Իրանն ու Իսրայելը արդեն փակել են իրենց օդային տարածությունները, ինչը նշանակում է, որ հաշվարկը թերեւս ընդանում է այլեւս ժամերով: Միացյալ Նահանգները ռեգիոնին է մոտեցնում լրացուցիչ օդուժ՝ Իսրայելի պաշտպանության համար:
Հակոբ Բադալյան
«Սիոնիստական վարչակարգի վե՞րջ», թե՞ «կարուսելի» անվերջ պտույտ
Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակվել է գրառում՝ «եկել է սիոնիստական վարչակարգի վերջը»: Առաջին անգամը չէ, որ Իրանի պաշտոնյաները անում են բավականին կտրուկ հայտարարություններ ու գրառումներ: Դրանք ավելի շուտ հիշեցնում են «ժանրի կանոն», քան վկայում քաղաքական կոնկրետ որոշումների մասին: Միեւնույն ժամանակ, արդեն փաստ է, որ Իրանը ՄԱԿ քարտուղարությանը տեղեկացրել է, որ Իսրայելին կհարվածի ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն:
Մասնավորապես, ՄԱԿ կանոնադրության 51-րդ կետն արձանագրում է պետության ինքնապաշտպաննության անքակտելի իրավունքը, եթե այդ պետությունը ենթարկվում է գրոհի: Իրանը ՄԱԿ կանոնադրության նույն հոդվածին հղումով էր 2024-ի ապրիլին հարվածել Իսրայելին՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հասցված հարվածի: Իրանն ու Իսրայելը արդեն փակել են իրենց օդային տարածությունները, ինչը նշանակում է, որ հաշվարկը թերեւս ընդանում է այլեւս ժամերով: Միացյալ Նահանգները ռեգիոնին է մոտեցնում լրացուցիչ օդուժ՝ Իսրայելի պաշտպանության համար:
Այս ամենը հիշեցնում է մարկեսյան «Մի հայտարարված սպանության քրոնիկոնը»: Այդուհանդերձ դժվար է ասել, թե արդյո՞ք այդ ամենը «սիոնիստական վարչակարգի վերջի» մասին է, թե՞ մի «կարուսելի» անվերջ պտույտների, երբ թե «սիոնիստական վարչակարգը», թե Իրանի պետական-հոգեւոր կարգը, միմյանց հետ «հավերժական դիմակայությամբ» ըստ էության ավելի շատ դնում եւ հետապնդում են միմյանց պահպանման, քան ոչնչացման խնդիր:
Տպավորություն է, որ Իրանի եւ Իսրայելի կառավարող համակարգերի կենսունակությունը հենց այն փոխադարձ հակամարտության հավերժությունն է, որ ստացվել է արդեն չորս տասնամյակ, եւ որը գործնականում փոխելը կարծես թե այդքան էլ չի բխում թե մեկի, թե մյուսի «էքզիստենցիալ» շահից:
Իհարկե, պատկերը չի սահմանափակվում այդ երկու ծայրահեղությամբ կամ բեվեռներով, քանի որ այդ «ռեժիմի» շուրջ ծավալվում են նաեւ այլ խոշոր դերակատարների սցենարներ, բայց կարծես թե առ այսօր գոյություն չունի մերձավորարեւելյան այնպիսի սցենար, որն իր մասշտաբով, իր շուրջ կոնսոլիդացիայի շրջանակով, եւ իր տակ դրված ռեսուրսով կարող է հավակնել «երկու ծայրահեղությունների» ռեժիմի՝ հետեւաբար ռեգիոնալ ստատուս-քվոյի փոփոխության: Ռեգիոնալ մեծ պատերազմի հեռանկարը կախված է թերեւս այդ հանգամանքից, քանի որ այդպիսի սցենարի առկայության պարագայում, դրա իրավործման ամենահավանական տարբերակը կդիտվի թերեւս հենց մեծ պատերազմը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։