ՄԵՐ ՈՒՂԻՆ

Քաղաքական Երկխոսության Բացը

Փոխարեն ընտրովի լրատվամիջոցներ, ընտրովի լրագրողներ, ընտրովի հարցեր ու պատրաստի պատասխաններ։ Այլ կերպ չի եղել։ Ու չի էլ սպասվում, որ լինի, որովհետև Հայաստանում դեռևս չի էլ նշմարվում այն մթնոլորտը, երբ մարդիկ ի վիճակի կլինեն, գոնե խոսելու իրար հետ։

Մեր Ուղին

Չնայած այն բանին, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է և գոնե վերջին տարիներին խոսելու համար մարդ չեն ծեծում, ջարդում, Հայաստանում շարունակում է բաց մնալ քաղաքական երկխոսության, ավելի կոնկրետ՝ բանավեճի ասպարեզը։ Եթե 2018-ից առաջ քաղաքական բանավեճերը Հայաստանում ընդամենը թատերական ներկայացումներ էին կամ էլ բավաիճողները ուժ և իշխանություն չունեցողներ էին, ապա հիմա, երբ այդ վտանգը չկա, բանավեճի ասպարեզը շարունակում է բաց մնալ։
Դա հավանաբար գալիս է կա՛մ քաղաքական ուժերի դատարկությունից, երբ վախենում են գնալ ազնիվ ու բաց բանավեճի՝ խուսափելով ցուցադրել իրենց դատարկությունը, կամ՝ խորը չկամության հետևանք է, երբ գերադասում են հեռվից հեռու հայհոյել իրար, բայց ոչ երբեք խոսել միմյանց հետ։
Բանավեճերի փոխարեն Հայաստանում բավական շատ են անբովանդակ հարցազրույցները, երբ իշխանությունն ու ընդդիմությունը հարցազրույցներ են տալիս ամեն մեկն իրեն լոյալ լրատվամիջոցներին, իսկ նրանց կողմնակիցները իրար միս են ծամում սոցցանցերում։ Հայաստանում դեռևս չկա ո՛չ բանավիճելու կարողություն և ցանկություն, ոչ էլ բանավեճի հիմնական սկզբունքները պահպանող խումբ կամ հարթակ։
Այդ հարցազրույցներն էլ սովորաբարսկզբից մինչև վերջ բացված թեմաներ են՝ մեղադրանքներ, հայհոյանքներ, կամ էլ իրականությունից կտրված ինչ որ դիտարկումներ, որ այլևս ոչ մի նշանակություն չունեն։ Ու քանի որ հարցազրույցներն էլ աչքի չեն ընկնում իրենց խորությամբ կամ էությամբ, դրանք դիտվում են միայն լոյալ հատվածի կողմից, իսկ հակընդդեմ կարծիքները սահմանափակվում են կոպիտ հայհոյախոսություններով։
Այս ամենի ֆոնին արժե հիշատակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի բանավեճը։ Անկախ նրանից, թե ով ում է աջակցում, ամերիկացիները տեսան, թե ինրպես են այդ երկու պարոնները խոսում, հակադարձում իրար։ Թվում է, թե գործող նախագահը տապալեց իր հարցազրույցը, իսկ Թրամփը՝ հաղթական էր։ Բայց դա էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ ԱՄՆ-ի նման հզոր պետությունում մարդիկ չեն վախենում իրար հետ բոլորի աչքի առաջ խոսելուց, կմկմալուց, հաջող ու անհաջող ելույթ ունենալուց։ Այնպես չէ, որ Բայդենի վատ բանավեճից հետո Բայդենը կորած մարդ դարձավ կամ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը քանդվեց, կամ էլ Թրամը դարձավ ազգային հերոս։ Բալորովին էլ ոչ։ Խոսեցին, անցավ գնաց, դեմոկրատներն էլ փոխեցին Բայդենի թեկնածությունը Հարրիսով և վերջինս բավական հաջող շարունակում է դեմոկրատների քարոզարշավը։ Ու վերջ։ Բայդենը շարունակում է պաշտոնավարել, ամեն ինչ գնում է իր հունով, ո՛չ ԱՄՆ-ը կործանվեց, ո՛չ էլ Բայդենը ինքնասպան եղավ։
Պատկերացնո՞ւմ եք նման բան լինի Հայաստանում։ Ասենք իշխանության ամենաբարձր ներկայացուցիչը բանավեճի մեջ մտնի հակառակորդ ուժի թեկնածուի հետ, քաղաքավարի խոսեն, հանրությունն էլ իր եզրակացություններն անի։ Դա անհավատալի հեքիաթ է թվում։ Պատկերացնո՞ւմ եք ասենք Ռ․ Քոչարյանը օրինակ 2004թ․ քաղաքավարի բանավեճ աներ որևէ հակառակորդ ուժի ներկայացուցչի հետ։ Միակ դեմքը որ գրանցվեց՝ 2003թ․ Քոչարյան-Դեմիրճյան բանավեճն էր, որի ժամանակ էլ Քոչարյանը պարզապես ոչնչացրեց Դեմիրճյանին։ Ու դա նաև կապված էր Քոչարյանի անձի հետ։ Ոչ ոք չէր կարող Քոչարյանին հակառակել կամ նեղը գցել։ Բայց միայն Քոչարյանը չէր։ Ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանի պարագայում ուղղակի հնարավորություն չկա ու չկար, որ նրանք այնպես բանավիճեին, ինչպես օրինակ Թրամփն ու Բայդենը։
Դրա փոխարեն ընտրովի լրատվամիջոցներ, ընտրովի լրագրողներ, ընտրովի հարցեր ու պատրաստի պատասխաններ։ Այլ կերպ չի եղել։ Ու չի էլ սպասվում, որ լինի, որովհետև Հայաստանում դեռևս չի էլ նշմարվում այն մթնոլորտը, երբ մարդիկ ի վիճակի կլինեն, գոնե խոսելու իրար հետ։ Իսկ այդ չխոսելն ու կուլիսային քննարկումներ-համաձայնությունները եղել են իշխանությունների հանդեպ հավատի ու վստահության կորստի, որովհետև երբեք չի տեսել իր իշխանավորին ու իշխանության ձգտողին իրար հետ համոզիչ խոսելիս։ Չի տեսել, որ այդ մարդիկ կարող են խոսել ու փաստերով ապացուցել, թե ինչ են իրարից ուզում։ Ընդ որում ոչ միայն միայն մեկ անգամ խոսել, այլ պարբերաբար հանդիպել ու դրանով իսկ ոչ միայն բարձրացնել իրենց հանդեպ վստահությունը, այլև մարդկանց մեջ մտցնել իրար հետ խոսսելու, իրար հասկանալու արվեստը։ Հենց անձնական օրինակով։ Որովհետև, երբ մարդիկ տեսնեն, որ իրենց ղեկավարները կարողանում են իրար հետ խոսել, գուցե իրենք ևս սկսեն իրար լսել։ Բայց Հայաստանում նույնիսկ ԱԺ խմբակցությունները իրար հետ տարրական կուլտուրայով խոսսել չգիտեն։ Կամ ընդդիմադիր խմբակցությունները ամիսներով չեն գալիս պառլամենտ, կամ էլ իշխանությունն ու ընդդիմությունը միայն հայհոյում են, ծեծում իրար։ Բնականաբար չի կարող որևէ առողջ բանավեճ զարգանալ այնտեղ, ուր միայն ատելություն է, մինչդեռ վերին էշելոններում վաղուց պիտի հասկացած լինեին այդ բանավեճի հսկայական նշանակության մասին։
Հավանաբար ԱՄՆ-ում Թրամփն ու դեմոկրատների նոր թեկնածու Հարրիսը նորից կբանավիճեն միմյանց հետ։ Ու անկախ դրա արդյունքից, հազիվ թե Հարրիսն ու Թրամփը իրար ծեծեն ու հայհոյեն։
Մեզ մնում է միայն նախանձել նրանց, որովհետև պարզ բանավեճը պետության ու կուսակցության կայացվածության մասին է խոսում, հասարակության որակի մասին է խոսում, մակարդակի մասին։
Նայելով ներկայիս Հայաստանին, հասկանում ես, որ մենք դեռևս իրար հետ խոսելուն անգամ պատրաստ չենք, ուր մնաց միմյանց հետ գործելուն։
2021թ․ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունեին իրար հետ գոնե մեկ անգամ հանդիպել հեռուստաեթերում ու գոնե խոսել իրար հետ։ Բայց նրանք նախընտրեցին հեռական հայհոյել իրար։ Ատելությունն ավելի կարևորվեց։ Ու այդպես էր տարիներ շարունակ։ Հավանաբար դեռ երկար կշարունակվի։
Հայաստանում ակնկալվող միավորումը դեռևս չի լինի, որովհետև միասին գործելուց առաջ միմյանց լսել է պետք ու նաև խոսել։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *