Տեղի է ունենում, երևի թե, այն, ինչին Մոսկվայում չէին հավատում. Արեւմուտքը քաղաքական առումով ընդունում է Ռուսաստանի հետ ռազմական առճակատման մարտահրավերը: Դա այն դեպքում, երբ Ռուսաստանի դաշնակից երկրները շատ ընդգծված կեցվածքով մերժում են նրա հետ ուս-ուսի «միջազգային իմպերիալիզմի դեմ կռվելու» հավանականությունը: Ուժերի եւ ազդեցության այս հարաբերակցությամբ ապագայում ո՞վ է ափսոսալու:
Վահրամ Աթանեսյան
Ուկրաինան «մերժել է Ռուսաստանի շռայլ առաջարկությունը, դրա համար նա հետո շատ կափսոսա»
Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչ պաշտոնական քննարկումներ է անցկացրել՝ կապված Կուրսկի մարզ ուկրաինական զորախմբի ներթափանցման հետ: ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի տեղեկալ Դմիտրի Պոլյանսկին հիշեցրել է, որ հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «բանակցությունների համար շատ շռայլ առաջարկություն է արել»:
-Պատասխանը ստացանք մեկ շաբաթ առաջ. Զելենսկիի ռեժիմն ընտրել է էսկալացիան եւ պատերազմը՝ ներխուժելով ռուսաստանյան խաղաղ տարածաշրջան: Դա ճակատագրական սխալ է, ինչի համար Ուկրաինան հետո շատ կափսոսա, բայց ընտրությունն արդեն արված է,- ասել է Պոլյանսկին:
Ուկրաինայի հետ բանակցությունների նախապայմաններ ՌԴ նախագահ Պուտինը հրապարակել է հունիսի 14-ին՝ առաջարկելով, որ Կիևը Ղրիմը, Դոնբասը, Զապորոժիեի եւ Խարկովի մարզերը ճանաչի Ռուսաստանի մաս, սահմանադրությամբ ամրագրի չեզոք-միջուկային զենքից զերծ կարգավիճակը եւ բացառի «նացիստական ռեժիմի վերարտադրության» որեւէ հնարավորություն:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի գնահատմամբ՝ Կուրսկի եւ Բելգորոդի մարզեր ուկրաինական զորամիավորման եւ դիվերսիոն–հետախուզական խմբերի ներթափանցումն այդ «առաջարկությունների պատասխանն է, դա Ուկրաինայի ընտրությունն է, որի համար հետագայում նա շատ կափսոսա»: Հասկացվում է, որ Ռուսաստանը կամ այլեւս հաշտության պայմաններ չի ներկայացնի, կամ դրանք կլինեն ավելի ծանր:
ՌԻԱ-Նովոստի պետական գործակալության մեկնաբանն անդրադարձել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Իլոն Մասկին տված հարցազրույցին եւ առանձնացրել երկու հանգամանք. Թրամփը հպարտությամբ հայտարարել է, որ անձամբ «ինքն է ոչնչացրել «Հյուսիսային հոսք-2» գազատարը», եւ նա «բառ անգամ չի ասել Կուրսկի մարզ ուկրաինական ներթափանցման մասին, չի դատապարտել այդ ահաբեկչությունը»:
Մեկնաբանը եզրակացնում է, որ Թրամփը «չեղարկել է ուկրաինական կարգավորման իր պլանը, Ռուսաստանը՝ նույնպես, որովհետեւ ով էլ ԱՄՆ-ում նախագահ ընտրվի, անփոփոխ է մնում Ռուսաստանին ստրատեգիական պարտության մատնելու աշխարհաքաղաքական կանխածրագիրը: Միացյալ Նահանգներում որոշում ընդունում է ոչ թե Սպիտակ տան քաղաքական դեմքը, այլ՝ ռազմա-արդյունաբերական համալիրի «շնաձկները» եւ «խորքային կառավարությունը»:
Դժվար է հավատալ, թե Կրեմլում պատրանքներ են ունեցել, որ նախագահ ընտրվելու դեպքում Թրամփն, իրոք, նույնիսկ մինչեւ պաշտոնի ստանձնումը «կկանգնեցնի ուկրաինական պատերազմը» եւ կճանաչի Ռուսաստանի ռազմական հաջողությունները:
Բայց որ ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցության «ուշքի գալուց» մեկ շաբաթ-տասը օր անց Ուկրաինան հանդուգն քայլ կանի եւ կներխուժի Ռուսաստանի սուվերեն տարածք, կարծես, անգամ ՌԴ հատուկ ծառայությունները եւ ռազմական հետախուզությունը չեն կանխատեսել: Ընդ որում, Կրեմլի համար ավելի մտահոգիչ է թվում ԱՄՆ եւ Եվրամիության քաղաքական արձագանքը, որ միանշանակորեն սատարում է Ուկրաինային, լեգիտիմ ճանաչում «ագրեսորին իր տարածքում հարվածելու իրավունքը»:
Տեղի է ունենում, երևի թե, այն, ինչին Մոսկվայում չէին հավատում. Արեւմուտքը քաղաքական առումով ընդունում է Ռուսաստանի հետ ռազմական առճակատման մարտահրավերը: Դա այն դեպքում, երբ Ռուսաստանի դաշնակից երկրները շատ ընդգծված կեցվածքով մերժում են նրա հետ ուս-ուսի «միջազգային իմպերիալիզմի դեմ կռվելու» հավանականությունը: Ուժերի եւ ազդեցության այս հարաբերակցությամբ ապագայում ո՞վ է ափսոսալու:
Հոդվածը՝ 1in.am կայքից։