Հայաստան

Բաքուն Փորձում Է Շրջափակել Հարավային Կովկասը

Իսլամաբադն ի դեմս Իլհամ Ալիեւի տեսել է ոչ միայն ազդեցիկ քաղաքական գործչի, այլեւ հաղթած բանակի գերագույն գլխավոր հրամանատարի, ինչը հակամարտություններով ճարակված Եվրասիական հսկայական տարածքում՝ Մերձավոր Արեւելքից մինչեւ Հեռավոր Արեւելք, կրկնակի է գնահատվում»։

Վահրամ Աթանեսյան

Բաքուն Հարավային Կովկասի շուրջ գլոբալ կոնֆրոնտացիոն միջավայր է ձեւավորում

Ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Պակիստան երկօրյա այցը: Հուլիսի 12-ին այդ երկրի նախագահի հետ կարճատեւ, զուտ արարողակարգային հանդիպումից հետո նա մեկնել է Պակիստանի Ռազմաօդային եւ տիեզերական ուժերի «Նուր խան» հենակայան, որտեղ ծանոթացել է նորագույն սպառազինությունների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների, որ ունակ են միջուկային մարտագլխիկ կրել: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Պակիստանը զինանոցում ունի վաթսունութ միջուկային մարտագլխիկ:

Ալիեւի օրակարգում ներառնված էր նաեւ հանդիպում Պակիստանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարի հետ, բայց այդ մասին պաշտոնական տեղեկություն չի տարածվել: Դրանից չի հետեւում, թե նա Պակիստանի բարձրաստիճան զինվորականության հետ քննարկումներ չի ունեցել: Ընդհակառակը: Չափազնաց մեծ է հավանականությունը, որ կողմերը ռազմական դաշինքի փաստաթուղթ են համաձայնացրել, որ առայժմ գաղտնի է պահվում:

Ադրբեջանը վերջին շրջանում ռազմավարական համագործակցության պայմանագիր է կնքել Կենտրոնական Ասիայի երկու թուրքախոս պետությունների՝ Ուզբեկստանի եւ Կիրգիզիայի հետ, իսկ Չինաստանը քննարկում է Պակիստան-Կենտրոնական Ասիա միջանցք ստեղծելու հեռանկարը: Տարեսկզբին Աֆղանստան է մեկնել Ադրբեջանի ԱԳՆ պատվիրակությունը, քննարկվել է Թալիբանի իշխանությունը դե-ֆակտո ճանաչելու եւ հարաբերությունների հաստատման հարցը: Դեպի Պակիստան հողարդակցության համար Աֆղանստանը կարեւոր նշանակություն ունի, քանի որ սահմանակից է եւ Կենտրոնական Ասիային, եւ Պակիստանին:

Բաքու-Իսլամաբադ ռազմական նոր դաշինքի օգտին է խոսում նաեւ Ադրբեջանի իշխանական մամուլի ակնհայտ էյֆորիկ տրամադրվածությունը: Խոսելով Իլհամ Ալիեւի ինքնաթիռը պակիստանյան կործանիչների կողմից ուղեկցելու մասին, haqqin.az-ը մասնավորապես շեշտադորւմ է «խնդիրն անգամ Իսլամաբադի եւ Նյու-Դելիի պատմական հակամարտությունը չէ, այդ թվում՝ հետխորհրդային երկրների նկատմամբ ազդեցության հարցում: Պարզապես պաշտոնական Իսլամաբադն ի դեմս Իլհամ Ալիեւի տեսել է ոչ միայն ազդեցիկ քաղաքական գործչի, այլեւ հաղթած բանակի գերագույն գլխավոր հրամանատարի, ինչը հակամարտություններով ճարակված Եվրասիական հսկայական տարածքում՝ Մերձավոր Արեւելքից մինչեւ Հեռավոր Արեւելք, կրկնակի է գնահատվում»։

Ակնարկը շատ թափանցիկ է, մանավանդ ասվում է, որ ուժեղ հարեւանի հետ դիմակայության մեջ Պակիստանը կարող է ապավինել միայն իր ռազմական ներուժին: Խոսքն, անկասկած, հնդկա-պակիստայան հակամարտության մասին է, որ գրեթե ութ տասնամյակ տեւում է՝ կապված Ջամու-Քաշմիր նահանգի շուրջ տարածքային վեճի հետ: Այս փուլում, կարծես, Պակիստան-Հնդկաստան ռազմական հավանականությունը բարձր չէ: Պակիստանը տնտեսական լրջագույն խնդիրներ ունի:

Բայց ոչ մի երաշխիք չկա, որ Ջամու-Քաշմիրի շուրջ իրավիճակը ցանկացած պահի չի սրվի: Բաքվի ձեռնարկած դիվանագիտական քայլերից, Ալիեւի Իսլամաբադ այցի շուրջ իշխանական մամուլի բարձր նոտայի հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը Պակիստանին ռազմական աջակցության խոստում է տվել: Դա, հավանաբար, ֆորմալ տեսքի կբերվի եռակողմ՝ Անկարա-Բաքու-Իսլամաբադ համաձայնագրով կամ քաղաքական բնույթի հայտարարությամբ: Ալիեւն այդ կերպ Հարավային Կովկասի շուրջ կոնֆրոնտացիոն միջավայր է ձեւավորում: Ո՞վ եւ ի՞նչ դերակատարություն է նրա համար նախանշել:

Հոդվածը 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *