Հայաստան

Մոսադի Մարդասպանը Թեհրանում

Այսինքն, եթե Մոսկվան պահանջում է Կրասիկովի փոխանակումը, իսկ հայրենիք վերադառնալուց հետո նա արժանանում է պետական պարգևի, ապա ընդունում է, որ հատուկ ծառայությունների աշխատակիցը «մարդասպան է, որ գործել է Պուտինի հանձնարարությամբ»: Եվ նրա կերպարին ավելանում է ևս մեկ շտրիխ՝ նա պատվիրում է քաղաքական մրցակիցների սպանություններ:

Վահրամ Աթանեսյան

«Լրտեսափոխանակում»՝ Հանիայի սպանությունից հաջորդ օրը «Մոսադը» Թեհրանում վարձու մարդասպա՞ն ունի

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, այսպես ասած՝ «պահվող անձանց» վերաբերյալ Արեւմուտք-Ռուսաստան փոխանակումն է, որ իրականացվել է Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում: Իրազեկ աղբյուրներն ասում են, որ տարիներ տևած շատ բարդ բանակցություններն ընթացել են հատուկ ծառայությունների միջոցով, ներգրավված է եղել նաև Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը:

Ըստ այդմ, Արեւմուտք-Ռուսաստան գործարքը գրանցվում է Թուրքիայի նախագահի ակտիվներում, կարեւորում Անկարայի՝ որպես բարդ հարցերում գործունակ միջնորդի, միջազգային հեղինակությունը, նրան օժտելով «մեծ խաղացողի» կերպարով: Հետագա ի՞նչ շահ կքաղի Թուրքիան, մնում է ենթադրել:

Այդ փոխանակումն աչքի է ընկնում արարողակարգի բացառիկությամբ. հայրենիք վերադարձողներին անձամբ դիմավորել է Վլադիմիր Պուտինը, իսկ ԱՄՆ նախագահ Բայդենն ու փոխնախագահ Հարիսը ողջունել են ԱՄՆ ժամանածներին: Կողմերն, այսպիսով, միջազգայնացրել են, որ գործարքն ամենևին էլ մարդասիրական չէ: Ընդ որում, Պուտինը դավաճանության մեջ մեղադրվողներին ներում է շնորհել և արտաքսել, կոպիտ ասած՝ վերադարձրել է նրանց տերերին:

Այս համատեքստում առանձնանում է Վադիմ Կրասիկով ներկայացվող անձի հանգամանքը, որ ազատ է արձակվել Գերմանիայից, որտեղ ցմահ բանտարկության էր դատապարտված: Նա մեղադրվում էր չեչեն դաշտային հրամանատար, Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության մեջ, причём ոչ թե սպանությունը կազմակերպելու, այլ՝ անձամբ իրականացնելու: Ավելի պարզ ասած, Կրասիկովը դատապարտվել է որպես քիլեր, վարձու մարդասպան:

Ոչ ոք այդ մարդու իսկական ինքնությունը չգիտի: Տարածված տեսակետ է, որ նա ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից է: Փոխանակված անձանց դիմավորել են «Վնուկովո-2» օդանավակայանում, ներկա են գտնվել նաև ԱԴԾ և Արտաքին հետախուզության ծառայության տնօրենները: Նախագահ Պուտինը հայտարարել է, որ նրանց հետ առանձին հանդիպում կունենա, և նրանք կարժանանան պետական պարգևների, քանի որ «երդմանը չեն դավաճանել»:

Որոշ փորձագետների գնահատմամբ՝ Վադիմ Կրասիկովի փոխանակումը Ռուսաստանի հատուկ ծառայությունների «ձեռքերն ազատում է» այն իմաստով, որ նրանք աշխարհի ցանկացած կետում կարող են «նոր սպանություններ պատվիրել՝ վստահ լինելով, որ բացահայտվելու դեպքում «Կրասիկովի նախադեպը» կգործի»:

Տեղեկություն կա, որ Կրասիկովի դեպքում Պուտինը նախապայման է դրել. եթե նա չի վերադառնում, ապա գործարքն առհասարակ չի կայանում, և Գերմանիային Միացյալ Նահանգներն է «համոզել»: Փորձագիտական մի վարկած էլ պնդում է, որ Կրասիկովին Գերմանիայում ներում են շնորհել և հանձնել, որպեսզի Ռուսաստանի «հատուկ ծառայությունները հեղինակազրկվեն»:

Այսինքն, եթե Մոսկվան պահանջում է Կրասիկովի փոխանակումը, իսկ հայրենիք վերադառնալուց հետո նա արժանանում է պետական պարգևի, ապա ընդունում է, որ հատուկ ծառայությունների աշխատակիցը «մարդասպան է, որ գործել է Պուտինի հանձնարարությամբ»: Եվ նրա կերպարին ավելանում է ևս մեկ շտրիխ՝ նա պատվիրում է քաղաքական մրցակիցների սպանություններ:

«Նյու-Յորք Թայմսը» գրել է, որ Իսմայիլ Հանիայի ննջասենյակում հեռակառավորվող ռումբ է պայթել, որն տեղադրվել էր նրա Թեհրան այցից երկու ամիս առաջ: Եվ ինչու՞ Արեւմուտք-Ռուսաստան «լրտեսափոխանակման գործարքը» կայացել է Հանիայի սպանությունից ընդամենը մեկ օր անց: «Մոսադը» Թեհրանում վարձու մարդասպաններ ունի՞: Իսմայիլ Հանիան Մերձավոր Արեւելքում միայն Իսրայելի՞ն էր խանգարում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *