Հայաստան

Հայաստանը Մեծացնում Է Իր Ռազմական Ուժը

(Մաս առաջին)

Դենդիասն այցից որոշ ժամանակ անց նշեց, որ Հունաստանը կարող է դասեր քաղել Լեռնային Ղարաբաղում 2020-ի պատերազմի ժամանակ դրոնների (անօդաչու թռչող սարքերի) կիրառումից։ Դրանից հետո ադրբեջանական իշխանամերձ մեդիան Հունաստանին մեղադրեց Հայաստանը՝ դեռ զարգացման փուլում գտնվող իր հակադրոնային միջոցների համար «փորձադաշտ» դարձնելու մեջ։

Հովհաննես Նազարեթյան

Վերջին երկու տարում Հնդկաստանը և Ֆրանսիան, որոնց հետ ոչ վաղ անցյալում առանձնակի ռազմական հարաբերություններ գրեթե չկային, դարձել են Հայաստանի սպառազինության հիմնական մատակարարները։ Ըստ հնդկական լրատվականների հրապարակումների՝ Հայաստանը այդ երկրից պատվիրել է զգալի ծավալի սպառազինություն՝ հրետանի (հաուբիցներ և համազարկային համակարգեր), հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր և այլն։ Իսկ Ֆրանսիայից Հայաստանը գնել է զրահափոխադրիչներ, ռադիոլոկացիոն կայաններ, հաուբիցներ, հնարավոր է նաև տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցներ։
Միաժամանակ, Հայաստանն ընդլայնում է ռազմական ոլորտում համագործակցությունն այլ երկրների հետ ևս։ Պաշտպանության նախարարությունը վերջին ամիսներին հայտնել է վեց այլ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Դրանք են՝ Հունաստանը, Չեխիան և Սլովակիան, Իտալիան, Բուլղարիան և Գերմանիան։ Ռազմատեխնիկական համագործակցությունն իր մեջ ներառում է սպառազինության վաճառք, տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցում, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ (R&D) և այլ հարակից հարցեր։ Հայաստանը Ռուսաստանից աստիճանաբար հեռանալով` անվտանգության ոլորտում սկսել է հարաբերությունները տեսանելիորեն խորացնել նաև ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։
Մարտին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ռուսաստանի կշիռը Հայաստանի սպառազինության ձեռքբերումների մեջ 2021-ից այս կողմ 96 տոկոսից նվազել է՝ հասնելով 10 տոկոսից էլ պակասի։ Ավելի ուշ նա հայտնեց, որ Հայաստանը սպառազինության ձեռքբերման հարցում ունի չորս-հինգ գործընկեր։ Թեև նա չէր հստակեցրել, թե Հնդկաստանից և Ֆրանսիայից բացի որ երկրների մասին է խոսքը, Գրիգորյանը նշել էր, որ դրանք «եվրոպական, արևմտյան երկրներ են»։
Ստորև՝ ռազմական ոլորտում Հայաստանի նոր գործընկեր երկրների ցանկը՝ հետահայացք գցելով նախկինում համագործակցությանը և մեկտեղելով վերջին զարգացումները։

Հունաստան
Հունաստանը երկար ժամանակ եղել է Հայաստանի կարևոր գործընկերը և պատուհանը դեպի ՆԱՏՕ և ԵՄ։ Երկու երկրների միջև ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրվել է դեռևս 1996-ին։ Իսկ 1998-ից հայ կուրսանտները հնարավորություն են ունեցել ուսուցում ստանալ Հունաստանի զինվորական ուսումնական հաստատություններում։
2023-ի դեկտեմբերին պատշպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը և Նիկոս Դենդիասը Աթենքում ստորագրեցին ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր։ Նախարար Դենդիասը հայտարարել էր, որ Հունաստանը ցանկանում է Հայաստանի նման բարեկամական, դաշնակից երկրների հետ համագործակցել՝ իրենց պատշպանական կարողությունները «նորարարական լուծումների միջոցով» ուժեղացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ Հունաստանն ամբողջությամբ պատրաստ է համագործակցության թափը պահել՝ ի շահ երկու երկրների։
Երկու նախարարները մարտին հանդիպեցին Երևանում՝ քննարկելու ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները և նախանշելու համագործակցության նոր ուղղություններ: Նրանք պայմանավորվեցին 2023-ի դեկտեմբերին կնքված համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։ ՀՀ Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրեց հունիսի 12-ին։ Այն կարգավորում է զենք ու զինամթերք արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցումը և տեխնիկական աջակցություն ու փորձի փոխանակում, հետազոտությունների իրականացումը, համատեղ կազմակերպությունների հիմնումը և այլն։
Դենդիասն այցից որոշ ժամանակ անց նշեց, որ Հունաստանը կարող է դասեր քաղել Լեռնային Ղարաբաղում 2020-ի պատերազմի ժամանակ դրոնների (անօդաչու թռչող սարքերի) կիրառումից։ Դրանից հետո ադրբեջանական իշխանամերձ մեդիան Հունաստանին մեղադրեց Հայաստանը՝ դեռ զարգացման փուլում գտնվող իր հակադրոնային միջոցների համար «փորձադաշտ» դարձնելու մեջ։ Նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին պնդեց, թե Հունաստանն անթաքույց ձևով զինում է Հայաստանին։

Հայաստանը և Հունաստանը Կիպրոսի հետ եռակողմ համագործակցության ձևաչափ են ստեղծել։ Իսկ Երևան այցի ժամանակ նախարար Դենդիասն առաջարկեց դիտարկել քառակողմ համագործակցության հնարավոր ձևաչափի ստեղծումը Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ որոնց նա անվանեց Հայաստանի և Հունաստանի ընդհանուր ընկերներ։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանն ավելի ուշ նշեց, որ «բոլոր չորս երկրներն էլ համախոհներ են, շատ մոտ գործընկերներ», սակայն «դեռ մի փոքր վաղաժամ է խոսել քառակողմ ձևաչափի մասին»։
Հունիսին Հայաստանի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար Գեորգիոս Կոստիդիսը հանդիպեցին և քննարկեցին փոխգործակցությանն ու զինծառայողների վերապատրաստմանը վերաբերող հարցեր։

[շարունակելի]

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *