(Մաս երրորդ)
Բաց աղբյուրներից հայտնի է, որ նախկինում Բուլղարիան զենք և զինամթերք է մատակարարել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։
Հովհաննես Նազարեթյան
Բուլղարիա
Հայաստանն ու Բուլղարիան 1996-ին ստորագրել էին պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ նախկինում Բուլղարիան զենք և զինամթերք է մատակարարել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։ Ըստ ԵՄ սպառազինության արտահանման բազայի՝ 2013-ից 2022 թվականներին Բուլղարիան Հայաստան է արտահանել 48 մլն, իսկ Ադրբեջան՝ 293 մլն եվրո արժողությամբ սպառազինություն։ Երկու երկրների դեպքում էլ ընդհանուր արժեքի շուրջ 95 տոկոսը կազմում է զինամթերքը[1]։
Փետրվարին նախարար Պապիկյանն իր բուլղարացի գործընկերոջ Տոդոր Տագարևի հետ հանդիպեց Գերմանիայում։ Նրանք պայմանավորվեցին ընդլայնել երկրների միջև համագործակցությունը։ Մայիսին Բրյուսելում անցկացվող Շումանի անվտանգության ու պաշտպանության ֆորումի շրջանակում, Պապիկյանը հանդիպեց Տագարևին հաջորդած Աթանաս Զապրյանովին և օրեր անց այցելեց Բուլղարիա։ Այնտեղ Պապիկյանն այցելեց Պլովդիվում անցկացվող «ՀԵՄՈՒՍ-2024» ցուցահանդես, որի շրջանակում հանդիպեց ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ։ Պապիկյանը նաև կարճատև զրույց ունեցավ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ, իսկ պաշտպանության նախարար Զապրյանովի հետ Պապիկյանը քննարկեց ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորությունները։
Գերմանիա
Հայաստանն ու Գերմանիան 2007-ին ստորագրել էին ռազմական բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր։ 2010-ից 2021 թվականներին հայ խաղաղապահներն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում ծառայություն են իրականացրել գերմանական հրամանատարության ներքո։ Ավելին, հայ խաղաղապահները մինչ Աֆղանստան մեկնելը Գերմանիայում վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների են մասնակցել։
Հունիսի սկզբին փոխնախարար Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Գերմանիա՝ մասնակցելու «ILA Berlin 2024» ցուցահանդեսին։ Բրուտյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի ՊՆ պետքարտուղար Բենեդիկտ Ցիմմերի հետ, որը համակարգում է սպառազինության առքուվաճառքի հարցերը։ Նա նաև հանդիպումներ է ունեցել այլ պաշտոնյաների և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվել են փաստաթղթեր։
ԱՄՆ
Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մեջ այս փուլում կարծես բացակայում է ռազմատեխնիկական բաղադրիչը, սակայն հարաբերությունները զգալիորեն ընդլայվնել են վերջին շրջանում։ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ապրիլին նշեց, որ երկու երկրները «շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են ունենում անվտանգության և պաշտպանության մասին»։ Քվինը հայտնեց, որ ԱՄՆ-ն խորհրդական է նշանակելու, որը կօգնի Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ ներքին բարեփոխումների աշխատանքներում և խաղաղապահ ոլորտում համագործակցության ուղղությամբ։ Ըստ ԳՇ պետի խորհրդական Ժիրայր Ամիրխանյանի՝ բարեփոխումների հարցում ամերիկյան աջակցությունն իրականացնում է Պենտագոնի Անվտանգային կառավարման ինստիտուտը (ISG)։
Ըստ Ամիրխանյանի՝ այս փուլում ԱՄՆ-ն թույլատրում է մատակարարել միայն ոչ մահաբեր զինատեսակներ։ Ամերիկյան հեղինակավոր RAND վերլուծական կենտրոնում վերջերս հրապարակված հոդվածում երկու վերլուծաբաններ նշում էին, որ ԱՄՆ-ն կարող է Հայաստանին տրամադրել կարճ հեռահարություն ունեցող ՀՕՊ և հակադրոնային միջոցներ, որոնք կարելի է համադրել Ֆրանսիայից գնված սպառազինության հետ։ Ըստ հեղինակների՝ ամերիկյան ցանկացած զինատեսակի մատակարարման դեպքում Հայաստանը պետք է պարտավորվի խիստ վերահսկել դրանց հնարավոր ապօրինի փոխանցումը երրորդ կողմ։
ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM) և Հայաստանի ՊՆ-ն այս տարվա մայիսին առաջին անգամ անցկացրեցին ամենամյա խորհրդակցություններ՝ քննարկելու առաջնահերթությունները, մշակելու հետագա համագործակցության ոլորտները և նախանշելու առաջիկա տարիների համատեղ միջոցառումները։
Հուլիսին Երևանում անցկացվեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երրորդ նիստը, որում կողմերը համաձայնեցին հարաբերությունների կարգավիճակը բարձրացնել՝ դարձնելով «ռազմավարական գործընկերություն»։ Անվտանգության ոլորտում, ըստ համատեղ հայտարարության, ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական և ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով և Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով: Կողմերը նաև պայմանավորվել են նախաձեռնել երկկողմ խորհրդակցություններ՝ պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար:
Հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում անցկացվում է երկրորդ «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան համատեղ վարժանքը։ Նախորդը, որը անցկացվեց 2023-ի սեպտեմբերին, առաջին հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունն էր 2008-ից այս կողմ։ Դրան մասնակցում էր շուրջ 175 հայ և 85 ամերիկացի զինվորական։ Այս զորավարժության նպատակն է բարձրացնել խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում և բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը: Ըստ ամերիկյան կողմի՝ զորավարժությունը հնարավորություն է տալիս կողմերին ծանոթանալ միմյանց սպառազինություններին։
[շարունակելի]
Աղբյուրը՝ evnreport.com կայքից։