Հայաստան

Կիպրոսում Սրացու՞մ Է Սպասվում

«ՀԿԹՀ»-ն միջազգային ճանաչելու ի՞նչ ռեսուրս ունի Թուրքիան, հատկապես երբ վերջին շրջանում փոքր-ինչ բարելավել է Հունաստանի հետ հարաբերությունները:

Վահրամ Աթանեսյան

Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն ռեժիմի դրածո Էրսան Թաթարը մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրավերը և ոչ մի իմաստ չի տեսնում, որ նրա միջնորդությամբ հանդիպի Կիպրոսի նախագահ Նիկո Խրիստոդուլիդիսի հետ: Վերջինս օգոստոսի 2-ին հայտնել է, որ պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Կիպրոսի թուրքական համայնքի ներկայացուցչի հետ՝ քննարկելու կղզու միավորման և միասնական պետության կազմավորման հարցը:

Էրսեն Թաթարը, սակայն, գտնում է, որ դաշնային պետություն ստեղծելու վերջին հնարավորությունը բաց է թողնված, ինքը կբանակցի միայն մի դեպքում՝ երբ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» կճանաչվի որպես սուվերեն պետություն: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ «ՀԿԹՀ» միջազգային ճանաչումը «թուրքական աշխարհի առաջնահերթությունն է»:

Այդ հարցում, երևում է, Թուրքական պետությունների կազմակերպությունը միասնական չէ: Հուլիսի սկզբին Էրդողանը հույս էր հայտնել, որ «ՀԿԹՀ»-ն ԹՊԿ Շուշիի գագաթնաժողովում առնվազն դիտորդի կարգավիճակ կստանա: Գագաթաժողովից մեկ օր առաջ Էրսեն Թաթարը Բաքվում էր, բայց որոշում չընդունվեց: ԹՊԿ անդամներից Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն ռեժիմը հրապարակային շփումներ միայն Ադրբեջանի հետ ունի:

Ըստ տեղեկությունների, Բաքվում «ՀԿԹՀ»-ն ներկայացուցչություն է բացել, և կողմերը ուսանողների փոխանակման, գիտական և մշակութային, զբոսաշրջության բնագավառում կապերի խորացման հուշագիր են ստորագրել: Այդուհանդերձ, պաշտոնական ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման որոշում դեռևս ընդունված չէ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հրավերը չընդունելով՝ «ՀԿԹՀ» նախագահ Թաթարը, անշուշտ, կատարում է Թուրքիայի նախագահի հանձնարարությունը: Բանակցություններ վարել կնշանակի հրաժարվել անկախության միջազգայնացման նպատակադրվածությունից: Բայց խնդիր է, թե թուրքախոս պետություններից ո՞վ է ճանաչելու «ՀԿԹՀ» անկախությունը, և ո՞վ է մարտահրավեր նետելու միջազգային հանրությանը:

Բաքվի փորձագետները երբեք չեն թաքցրել, որ Ադրբեջանը Կիպրոսի հյուսիսի ռեժիմը կճանաչի միայն Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելուց հետո: Լեռնային Ղարաբաղի խնդիրն իրավական առումով լուծված չէ: ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Իլհամ Ալիևի դիտարկումները մի նպատակ ունեն՝ վերջնականապես փակել ԼՂ խնդիրը:

Ըստ երևույթին, այդ հարցում նրան աջակցելու է նաև Էրդողանը, բայց Մինսկի խմբի անդամներ են նաև ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, երկրներ, որոնք չեն ճանաչում «ՀԿԹՀ»-ն: Ալիևը կարո՞ղ է տեղի տալ Էրդողանի ճնշումներին և պաշտոնապես ճանաչել «ՀԿԹՀ»-ն: Ի՞նչ հետևանքներ կունենա նրա այդ քայլը, եթե թուրքախոս մյուս պետությունները չմիանան:

Ուկրաինայում պատերազմի բռնկումից կարճ ժամանակ անց փորձագիտական կարծիք շրջանառվեց, որ Ռուսաստանը «ՀԿԹՀ»-ն կճանաչի, եթե Թուրքիան Ղրիմը ճանաչի որպես ռուսաստանապատկան: Անկարան այդ քայլին չգնաց և շարունակում է կապերը խորացնել Ղրիմի թաթարական համայնքի հետ:

Ուշագրավ է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման օրը արտգործնախարար Արարատ Միրզոյանը գտնվել է Կիպրոսում, որտեղ ընդունվել է Երևանում և Նիկոսիայում դեսպանատներ բացելու որոշում: Կիպրոսը Եվրամիության անդամ է, և Բրյուսելը ճանաչում է Նիկոսիայի կառավարությունը:

«ՀԿԹՀ»-ն միջազգային ճանաչելու ի՞նչ ռեսուրս ունի Թուրքիան, հատկապես երբ վերջին շրջանում փոքր-ինչ բարելավել է Հունաստանի հետ հարաբերությունները: Բայց Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն ռեժիմը Եվրոպայի անվտանգության և միասնականության համար «դանդաղ գործողության» սպառնալիք է: Ալիևը կգնա՞ սրացման, կհակադրվի՞ Եվրամիությանը, որի հետ էներգետիկ ծրագրեր ունի:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *