ՄԵՐ ՈՒՂԻՆ

Երբ Պետք Է, Տեսնում Են, Երբ Պետք Չէ՝ Ոչ

ԱԳՆ սխալները «Հայրենիքն» ավելի լավը չեն դարձնում: Ու երբեք ուրիշի թերության վրա մեկ ուրիշը ավելի լավը չի դառնա, եթե ողջ գործունեությունը միտված է միայն սևացնելուն:

Մեր Ուղին

Դաշնակցական «Հայրենիք»-ն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ այն հայտարարությանը, որում ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ Գազայում զինադադարն ու գերիների փոխանակումը բարենպաստ կազդեն տարածաշրջանի վրա: «Հայրենիք»-ը գրում է, որ անշուշտ Գազայի վիճակը սարսափելի է և զինադադարն ու պատանդների փոծանակումը ինչ որ չափով կթեթևացնեն մարդկանց տառապանքը, բայց միևնույն ժամանակ տարակուսանք է հայտնում, թե ինչո՞ւ ԱԳՆ-ը նույն փութաջանությամբ չի զբաղվում Բաքվի բանտերում պահվող հայ գերիների, մասնավորապես Արցախի նախկին ղեկավարների հարցով: «Հայրենիքն» անշուշտ իրավացի է: Հայ գերիներ մեր հարցն են ու առաջնահերթությունն էլ մեզ է պատկանում, բայց կա մի պահ, որ աչքի է զարնում: ԱԳՆ հայտարարությունը մեկնաբանելը մի բան է, քաղաքական ենթատեքստով մեղադրելը՝ մեկ այլ բան: Հայ գերիների ու նրանց կարգավիճակի մասին մեկ անգամ չէ, որ ՀՀ կողմից բարձրաձայնվել է, բայց «Հայրենիքը» երբեք նույն ոգևորությամբ չի մեկնաբանել այդ ամենը: Ցավալի է, որ «Հայրենիքը» տեսնում է այն, ինչ չի արվում, բայց չի տեսնում այն, ինչն արվում է: Ու այդ ամենի մեջ լրատվությունը դառնում է քարոզ, իսկ քարոզը միշտ էլ միակողմանի է:
Դրանից բացի ևս մեկ հարց է հասունանում: «Հայրենիք»-ը, որ ակտիվորեն լուսաբանում էր, թե ինչպես են ՀՀ դեսպանատան դարպասների կարմիր ներկ քսում արտասահմանի որոշ հայեր, երբ անթաքույց համակրանքով լուսաբանում էր, թե ինչպես են հայհոյում ՀՀ դեսպաններին այս ու այն երկրում, արդյո՞ք չէր մտածում, որ դա հարված է պետական հեղինակությանը, ոչ թե որևէ կոնկրետ կուսակցական անձի կամ կուսակցության:
«Հայրենիքում» շատ լավ հասկանում են, թե ինչն ինչոց է, բայց նախընտրում են վրիպակ փնտրել ցանկացած թեմայով, նույնիսկ եթե դա հասնում է աբսուրդի աստիճանի: «Հայրենիքում» կամ մոռացել են կամ չեն ուզում հիշել, որ հենց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ խոսում էր ադրբեջացիների այլանդակությունների մասին, ոչ միայն գերիների, այլև մի ողջ ժողովրդի տարագրման ու ցեղասպան քաղաքականության մասին, բայց «Հայրենիքը» առանձնապես չգովեց Միրզոյանին, որ վերջինս մատնացույց է արել առկա խնդիրները: Գուցե պատճառն այն է, որ Միրզոյանը մի կուսակցությունից է, իսկ «Հայրենիքը»՝ մեկ այլ:
Գուցե: Բայց նրանք երկուսն էլ նույն պետության մասին են խոսում:
ԱԳՆ աշխատանքը կարելի է անվերջ ու անընդմեջ քննադատել ու շատ առումներով մենք լրիվ ճիշտ կլինենք: Բայց ԱԳՆ սխալները «Հայրենիքն» ավելի լավը չեն դարձնում: Ու երբեք ուրիշի թերության վրա մեկ ուրիշը ավելի լավը չի դառնա, եթե ողջ գործունեությունը միտված է միայն սևացնելուն:

«Հայրենիքի» գրառումը՝


    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *