Հայաստան

Թեհրանի Առաջարկները

Սա այդուհանդերձ հարաբերությունների շատ ավելի բարդ համակարգ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հայաստանի համար այստեղ կան ինչպես ռիսկեր, այդպես էլ հնարավորություններ:

Հակոբ Բադալյան

Իրանն առաջա՞րկ է արել Երեւանին ու Բաքվին

«Կովկասյան տարածաշրջանը աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Պատմական, մշակութային եւ աշխարհագրական մերձությունը կրկնապատկել է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարեւորությունը», X-ի իր միկրոբլոգում գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արագչին, ամփոփելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ իր հեռախոսազրույցները: Այդ հեռախոսազրույցները եղել են այսպես ասած ճանաչողական-շնորհավորական, Արագչին արտաքին գործերի նախարարի կարգավիճակում առաջին անգամ է շփվել Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ:

Նրան հետ զրույցներից հետո Արագչին արձանագրում է Կովկասի ռազմավարական կարեւորությունն Իրանի համար, խոսելով ռեգիոնի երկրների հետ հարաբերություն ընդլայնելու անհրաժեշտությունը: Սա նշանակու՞մ է, որ Իրանը այդ առնչությամբ առաջարկ է արել Երեւանին ու Բաքվին՝ Արագչի-Միրզոյան եւ Արագչի-Բայրամով հեռախոսազրույցների ընթացքում: Այսինքն, արդյո՞ք շնորհավորանքներից, այսպես ասած ծանոթությունից եւ ընդհանուր խոսակցությունից զատ, Իրանի նոր արտգործնախարարը Երեւանին ու Բաքվին ներկայացրել է որոշակի նոր առաջարկներ, որոնք միտված են այն ընդլայնմանը, որի մասին հետո իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Ընդ որում, Արագչին խոսում է ընդլայնման կարեւորության կրկնապատկման մասին: Եթե դրանք զուտ խոսքեր չեն, զուտ պերճախոսություն չէ, ապա նշանակում է, որ Իրանը կատարելու է ինչ որ քայլեր, եթե անգամ դրանք ներկայացված չեն եղել հեռախոսազրույցների ընթացքում: Սա ամենեւին չի նշանակում, որ խոսքը այսպես ասած եռակողմ քայլերի մասին է: Իրանի հարաբերությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունենալով ընդհանուր զգալի մոտիվներ եւ պատճառահետեւանքային կապեր, այդուհանդերձ նաեւ օբյեկտիվ իրողությունների բերումով երկու տարբեր հարաբերություն է:

Թեհրանի համար առանցքային հարցերը թերեւս շարունակում են լինել երկուսը՝ թույլ չտալ իր հյուսիսային սահմանին ռազմական էսկալացիա, եւ թույլ չտալ ստատուս-քվոյի փոփոխություն արտառեգիոնալ այնպիսի ներկայության տեսքով, որը կնշանակի Կովկասի «աշխարհաքաղաքականության» փոփոխություն: Սրա մասին Թեհրանն արտահայտվում է պարբերաբար: Միեւնույն ժամանակ, Աբաս Արագչին արտահայտվել է նաեւ Եվրոպայի ու ԱՄՆ հետ հարաբերությունը կարգավորելու նպատակի մասին, շեշտելով իհարկե այն, որ դրա համար ԱՄՆ ու Եվրոպան պետք է փոխեն Իրանի հանդեպ վերաբերմունքն ու քաղաքականությունը:

Սա այդուհանդերձ հարաբերությունների շատ ավելի բարդ համակարգ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հայաստանի համար այստեղ կան ինչպես ռիսկեր, այդպես էլ հնարավորություններ: Ռիսկեր այն առումով, որ Արեւմուտքի հետ սերտ հարաբերությունն Իրանը դիտում է մարտահրավեր, եւ մեկ անգամ չէ, որ ասել է այդ մասին, ընդ որում վերջինը՝ մի քանի օր առաջ, եւ հնարավորություններ այն տեսանկյունից, որ այդուհանդերձ Հայաստանը հենց Իրանի համար մտահոգությունները փարատելու տեսանկյունից կարող է առաջարկել իր որոշակի կոմունիկացիոն դերը Իրանի եւ արեւմտյան խաղացողների միջեւ: Սա էլ անշուշտ պետք չէ գերագնահատել որպես հնարավորություն, բայց ռիսկերը կառավարելու համար այդ հնարավորության ուղղությամբ աշխատելը թերեւս չունի այլընտրանք:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *