ պատճառով է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցումը ձգձգվում է: Չափազանց բարդ է հավատ ընծայել, որ Բաքուն նույնիսկ միջանկյալ փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամություն կդրսեւորի:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *