Բաքվի մամուլը գրեթե նույն տոնայնությամբ քննարկում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները եւ հանգում եզրակացության, որ Միացյալ Նահագները «հազիվ թե սկզբունքային հարցերում, ինչպիսին, օրինակ Սիրիայի հյուսիս քրդական ինքնավարության խնդիրն է, ընդունի Էրդողանի մոտեցումները»:
Վահրամ Աթանեսյան
Մոսկվան «բացահայտում է» Դոնալդ Թրամփին. երրորդ համաշխարհային պատերազմն անխուսափելի՞ է
Մեզ ականջահաճո է լսել Ուկրաինայի եւ անձամբ Զելենսկիի հասցեին Դոնալդ Թրամփի քննադատությունը, բայց «արդյոք ամեն ինչ այդքան հովվերգական» է,- գրում է ՌԻԱ-Նովոստի պետական գործակալության մեկնաբանը եւ ձեւակերպում, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն «խորապես թքած ունի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի վրա»։ Նրա գնահատմամբ՝ ամերիկյան ռազմա-քաղաքական եւ գործարար իսթեբլիշմենթը «պարզապես ժամանակ չունի. եւս մի քանի տարի՝ եւ միայն մահապարտը կհանդգնի մրցակցության մեջ մտնել Չինաստանի հետ»:
Ռուսաստանցի վերլուծաբանի հայացքով՝ Թրամփը «մտադիր է ոչ թե դադարեցնել ուկրաինական պատերազմը, այլ պատասխանատվությունը թողնել Եվրոպայի վրա եւ բոլոր ուժերը կենտրոնացնել Չինաստանի ուղղությամբ»։ Վաշինգտոնը Պեկինի հետ բաց առճակատման չի գնա, համոզված է ՌԻԱ-Նովոստիի հեղինակը, բայց «կսրի Թայվանի շուրջ իրավաճակը, որպեսզի Չինաստանի նկատմամբ դժոխային պատժամիջոցներ, մաքսային սահմանափակումներ կիրառի, որովհետեւ սեփական «ժանգոտած գոտին» վերականգնելու այլ հնարավորություն պարզապես չունի»։
Ռուսաստանի նկատմամբ Թրամփի «բարյացկամությունը» նա հիմնավորում է Մոսկվա-Պեկին դաշինքը խոչընդոտելու ռազմա-քաղաքական նպատակադրվածությամբ, որի «նվազագույն նշաձողը Ռուսաստանի գոնե չեզոքությունն է»: Որքանո՞վ են արժանահավատ կամ հավանական այս դիտարկումները, կարող են դատել լավատեղյակ փորձագետները: Հետաքրքիրը քաղաքական ենթատեքստն է”
Կարեւոր է նկատել, որ հրապարակումը հաջորդում է Թրամփի դեմ «մահափորձին» եւ Կրեմլի հայտարարությանը, որ Վլադիմիր Պուտինը նրա հետ կապվելու մտադրություն չունի: Ի՞նչ խորհուրդ ունի Ռուսաստանի նախագահի այդ ժեստը: Պուտինը Թրամփի հետ չի շփվել, որպեսզի ԱՄՆ-ի ներքին գործերին միջամտելու համար իրեն քննադատելու առիթ չտա՞: Մինչ այդ էլ նրա մամուլի խոսնակն ասել է, որ Հունգարիայի վարչապետը «Պուտինից Թրամփին ուղերձ չի տանում»:
Կարելի է ենթադրել «Պուտինը Թրամփի հետ շփումներից խուսափում է», որպեսզի նրա քարոզարշավին չվնասի։ Բայց այդ դեպքում պետք է ընդունել «ամերիկյան հանրությունը Պուտինին գործընկեր չի ընդունում»: Այս առումով ՌԻԱ-Նովոստիի վերլուծականը ոչ մի դրական հեռանկար չի հուշում, քանի որ բաց անոնսավորում է «Ռուսաստանը ոչ մի դեպքում Չինաստանի» «թիկունքը չի մերկացնի»:
Ուշագրավ է, որ Բաքվի մամուլը գրեթե նույն տոնայնությամբ քննարկում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները եւ հանգում եզրակացության, որ Միացյալ Նահագները «հազիվ թե սկզբունքային հարցերում, ինչպիսին, օրինակ Սիրիայի հյուսիս քրդական ինքնավարության խնդիրն է, ընդունի Էրդողանի մոտեցումները»:
Մոսկվայում եւ Անկարայում Թրամփի հաղթանակի հետ առանձնակի լուրջ հույսեր չեն կապվում: Բացառված չէ, որ այդ հակաքարոզչությունը տեղեկատվական հնարք է, բայց ինչու՞ այդքան բացահայտ եւ Թրամփի հասցեին կոշտ ձեւակերպումներով: ՌԻԱ-Նովոստիի հեղինակը նրան ներկայացնում է որպես «հիստերիկի, որ տեսակետն առաջ է մղում բանակցությունների սեղանին բռունցքի հարվածներով,»: Իսկ Բաքվի լրատվամիջոցը գրում է, որ 2017թ. նա խոստացել է զորքերը հեռացնել Սիրիայից, բայց «երբ զինվորականներն ըմբոստացել են, վայրկենապես հրաժարվել է Էրդողանին տված խոստումից»:
Ըստ երեւույթին, Կրեմլը հույս չունի, որ Թրամփը կընդունի ուկրաինական կարգավորման Պուտինի վերջնագիրը: Եթե Մոսկվան հեռանկարն իրոք այդպես է տեսնում եւ Թրամփին «բացահայտում» որպես Չինաստանի դեմ պատերազմի նախապատրաստվողի, ապա միջազգային քաղաքականության ապագան ավելի մռայլ է, քան թվում է: Լեհաստանի նախագահ Դուդան հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել ՆԱՏՕ-Ռուսաստան ուղղակի բախմանը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։