ԱՄՆ-ը պնդում է, որ հաղորդուղիները պետք է գտնվեն Հայաստանի սուվերեն վերահսկողության ներքո, ինչը Բաքվի «համար հետաքրքիր չէ»։ Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմը «Զանգեզուրի միջանցքի» ուժով բացման առիթ եւ հնարավորությու՞ն է։ Էրդողանը նաեւ դրա՞ համար է «աղմկում»։
Վահրամ Աթանեսյան
Ինչու՞ է «աղմկում» Էրդողանը
Բաքվի իշխանական լրատվամիջոցի Անկարայի թղթակիցը փոխանցում է Իսմայիլ Հանիայի սպանությանը հաջորդած իրավիճակին թուրք «մի շարք վերլուծաբանների» գնահատականը, որ «չպետք է դատել զգացմունքներով եւ իռացիոնալ պատկերացումներով, այլ նկատի ունենալ, որ Հանիան Իսրայելի հետ գլխավոր բանակցողն էր, որ սերտ կապեր ուներ Քաթարի եւ Թուրքիայի հետ, այլ կերպ ասած՝ ներկայացնում էր բացառապես սուննի աշխարհը, եւ ինքն էլ դա չհասկանալով՝ սեփական մահվան դատավճիռն է ստորագրել՝ թույլ տալով, որ Իսրայելն այդ գործընթացում թուլացնի Անկարայի եւ Դոհայի գերակա ազդեցությունը»։
Ստացվում է, որ Հանիայի սպանությամբ «Միացյալ Նահանգները պաղեստինյան կարգավորման բանակցություններում առաջ են մղում Իրանի դերակատարությունը»։ Վերստին շրջանառվում է վարկածը, որ «Թեհրան ամերիկյան պատվիրակություն է ժամանել եւ ներկայացրել իրանա-իսրայելական կարգավորման նախագիծ»։
Ըստ այդմ, Հանիայի սպանությամբ «Բենիամին Նաթանյահուն ձգտում է Թուրքիային խաղաղ կարգավորման բանակցություններից դուրս թողնել, որպեսզի Իրանի ու նրա պրոքսի խմբավորումների հետ մնա դեմ առ դեմ, ինչը, անկախ պատերազմի ելքից կամ հրադադարի հաստատումից՝ թույլ կտա լեգիտիմություն պահպանել»։
Որքանո՞վ է հավանական, որ Միացյալ Նահանգները, լինելով ՆԱՏՕ-ի առաջատար, Մերձավոր Արեւելքում ձգտում է կարգավորման գործընթացում դաշինքի անդամ Թուրքիայի փոխարեն կարեւորել Իրանի գործոնը, հասնել իրանա-իսրայելական «պատմական հաշտության»։
Պաղեստինյան հակամարտությունն, անշուշտ, որոշակի իմաստով ածանցվում է Մերձավոր Արեւելքում ոչ միայն համաշխարհային ուժային կենտրոնների, այլեւ տարածաշրջանային երկրների սուր մրցակցությունից: Այս իմաստով Հանիայի սպանությունը, երեւի, ավելի ձեռնտու է նրանցից մեկին, քան՝ Իսրայելին:
Ընտրվել է Իրանի համար ամենանվաստացուցիչ տարբերակը: ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդն սպանվել է Իրանի նախագահի պաշտոնամուտից ժամեր անց, ԻՀՊԿ հյուրատանը: Ըստ երեւույթին, հաշվարկվել է, որ Իրանը կարձագանքի շատ կոշտ եւ արագ, ինչը կհանգեցնի իսրայելա-իրանական լայնածավալ պատերազմի:
Թեհրանը, սակայն, երկու շաբաթ է՝ «խոսքից գործի չի անցնում»։ Թուրքիային դա, ամենայն հավանականությամբ, նյարդայնացնում է։ Օգոստոսի 11-ին Բաքվի լրատվամիջոցները «տեղեկատվական ռումբ» նշագրումով լուր են փոխանցել, որ ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնից հրաժարական է տվել Մոհամեդ Ջավադ Զարիֆը։ Այլ աղբյուրներ այդ տեղեկությունը դեռեւս չեն հաստատել, բայց ադրբեջանական աղբյուրները վստահաբար վկայում են, որ հրաժարականի պատճառը Զարիֆի հայտարարությունն է, որ Իրանը «Պաղեստինի հարցում պաղեստինցիներից արմատական չի կարող լինել»։
Թուրքիան Իրանում ի՞նչ ազդեցություն ունի կամ՝ Ադրբեջանը: Հնարավո՞ր է, որ ԻՀՊԿ-ն Փեզեշքիանի պաշտոնանկություն նախաձեռնեն: Այս հարցը Հայաստանի համար սկզբունքային է: Ռուսաստանը եւ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ՝ նաեւ Թուրքիան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ներկայացնում են որպես հակաիրանական ծրագրի մաս:
Եթե Իրանը բարելավի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ հարաբերությունները, ապա ռուս-ադրբեջանա-թուրքական այդ քարոզչության ազդեցությունը զգալիորեն կնվազի: Իսկ դա հնարավորություն է, որ Հայաստանի հարավում հաղորդակցության վերաբացման հարցում Իրանի անհանգստությունները որոշակիորեն փարատվեն:
Բաքվի «Ատլաս» վերլուծական կենտրոնի տեղեկացվածությամբ, բայց դա փաստացի Իլհամ Ալիեւի աշխատակազմից արտահոսք է, ԱՄՆ-ը պնդում է, որ հաղորդուղիները պետք է գտնվեն Հայաստանի սուվերեն վերահսկողության ներքո, ինչը Բաքվի «համար հետաքրքիր չէ»։ Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմը «Զնագեզուրի միջանցքի» ուժով բացման առիթ եւ հնարավորությու՞ն է։ Էրդողանը նաեւ դրա՞ համար է «աղմկում»։
Հոդվածը՝ 1in.am կայքից։