Հայաստան

Հայաստանն Ու Ադրբեջանը Աստանայում

Մյուս կողմից, Աստանան իհարկե ունի թե այդ մրցակցությունում սեփական սուբյեկտային դեր ունենալու խնդիր՝ ինչի սպասարկման միջոց անկասկած դիտարկում է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում որոշակի քայլեր անելը։

Հակոբ Բադալյան

Աստանան հայ-ադրբեջանական գործողության մե՞ջ է

Հաղորդագրություն է տարածվել, որ Ղազախստանում Հայաստանի դեսպան Ղեւոնդյանը հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի փոխնախարար Կոնուսպաեւի հետ: Ըստ հաղորդագրության, «Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․Տոկաևի՝2024թ․ ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում դիտարկվել են հայ-ղազախստանյան օրակարգի արդի հարցերն՝ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար, գիտատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա առաջմղման շեշտադրմամբ։ Քննարկվել է նախատեսվող երկկողմ միջոցառումների ժամանակացույցը և կազմակերպման ընթացքը»:

Ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահի հայաստանյան այցի համատեքստում թերեւս ամենաէական եւ առարկայական հանգամանքը դա Աստանայի հայ-ադրբեջանական միջնորդությունն էր: Այցը ըստ էության չի ունեցել դրանից ավելի որեւէ շոշափելի դրսեւորում՝ անցնող գրեթե 4 ամիսների ընթացքում: Այդ իմաստով, երբ Հայաստանի դեսպանը Աստանայում հանդիպում է Ղազախստանի ԱԳ փոխնախարարի հետ եւ քննարկում Տոկաեւի այցի համատեքստում ձեռք բերած պայմանավորվածություններ, դա առնվազն հարց է առաջացնում, թե արդյո՞ք քննարկման առարկան հենց այն միջնորդությունը չէ, որի շրջանակում մայիսի 10-11-ին Ղազախստանում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:

Տոկաեւը Հայաստան այցից առաջ եղել էր Բաքվում: Բաքու նրա այցից երկու շաբաթ անց Երեւան եկավ Ղազախստանի արտգործնախարարը, իսկ դրանից հետո էլ արդեն ժամանեց Տոկաեւը, երբ պարզ դարձավ, որ հնարավոր է դառնում արտգործնախարարների հանդիպման կազմակերպումը, որը գործնականում լինելու էր այցի միակ շոշափելի դրսեւորումը: Ղազախստանի համար օրակարգային է ճանապարհների հարցը՝ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա: Իհարկե այդքան էլ պարզ չէ, թե աշխարհաքաղաքական ինչ սցենարի համատեքստում է Աստանան դիտարկում այդ հարցը, որովհետեւ ակնառու է հաղորդուղիների ապաշրջափակման հարցում աշխարհաքաղաքական մրցակցությունն ու ռազմավարական մոտեցումների բախումը:

Մյուս կողմից, Աստանան իհարկե ունի թե այդ մրցակցությունում սեփական սուբյեկտային դեր ունենալու խնդիր՝ ինչի սպասարկման միջոց անկասկած դիտարկում է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում որոշակի քայլեր անելը, թե նաեւ ունի խնդիր նաեւ իր համար մեղմել այդ աշխարհաքաղաքական մրցակցությունից եկող մթնոլորտային ճնշումը, եւ այդ հարցում իհարկե նա Երեւանի ու նաեւ Բաքվի «բախտակից» է: Ղազախստանի փոխարտգործնախարարի հետ Հայաստանի դեսպանի հանդիպման մասին հաղորդագրությունում չկան այլ մանրամասներ կամ ընդհանրապես չկա Աստանայի հայ-ադրբաջանական ապրիլ-մայիսյան միջնորդության հիշատակում: Բայց, կարո՞ղ էր արդյոք շրջանցվել այդ նախաձեռնությունն ընդհանրապես, թե՞ հենց այդ նախաձեռնությունն էլ տողատակում է, իսկ Աստանան փորձում է մնալ «գծի» մեջ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *