Ընդամենը երկու շաբաթ անց Բաքուն սենսացիոն հայտարարություն արեց, որ «բացահայտել է Ֆրանսիայի արտաքին հետախուզության գործակալական ցանց, որ գործել է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ հարեւան երկրների դեմ»: Զուգահեռաբար Ալիեւը Ֆրանսիային մեղադրեց «նեոգաղութականության եւ Ալժիրում ցեղասպանություն իրականացնելու» մեջ:
Վահրամ Աթանեսյան
Ռուս- ադրբեջանական հատուկ ծառայությունների փոխգործակցության հայելի
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության առթիվ ՌԴ ԱԽ նախագահի (Վլադիմիր Պուտինի) տեղակալ Դմիտրի Մեդվեւդեւը թելեգրամ-ալիքում գրառում է կատարել, որ շատ տարիներ առաջ նրան հարցրել է, թե ինչու՞ է հրաժարվում «պետական մարմինների հետ համագործակցությունից» եւ լսել հետեւյալ պատասխանը. «Դա իմ սկզբունքային դիրքորոշումն է»:
Մեդվեդեւն ափսոսանք է հայտնել, որ իր «հաշվարկներում Դուրովը սխալվել է»: Ըստ տեղեկությունների՝ Փարիզում Ռուսաստանի դեսպանատունը Դուրովին «հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու միջնորդություն է հարուցել, բայց մերժվել է»:
Ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Շեյտելմանը Բաքվի իշխանական լրատվամիջոցին հարցազրույցում չի բացառել, որ Դուրովն, իրոք, ՌԴ «Անվտանգության դաշնային ծառայության հետ ոչ միայն համագործակցել է, այլեւ նրան լիովին հասանելի է Telegram-ի ողջ տեղեկատվական բազան»:
Դուրովը նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի է, որտեղից էլ օգոստոսի 11-ին մեկնել է Բաքու: Միխայիլ Շեյտելմանը չի բացառել, որ օգոստոսի 18-ի երեկոյանին «Պուտինը եւ Դուրովը հանդիպել են»: Այդ ժամերին Պուտինը ոչ պաշտոնական ընթրիք է հրավիրվել Իլհամ Ալիեւի մերձքաղաքային առանձնատուն:
Պավել Դուրովն իրո՞ք մասնակցել է Պուտին-Ալիեւ խորհրդավոր ընթրիքին: Նրա ձերբակալության առթիվ Ռուսաստանի պաշտոնական, քաղաքական եւ մեդիա-քաղտեխնոլոգիական շրջանակների արձագանքներից, ինչպես նաեւ Բաքվի իշխանական մամուլի սրված հետաքրքրվածությունից դատելով՝ Բաքվում «ինչ-որ բան է տեղի ունեցել»:
«Նեզավիսիմայա գազետան» Դուրովի ձերբակալության հավանական պատճառների երեք տարբերակներից մեկը համարում է «Ֆրանսիա-Ադրբեջան բավական բարդ հարաբերությունները»: Լրատվամիջոցի գնահատմամբ՝ «Ֆրանսիան ակտիվորեն սատարում է Հայաստանին, Փարիզն Ադրբեջանին մեղադրում է Նոր Կալեդոնիայի անջատողականներին աջակցելու մեջ, եւ այդ իրավիճակում Դուրովի Բաքվի այցի եւ Ֆրանսիայում նրա ձերբակալության միջեւ կապն ուղղակի տեսանելի է դառնում»:
Արտաքին ընկալմամբ այդպես է, բայց հարց է առաջանում՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կարո՞ղ էին ինքնուրույն կապվել Դուրովի հետ եւ «հավաքագրել» նրան այն դեպքում, երբ վերջինս մուլտիմիլիարդատեր է եւ ժամանակին նույնիսկ Դմիտրի Մեդվեդեւի հետ համագործակցությունն է մերժել:
Այս առումով ուշագրավ է, որ անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանը եւ Ռուսաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել« Ըստ էության, դա հատուկ ծառայությունների փոխգործակցության պայմանագիր է:
Ընդամենը երկու շաբաթ անց Բաքուն սենսացիոն հայտարարություն արեց, որ «բացահայտել է Ֆրանսիայի արտաքին հետախուզության գործակալական ցանց, որ գործել է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ հարեւան երկրների դեմ»: Զուգահեռաբար Ալիեւը Ֆրանսիային մեղադրեց «նեոգաղութականության եւ Ալժիրում ցեղասպանություն իրականացնելու» մեջ:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի քաշային կարգը հնարավորություն չի ընձեռում՝ Ֆրանսիայի դեմ բաց առճակատման գնալ: Պավել Դուրովի ձերբակալությամբ կարող է բացահայտվել, որ Ֆրանսիայի դեմ գործում է ռուս-ադրբեջանական հետախուզա-լրտեսական ցանց: Շատ հնարավոր է, որ այդ մասին բարձրաձայն ոչինչ չասվի: Նման դեպքերում հատուկ ծառայությունները գաղտնիքներ չեն հրապարակում: Բայց Պավել Դուրովը կմնա որպես տուս-ադրբեջանական հատուկ ծառայությունների գործարքի հայելի։
Հոդվածը՝ 1in.am կայքից։