Կովկասում Պակիստանն ունի ռազմա-քաղաքական դաշնակից՝ Ադրբեջան, որի նախագահն ի դեպ հենց օրերս էր այցելել Պակիստան: Պակիստանի հետ գործակցում է նաեւ Իրանի մեկ այլ մրցակից՝ Չինաստանը, որն իհարկե հակառակորդ չէ, ինչպես Պակիստանը, բայց անշուշտ գլոբալ մրցակցության սուբյեկտ է:
Հակոբ Բադալյան
Հնդկաստանի խնդիրը Կովկասում, ընդդեմ «թյուրք-պակիստանյան» պատի
Տարածաշրջանում հաղորդակցությաան նոր կապուղիները պետք է հարգեն պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կառուցվեն ոչ խտրական առևտրի և երկրների տարանցիկ իրավունքների հիման վրա, օրերս Շանհայի գործակցության կազմակերպության միջոցառման շրջանակում հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը: Նա իհարկե չի արտահայտվել կոնկրետ Կովկասի հաղորդուղիների առնչությամբ, այլ ավելի շատ կենտրոնացել է Հնդկաստանի ու կենտրոնասիական ռեգիոնի հաղորդակցության վրա, Պակիստանը շրջանցելու «նշանառությամբ»:
Մյուս կողմից սակայն, Կովկասը այդ իմաստով մեղմ ասած հեռու չէ այդ տրամաբանությունից, եթե հաշվի առնենք, որ Հնդկաստանի արտգործնախարարը արտահայտվել է նաեւ Հյուսիս-հարավ նախագծի վերաբերյալ ընդհանրապես: Սա Հնդկաստանի համար առանցքային ուշադրության առարրկա ծրագրերից մեկն է եւ հենց դրա համար է նաեւ Դելին Իրանի հետ կնքել Չաբահար իրանական նավահանգստի արդիականացման եւ շահագործման տասնամյա պայմանագիր, որ ստորագրվեց մայիսի 13-ին: Հյուսիս-հարավը նաեւ Հնդկաստանի վարչապետ Մոդիի հուլիսի 8-ին Մոսկվա կատարած այցի օրակարգի առանցքային հարցերից մեկն էր: Հենց այստեղ էլ այն տրամաբանությունն է, որ Հնդկաստանը դիտարկում է կենտրոնասիական երկրների ու Աֆղանստանի հետ հաղորդակցության իմաստով՝ շրջանցել իր հակառակորդ Պակիստանը:
Կովկասում Պակիստանն ունի ռազմա-քաղաքական դաշնակից՝ Ադրբեջան, որի նախագահն ի դեպ հենց օրերս էր այցելել Պակիստան: Պակիստանի հետ գործակցում է նաեւ Իրանի մեկ այլ մրցակից՝ Չինաստանը, որն իհարկե հակառակորդ չէ, ինչպես Պակիստանը, բայց անշուշտ գլոբալ մրցակցության սուբյեկտ է: Իսկ Չինաստանն օրերս ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեց Ադրբեջանի՝ Պակիստանի ռազմա-քաղաքական դաշնակցի հետ: Ավելորդ է թերեւս ասել, որ Հնդկաստանի համար Հյուսիս-հարավ նախագծի հարցում մեղմ ասած ցանկալի չէ կախվածությունը Ադրբեջանից, որովհետեւ դա ըստ էության նշանակելու է նաեւ կախվածություն Պակիստանից: Բայց, այլընտրանքը Իրան-Հայաստան-Վրաստան ուղին է, որը սակայն ունի ռուս-վրացական «արգելափակոցը»:
Մեծ հավանականությամբ Մոդին Պուտինի հետ քննարկել է այդ արգելափակոցի հարցը լուծելու հեռանկարները: Մոսկվան ու Թեհրանը առայժմ Հյուսիս-հարավը զարգացնում են Ադրբեջանի տարածքով: Սա նաեւ օբյեկտիվ է, որովհետեւ վրաց-ռուսական հաղորդակցության հարցը բարդ է: Այստեղ սակայն Հնդկաստանի համար կա մեկ այլ կարեւորություն՝ Միջին միջանցքի փոխարինումը, այլ կերպ ասած՝ Կենտրոնական Ասիայի կապը իրանական Չաբահարով դեպի Հայաստան, Վրաստան ու Սեւ ծով: Սա իհարկե որոշակիորեն երկար է, քան Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա տարբերակը, կամ նույնիսկ՝ Ադրբեջան, Վրաստան Սեւ ծով կամ Թուրքիա:
Բայց, այստեղ է ահա, որ Դելիի համար էական է երկրների լիարժեք սուվերենության եւ տարածքային ամբողջության ապահովումը, քանի որ այդ դեպքում Հայաստանը կլինի Ադրբեջանի գործոնի լիարժեք ապահովում, այսինքն ճանապարհների աշխատանքը ամբողջապես կախված չի լինի Թուրքիայից ու Ադրբեջանից, հետեւաբար նրանք չեն ունենա «մոնոպոլ դիրք», եթե Հայաստանի տարածքում չունենան հաղորդակցության որեւէ արտոնյալ ռեժիմ:
Հոդվածը՝ 1in.am կայքից։