Նկատելի է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունը «հագեցվել» է լարվածության բավականին բարակ, բայց արդեն նկատելի զգայուն նյարդով: Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը ըստ էության նկատելի նվազեցրել է Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ազդեցության «հողը»,եւ միտումը պահպանվում է:
Հակոբ Բադալյան
Նախօրեին Ադրբեջանում տեղի է ունեցել արտգործնախարար Բայրամովի հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ Եվրասիայի ու Հարավային Կովկասի հարցերի գլխավոր վարչության պետի հետ: Հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մի շարք ձեւակերպումներ վկայում են այն փոխադարձ անվստահության ու դժգոհության մասին, որ նշմարվում է Բաքու-Անկարա փոխհարաբերությունում եւ ինչի մասին առիթ եմ ունեցել գրելու եւ խոսելու վերջին ամիսներին: Մասնավորապես, նշվում է կողմերի միջեւ գործակցությունը «ակտիվացնելու» անհրաժեշտության մասին: Դա ըստ էության նշանակում է, որ ինչ որ կողմի գնահատմամբ, նվազել է փոխադարձ գործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում:
Ըստ ամենայնի, այստեղ իհարկե հիմնական «պահանջատերը» Թուրքիան է, որը նկատելի դժգոհ է Ալիեւի «ինքնուրույնության» հավակնություններից եւ պարբերաբար նրան հիշեցնում է 44-օրյա պատերազմի արդյունքի համար ունեցած պարտքի մասին: Ադրբեջանի ՊՆ-ն էլ չրերս շատ չոր էր արձագանքել Էրդողանի՝ «Ղարաբաղ մտնելու» մասին հերթական հայտարարությանը, ասելով, թե ադրբեջանական զինուժից բացի ոչ ոք չի մտել Ղարաբաղ, իսկ Թուրքիան ու Պակիստանն էլ ցուցաբերել են լոկ քաղաքական աջակցություն եւ արժանացել շնորհակալության:
Այսինքն, Էրդողանին Բաքվից ասացին, փաստորեն, որ Թուրքիան անգամ քաղաքական աջակցության հարցում չի եղել միակը: Այդ հայտարարությունից երկու օր անց Բաքվում տեղի է ունենում արտգործնախարարի եւ Թուրքիայի ԱԳՆ Հարավային Կովկասի գլխավոր վարչության պետի հանդիպումը: Ըստ ամենայնի, Էրդողանը նրան Անկարա է գործուղել հենց Բաքվի ՊՆ պատասխանից հետո: Որքանո՞վ է նրան հաջողվել սանձել Ալիեւին, կերեւա թերեւս առաջիկայում, սակայն ԱԳՆ տարածած հաղորդագրությունը վկայում է, որ Ադրբեջանը հեշտ չի հանձնվում եւ «սանձվում»: Ավելին, ըստ ամենայնի Բաքուն ակնկալում է, որ Անկարան Երեւանի հանդեպ կիրառի ավելի կոշտ, ճնշման քաղաքականություն:
Ըստ ամենայնի այդ մասին է վկայում ձեւակերպումը, թե Բայրամովը թուրք պաշտոնյային է ներկայացրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացում մնացող խնդիրներն ու բարդ հանգամանքները: Ըստ երեւույթին այս տրամադրությունների «հիման» վրա էր Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը նախօրեին հայտարարել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, երբ խաղաղություն հաստատվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Չնայած դրան, բավականին նկատելի է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունը «հագեցվել» է լարվածության բավականին բարակ, բայց արդեն նկատելի զգայուն նյարդով: Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը ըստ էության նկատելի նվազեցրել է Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ազդեցության «հողը»,եւ միտումը պահպանվում է: Անկարան սրան մի կողմից փորձում է պատասխանել Երեւանի հետ շփումների «ինստիտուտով», մյուս կողմից սակայն, հարկ է նկատել, որ այս հարցում Անկարան առավել կախվածություն ունի Բաքվից, քան հակառակը, առնվազն կարճաժամկետ կտրվածքով:
Հոդվածը՝ 1in.am կայքից։