Հայաստան

Օրբանը Վա-Բա՞նկ Է Գնում

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Թուրքիայի նախագահը բացահայտել է, որ թեեւ սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, պատերազմող կողմ չի դառնա: Պեկինում Հունգարիայի վարչապետն ասել է, որ Ռուսաստանն, այո, ներխուժել է Ուկրաինա, բայց ինքը դատավոր չէ։

Վահրամ Աթանեսյան

Հունգարիայի վարչապետի խորհրդական Բալաժ Օրբանը Magyar Nemzet թերթին ասել է, որ Ուկրաինա, Ռուսաստան եւ Չինաստան այցից, Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի հետ հանդիպումներից հետո Եվրամիության երկրների առաջնորդներին ներկայացրել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման իրատեսական ծրագիր: Նրա գնահատմամբ՝ եթե Եվրամիությունը ձգտում է խաղաղության, ապա պետք է փոխի իր քաղաքականությունը, քանի որ հունգարական առաջարկությունը բխում է իրավիճակի ռեալիստական գնահատակից եւ առաջադրում է ռեալիստական նպատակներ եւ քայլերի համապատասխան ժամանակացույց:

Օրբանի ծրագրի մասնրամասնությունները հայտնի չեն, կարելի է միայն ենթադրել, որ նրա առաջարկության հիմնական կետը վերաբերում է ներկայիս շփման գծով հրադադարի հաստատմանը: Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Օրբանը նախ ասել է, որ Պուտինը չի ընդունում այդ գաղափարը, բայց Պեկին այցից հետո որոշակի սրբագրում է արել. Ռուսաստանը կհամաձայնի, եթե հրադադարի հաստատումը չի նպաստի, որ Ուկրաինան զորքերի վերադասավորում, վերատեղաբաշխում եւ վերազինում իրականացնի: Կիեւը միանշանակորեն մերժում է ռազմաճակատային գիծը հրադադարի գոտի ֆիքսելու առաջարկությունը:

Հայտնի է, որ Օրբանի Կիեւ, Մոսկվա եւ Պեկին այցից հետո արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ հանձնակատար Բորելը հայտարարել է, որ նա Եվրամիությունը չի ներկայացնում, այդ շփումները բացառապես երկկողմ են: Այս ֆոնին ամերիկյան Politico-ն, հղելով միանգամից երեք դիվանագիտական աղբյուրների, գրում է, որ Բորելը ծրագրում է խափանել օգոստոսին Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների բուդապեշտյան խորհրդաժողով անցկացնելու Օրբանի ծրագիրը:

Ըստ աղբյուրների օգոստոսի 28-29-ին Բորելը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների պաշտոնական նիստ կգումարի: Եթե այն ժամանակի առումով համընկնի Օրբանի նախաձեռնությանը, ապա «արտաքին գործերի նախարարները» Բուդապեշտ չեն կարող մեկնել: Այդպես է, թե՝ «ոչ, ոչ ոք առաժմ մեկնաբանություն» չի անում: Հունգարիայի վարչապետի խորհրդականի դժգոհությունից հասկացվում է, որ ԵՄ անդամ երկրների առաջնորդներն Օրբանի ուկրաինական ծրագրին բավարար ուշադրություն չեն դարձրել, կողմերի միջեւ կոմյունիկացիա չկա:

Այս իրավիճակում աչքի է ընկնում Վաշինգտոնում Օրբան-Էրդողան հանդիպումը: ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Թուրքիայի նախագահը բացահայտել է, որ թեեւ սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, պատերազմող կողմ չի դառնա: Պեկինում Հունգարիայի վարչապետն ասել է, որ Ռուսաստանն, այո, ներխուժել է Ուկրաինա, բայց ինքը դատավոր չէ: Միջազգային մամուլը Հունգարիայի վարչապետի դիվանագիտական մարաթոնից դուրս է թողնում հուլիսի 6-ին Ադրբեջան նրա այցը:

Հունգարիան Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ է: Չի բացառված, որ ուկրաինական կարգավորման իր նախաձեռնությունը նա ներկայացրել է նաեւ ԹՊԿ անդամ պետությունների առաջնորդներին: Ադրբեջանական փորձագետներից ոմանք տեսակետ են հայտնում, որ ռուս-ուկրաինական կարգավորման միջնորդություն կարող է ցուցաբերել նաեւ ԹՊԿ-ն: Մեծ է հավանականությունը, որ Եվրամիությունը կմերժի ռուս-ուկրաինական կարգավորման Օրբանի ծրագիրը:

Ի՞նչ է հետեւելու: Օրբանը վա-բանկ կգնա եւ կդիմի ԹՊԿ աջակցությա՞նը: Եվրամիության անդամ որոշ երկրներից Սլովակիայի վարչապետ Ֆիցոն ապրիլին այցելել է Ադրբեջան, Բաքուն բավական սերտ կապեր ունի Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ: Ավելի վաղ փորձագիտական կարծիք է հնչել, որ Օրբանը եւ Ալիեւը գործում են Արեւելյան Եվրոպայում «Պուտինի ակումբ» ձեւավորելու համար: Հունգարիան կընտրի ԹՊԿ-ի լիիրավ անդամության ճանապարհը: Եվրամիությունը ԹՊԿ-ն որպես միջազգային լեգիտիմ կառույց չի ճանաչում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *