Հայաստան

Ո՞վ Է Կանգնեցնելու Պատերազմը

Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Արաղչին Բաքու է այցելել, երբ ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները Շուշիի մատույցներում էին: Պոստ-ֆակտում, ինչ խոսք, տանելի է թվում նաև Շուշին հանձնելու գնով զինադադար հաստատելու հնարավորությունը:

Վահրամ Աթանեսյան

Պատերազմը կանգնեցնում է սկսող կողմը

Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆը հուշերի գիրք է հրատարակել, որտեղ ասում է, որ Հայաստանը մերժել է Թեհրանի «հրադադարի պլանը»: Սա առիթ է տվել, որպեսզի վերստին թեզ շրջանառվի, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր ավելի նպաստավոր պայմաններով կանգնեցնել պատերազմը:

Ինչի՞ մասին է խոսքը: 2020 թ. հոկտեմբերի 27-ին Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Աբաս Արաղչին ԼՂ կարգավորման իրանական նախաձեռնությունն առաջինը ներկայացրել է Բաքվում: Ադրբեջանի հրապարակային արձագանքը, որ հնչեցրել է արտաքին քաղաքական հարցերով Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, հետևյալն է. «Իրանը, որպես տարածաշրջանային տերություն, տարածաշրջանի պետություն, նույնպես իրավունք ունի մասնակցելու Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործընթացին: Ապագայում, գուցե, հնարավոր է ինչ-որ մեխանիզմներ, կոնտակտային խմբեր լինեն: Իրանը նույնպես կարող է հակամարտության կարգավորմանն իր ներդրումը բերել»:

Սա կարելի՞ է համարել ԼՂ կարգավորման իրանական ծրագրին պաշտոնական Բաքվի համաձայնություն: Իհարկե՝ ոչ: Բաքուն դիվանագիտորեն հասկացնում է, որ կոնկրետ զինադադարի հաստատման հարցում Իրանի միջնորդությունը պահանջված չէ, Թեհրանը կարող է մասնակցել հետպատերազմական գործընթացին, երբ, գուցե, կստեղծվեն ինչ-որ մեխանիզմներ, կոնտակտային խմբեր:

Պետք է ուշադրություն դարձնել, որ Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Արաղչին Երևան է այցելել հոկտեմբերի 29-ին՝ մինչ այդ բանակցություններ վարելով Բաքվում և Մոսկվայում: Ընդ որում, Իրանի նախաձեռնությունը հաջորդել է Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին, որ գործնական արդյունք չեն ունեցել:

Իրերը պետք է կոչել իրենց անուններով. Իրանի նախաձեռնությունը ոչ թե հակամարտությունը կարգավորելու կամ զինադադար հաստատելու մասին էր, այլ հետպատերազմական Հարավային Կովկասում իր ներկայության մասին, որը Թեհրանը փորձել է կարգավորել Բաքվի և Մոսկվայի հետ: Նախկին արտգործնախարար Զարիֆը խոստովանում է, որ Ռուսաստանն այդ նախաձեռնությունը, մեղմ ասած, չի ողջունել և նախապատվություն է տվել Թուրքիայի հետ կոորդինացիային:

Եվ առհասարակ, պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին որևէ դիսկուրս ծավալելուց առաջ պետք է նկատի ունենալ, որ 2020 թ. հոկտեմբերի 8-9-ին ՌԴ արտգործնախարար Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում Զոհրապ Մնացականյան-Ջեյհուն Բայրամով բանակցություններից հետո Իլհամ Ալիևը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում ասել է, որ պատերազմը կանգ կառնի, երբ ինքը կստանա Հայաստանի վարչապետի ստորագրությամբ հաստատված զորքերի դուրս բերման գրաֆիկը, բայց «այս անգամ մենք առանց Շուշիի չենք համաձայնի»:

Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Արաղչին Բաքու է այցելել, երբ ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները Շուշիի մատույցներում էին: Պոստ-ֆակտում, ինչ խոսք, տանելի է թվում նաև Շուշին հանձնելու գնով զինադադար հաստատելու հնարավորությունը: Բայց պետք է նկատի ունենալ, որ Իրանը նախաձեռնություն է ցուցաբերել մի փուլում, երբ համաձայնություն էր ձեռք բերվել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի 29-ին Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ համաձայնեցնելու զինադադարի պայմանները:

Այդ հանդիպումը կայացել է մեկ օր ուշացումով, բայց որևէ արդյունք չի արձանագրել: Մարտական գործողությունները շարունակվել են, որովհետև Ադրբեջանը կրակի դադարեցման և նույնիսկ հումանիտար բնույթի համաձայնությունների հասնելու ոչ մի շահագրգռվածություն չի ունեցել: Ըստ երևույթին, սկզբունքային է եղել զինադադարի երաշխավորի հարցը: Այստեղ Բաքվի և Մոսկվայի շահերը լիովին համընկնում էին՝ բացառել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դերը:

Հոդվածը՝ 1in.am կայքում։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *