Հայաստան

Ի՞նչ Են Խոսել Միրզոյանն ՈՒ Բայրամովը

Ադրբեջանը պատրաստվում է գուցե էսկալացիայի նոր միջավայրային հնարավորության եւ այն օգտագործելուն: Արդյո՞ք այդ հանգամանքն էլ օգտագործվում է Երեւանին «խիզախ քայլերի» մղելու համար:

Հակոբ Բադալյան

Ինչ են խոսել Բլինքենը, Միրզոյանն ու Բայրամովը

Հայաստանի արտգործնախարարը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպման կազմակերպման համար, նշելով նաեւ, որ Հայաստանն ունի քաղաքական կամք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ավարտին հասցնելու եւ ստորագրելու համար: Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման առնչությամբ տարածվել է բավականին համեստ բովանդակությամբ հաղորդագրություն այն մասին, որ կողմերը քննարկել են խաղաղության պայմանագրի հարցում առաջընթացը եւ պայմանավորվել են շարունակել աշխատանքը:

ԱՄՆ հայտնել է իր վճռական աջակցությունը այդ գործընթացին: Այստեղ չկա որեւէ նոր բան: Սովորաբար, հաղորդագրությունների այդպիսի համեստությունը պայմանավորված է լինում իրապես անարդյունավետությամբ, կամ հակառակը՝ որեւէ պայմանավորվածությամբ, որը սակայն ունի իմպլեմենտացիայի հեռանկարի հանրային մատուցման ուղղությամբ լրացուցիչ աշխատանքի կարիք, եւ ավելորդ բարձրաձայնումները դիտվում են այդ աշխատանքին խոչընդոտ: Ո՞ր դեպքի հետ գործ ունենք վաշինգտոնյան հանդիպման պարագայում, բարդ է ասել: Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ:

Համենայն դեպս այդքան է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունների «ժամանակային հեռավորությունը»՝ հանդիպման մեկնարկի ու ավարտի մասին հաղորդագրությունների: Համենայն դեպս, Վաշինգտոնի հանդիպումից առաջ Բաքուն մի քանի անգամ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտ է համարում Հայաստանի Սահմանադրությունն ու այն փոխելը ստորագրման պայման է: Ընդ որում, այդ մասին Ադրբեջանը ասել է նաեւ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալ Ջեյմս Օ Բրայանին, որը Երեւան այցից օրեր անց ժամանել էր Բաքու:

Ի դեպ, Բաքվում նա հայտարարել էր, որ Երեւանը պատրաստ է «խիզախ քայլերի»: Թե ինչ «խիզախ քայլերի» մասին է խոսքը, պարզ չէ, եւ պարզ չէ նաեւ, թե ինչի է պատրաստ Բաքուն: Ավելին, Բաքվի պահվածքից բավականին պարզ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության պայմանագրի: Եվ ավելին՝ Ադրբեջանը պատրաստվում է գուցե էսկալացիայի նոր միջավայրային հնարավորության եւ այն օգտագործելուն: Արդյո՞ք այդ հանգամանքն էլ օգտագործվում է Երեւանին «խիզախ քայլերի» մղելու համար:

Հոդվածը 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *