Անկարան սակայն շնորհակալություն հայտնելով Պուտինին ու Ալիեւին, թերեւս փորձում է ցույց տալ հնգամյա դադարից հետո հրավեր հղած Եվրամիությանը, որ ամենեւին «անկյուն քշված» չէ, եւ մտադիր չէ «էժան սակարկության»:
Հակոբ Բադալյան
Էրդողանը ի՞նչ գնով «կվաճառի» Պուտինին ու Ալիեւին իր շնորհակալությունները
Թուրքիայի նախագահ Էրդողանը կառավարության նիստի ելույթում շնորհակալություն է հայտմել իր «եղբայր» Ալիեւին եւ ՌԴ նախագահ Պուտինին, որ «երկկենցաղ» օդանավեր են տրամադրել Թուրքիայում անտառային հրդեհների մարման համար, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել բարդություններից եւ արդյունավետ լուծել խնդիրները: Կառավարության նիստում Էրդողանի այդ ռեվերանսը արժանի է ուշադրության, եւ ոչ միայն Բաքվում օրերս կայացած Պուտին-Ալիեւ հանդիպման ֆոնին: Էրդողանի ռեվերանսը ուշադրոության է արժանի նաեւ այն հրավերի ֆոնին, որ Թուրքիան ստացել է Եվրամիությունից:
Թուրքիայի արտգործնախարարը կմասնակցի Բրյուսելում կայանալիք ԵՄ երկրների ԱԳ եւ պաշտպանության նախարարների հավաքին, որի ընթացքում քննարկվելու են Ուկրաինային աջակցության հարցերը: Եվրամիությունը Թուրքիային հրավիրում է վերջին հինգ տարիներին առաջին անգամ: Սա իհարկե քաղաքական իրողությունների փոփոխության հետեւանք է, մասնավորապես նաեւ ռուս-թուրքական եւ թուրք-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած նոր «նյարդի», որն ունի բավականին նուրբ դրսեւորումներ, սակայն բավականին նշմարելի:
Անկարան սակայն Բրյուսել մեկնելուց առռաջ ռեվերանս է անում Ռուսաստանի եւ Բաքվի ուղղությամբ, այն դեպքում, երբ կասկածից վեր է, որ ռուս-ադրբեջանական մերձեցումը ամենեւին չի ոգեւորում Թուրքիային, եւ ավելին՝ այն պարունակում է Անկարայի համար նույնիսկ ռազմավարական բնույթի մարտահրավերներ: Այստեղ անշուշտ պետք չէ իրողությունների այդ հարաբերակցությունը դիտարկել կամ գնահատել բաց առճակատման կամ բաց հակադրության ռեժիմում: Այդ եռանկյունում ծավալվում է բավականինն նուրբ դիմակայություն:
Անկարան սակայն շնորհակալություն հայտնելով Պուտինին ու Ալիեւին, թերեւս փորձում է ցույց տալ հնգամյա դադարից հետո հրավեր հղած Եվրամիությանը, որ ամենեւին «անկյուն քշված» չէ, եւ մտադիր չէ «էժան սակարկության»: Իսկ, որ Ֆիդանը Բրյուսել է մեկնելու սակարկության, եւ մեծ հաշվով դրա համար էլ Թուրքիան ստացել է հրավերը, չկա կասկած: Կառավարության նիստում բարձրաձայնած շնորհակալությունները՝ Պուտինին եւ Ալիեւին, Էրդողանն ըստ ամենայնի վաճառքի «կհանի» Բրյուսելում:
Հոդվածը՝ 1in.am կայքից։