Հայաստան

Քրիստափորի ՀՅԴ-ը Ընդդեմ Մերօրյա ՀՅԴ-ի

Լինքոլնը, և՛ Քրիստափորը դարձան քաղաքական այն ինստիտուտների ստեղծմանը, որոնք ամերիկյան և հայկական հասարակություններում խոշոր դեր խաղացին՝ քաղաքական մտքի կայացման, ամրապնդման առումով։ Ու երկու կառույցն էլ՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ը երկուսն էլ այլասերվեցին օրինաչափորեն ու զգալիորեն հեռացան իրենց ստեղծման ակունքներից։

Մեր Ուղին

«Կարելի է անընդհատ հիմարեցնել որոշ մարդկանց, կարելի է որոշ ժամանակ հիմարեցնել բոլորին, բայց չի կարելի անընդհատ հիմարի տեղ դնել բոլորին»․ Աբրահամ Լինքոլն

Այս մտքի հետ Հայաստանում այնքան էլ համաձայն չեն, քանի որ մինչև հիմա շարունակվում է հասարակությանը, ըստ էության, հիմարի տեղ դնելու անվերջանալի փորձերը։ Դրանում համոզվում ենք, երբ տեսնում ենք, թե ինչ խոսույթով են մարդկանց հետ խոսում իշխանության ձգտողներն ու իշխանություն տենչացողները։ Իսկ հիմարի տեղ դնելն էլ արտահայտվում է հատկապես նրանով, որ փորձ է արվում ներկայացնել, որ «առաջ ավելի լավ էր», և որ ամեն ինչ վատ է միայն հիմա։ Բայց այս սայաթ-նովայական «էրեկ լավ էր քանց վուր էսօր»-ը չի  աշխատում, որովհետև երեկ էլ էր վատ, այսօր էլ է վատ ու եթե այսպես շարունակվեց, ապա վատ է լինելու նաև վաղը և մյուս օրը։ Ինչո՞ւ։ Որովհետև չի կարող հենց այնպես լավ լինել, որովհետև ամեն ինչ ունի իր պատճառներն ու հետևանքները։

Այդ ամենը իր ժամանակին լավ էր հասկանում քաղաքական աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկը՝ ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը։ Ստրկատերերի թշնամի Լինքոլնը ոչ միայն համարձակություն ունեցավ դեմ արտահայտվելու ստրկատիրական նողկալի ավանդույթին, պայքարեց դրա դեմ ու վերացրեց այն, այլև ամերիկյան(իսկ հետո նաև ողջղ աշխարհում)քաղաքական-հասարակական կյանքում մտցրեց այնպիսի փոփոխություններ, նորացրեց և թարմացրեց այնպիսի մի մակարդակի, որ ԱՄՆ-ում Լինքոլնը վաղուց դադարել է 16-րդ նախագահ լինելուց և ընկալվում է որպես ազգային հերոս։ ԱՄՆ Հանրապետական կուսակցության հիմնադիր Լինքոլնը, ով բացի քաղաքական գործիչ լինելուց, ըստ էության նաև մտավորական էր, այսօր խիստ զարմանքով կնայեր, թե ինչի է վերածվել իր հիմնադրած կուսակցությունը և թե ինչպես է մի ժամանակ ստրուկների ազատության և մարդկային հավասարության համար պայքարած կուսակցությունը իրեն առաջնորդ ընտրում պոռնոգրաֆիկ դատական ակտերով համբավ ձեռք բերած մեծահարուստին, ով գրեթե ռասիստական վերաբերմունք ունի մի շարք ազգությունների դեմ։

Լինքոլը իհարկե շատ կզարմանար, բայց ավելի շատ կզարմանար հայ քաղաքականա մտքի մեծերից մեկը՝ Քրիստափոր Միքայելյանը՝ տեսնելով, թե ինչպես է իր իսկ հիմնադրած կուսակցությունը ժողովրդի մեջ դաշն ստեղծելու փոխարեն պառակտում մտցնում և ազգային պետական շահը փոխարինում օրվա հասույթի համար։ ՀՅ Դաշնակցությունն էլ այլևս այն չէ, ինչի համար, որ հիմնադրվեց։ 

Մի կողմից կարող է տարակուսանք առաջացնել Լինքոլն-Քրիստափոր համեմատությունը։ Իրոք, ի՞նչ ընդհանուր բան կա այս երկու կերպարների միջև։ Նրանք ապրել են երկու տարբեր աշխարհներում, տարբեր խնդիրներով, տարբեր հասարակություններում, երբեք իրար չեն ճանաչել, տարբեր էին նրանց կարողություններն ու հնարավորությունները, գործունեության դաշտը և այլն։ Բայց նրանց միավորում է այն, որ Լինքոլնը և Քրիստափորը ամերիկյան և հայ հասարակության դարձան նրա քաղաքական հիմնասյուներից մեկը՝ դուրս գալով խմբային քաղաքականությունից և աջակցելով ինստիտուցիոնալ սկզբունքներին։ Ընդ որում և՛ Լինքոլնը, և՛ Քրիստափորը դարձան քաղաքական այն ինստիտուտների ստեղծմանը, որոնք ամերիկյան և հայկական հասարակություններում խոշոր դեր խաղացին՝ քաղաքական մտքի կայացման, ամրապնդման առումով։ Ու երկու կառույցն էլ՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ը երկուսն էլ այլասերվեցին օրինաչափորեն ու զգալիորեն հեռացան իրենց ստեղծման ակունքներից։ 

Այսօր ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ը շատ քիչ բանով են հիշեցնում իրենց հիմնադրման փառավոր էությունն ու գաղափարը։

Մեզ իհարկե ավելի շատ հետաքրքրում է այս երևույթի հայկական կողմը։ Հայերի «Լինքոլն»Քրիստափորը, ով ևս զոհ գնաց իր բաժին կարևոր գործին, հայ հասարակության մեջ թերևս այն քչերից էր, ով գիտակցում էր մանր խմբային պայքարից հրաժարվելու և Րաֆֆիական համընդհանուր գործունեությանն աջակցելու կարևորությունը։ Եթե նայենք ՀՅԴ ստեղծման բուն գաղափարին, ապա տեսնում ենք, որ Քրիստափորի հիմնադրած երևույթը անգամ ուրիշ կերպ էր կոչվում։ Ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցություն, այլ Հայ Յեղափոխականների Դաշնակցություն։ Այսինքն ոչ թե պարզապես կուսակցություն, այլ դաշինք այն բոլոր ուժերի, այն բոլոր հեղափոխականների, ովքեր պատրաստ են պայքարել համընդհանուր գաղափարի համար։ Ըստ էության ՀՅԴ-ը հիմնադրվեց որպես պլատֆորմ բոլոր հայրենասիրական ուժերի համար։ Այդ առումով այն աննախադեպ նվաճում էր սեփական քաղաքական միտքը երկար ժամանակ խավարում պահած հասարակության համար և այդ պատճառով է նաև Քրիստափորը պարզապես հեղափոխական կերպարից առանձնանում և դառնում ոչ միայն գաղափարադիր, այլև հեղափոխական մտքի տեսակի հիմնադիր։

Եվ այս ամենն ավելի է սրում այն հակադրությունը, որ կա 1890 և 2024թ․ ՀՅԴ մեջ։ Հակադրությունն այնքան մեծ ու խորն է, որ թվում է, թե երկու տարբեր երևույթների մասին է խոսքը գնում։ Այո՛, ՀՅԴ-ը նման կերպ անճանաչելի է փոխվել, այնքան անճանաչելի, որ Քրիստափորը չէր հասկանա, թե այդ ի՞նչ կառույց է իր առաջ կանգնած և ո՞ւր է նրա դաշնակցային, միավորելու և համախմբելու էությունը։

Այսօր ՀՅԴ գործունեությունն արատավորված է անզուսպ իշխանատենչությամբ, հայհոյախառը խոսույթով, բացահայտ օտարասիրությամբ, ընկերվարության իսպառ բացակայությամբ։ Այսինքն այն ամենը, ինչի հիմա վրա կայացել ու կայանում էր ՀՅԴ-ը, այլևս չկա։ Մի կուսակցություն, որ ձախ էսէռների երաշխավորությամբ էր մտել երկրորդ ինտերնացիոնալ, հիմա աչքի է ընկնում իր միլիոնատեր անդամներով։ Ինչպե՞ս է հնարավոր նման բան։ Ինչպե՞ս կարող է ՀՅԴ-ը երգել «շահագործող ցեցերի» մասին և միաժամանակ ունենալ նման հարուստ անդամներ ու բազմաթիվ չքավոր անդամներ։ Ո՞ւր է դաշնակցական սոցիալիզմը, ո՞ւր է հավասարությունը։ Չկա։ Ու հենց այդ բացակայությունն էլ տանում է թե՛ կուսակցության որակական անկման, թե՛ նրա քաղաքական մտքի աղքատության։ Դա շատ տրամաբանական է, քանի որ մի կուսակցություն, որում արդեն վաղուց արմատավորված է դասային շերտավորումը, չի կարող հանդես գալ արդարության և ընկերվարության օգտին։ Այդ պարագայում պարզ է նաև, որ ՀՅԴ-ում սկսում է խանգարիչ դառնալ համընդհանուր որոշումներ կայացնելու սկզբունքը, որովհետև հարուստներն այլևս չեն ուզում հաշվի առնել աղքատներին, չեն պատրաստվում լսել նրանց ու համաձայնվել նրանց հետ» Հարուստներն այլևս ուրիշ շահեր ու մտահոգություններ ունեն։ Ու այդ ամենը ՀՅԴ-ում, մի կուսակցությունում, որի ՆԳՆ Արամ Մանուկյանն իր շաքարը և դեղորայքը տալիս էր գաղթական կարոտյալներին, իսկ վարչապետ Քաջազնունին վաճառում էր վերարկուն և դրամն ուղարկում բարեգործության։ 

Բայց ՀՅԴ-ը հիմա նման շռայլությունների ժամանակ չունի։ ՀՅԴ-ը հիմա ամբողջապես ներքաշված է քաղաքական մանր մունր ինտրիգների մեջ՝ հավատարիմ կանգնած երկրորդ նախագահ Քոչարյանի կողքը և ամեն կերպ իր շարքերը փողոցային պայքարում մաշեցնելով՝ հանուն ռուսական տրամաբանության և նեղ խմբային շահերի։ Եվ այդտեղ արդեն չկա ո՛չ սոցիալիզմ, ոչ էլ ազատություն ու հավասարություն։

ՀՅԴ-ը այսօր անճանաչելիորեն փոխվել է։

ԱՄՆ 16-րդ նախագահ Լինքոլն ասում էր․ «Բոլորն են ունակ դիմանալ ճակատագրի հարվածներին, բայց եթե ուզում եք իրոք փորձել մարդուն, տվեք նրան իշխանություն»։ 

Եվ ՀՅԴ-ը, ով կատաղի պայքարեց 1918-20թթ․ և դիմացավ այդ ողջ ծանրությանը, չկոտրվեց տարագրության մեջ, ցավոք կոտրվեց հայրենիքում՝ խաղաղության մեջ։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *