Հայաստան

Լուկաշենկոն «Քաշո՞ւմ Է» Պուտինին

Լուկաշենկոն, ըստ երեւույթին, իրոք կանգնած է «համլետյան երկընտրանքի առաջ»: Նա մանկավարժների խորհրդակցությանը խոստովանել է, որ իրավիճակը «կամ՝ կամ է»: Այս իմաստով, գուցե, նրա «մեկ տոկոսի բանալի» է Փարիզում Telegram-ի հիմնադիր Դուրովի ձերբակալության արդարացումը:

Վահրամ Աթանեսյան

Բատկան Բաց Խա՞ղ Է Առաջարկում

Օգոստոսի 27-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է մանկավարժների համապետական խորհրդակցությանը, բայց, ինչպես BelTA պետական գործակալությունն է փոխանցում, ավելի շատ խոսել է ոչ թե կրթությունից եւ դաստիրակությունից, այլ՝ երկրի շուրջ, իր բնորոշմամբ՝ «չափազանց բարդ իրավիճակից»:

-Մեր երկրի հավային սահմաններին պատերազմ է, եւ ես դա թաքցնել չեմ կարող,- խոստովանել է Լուկաշենկոն եւ նկատել տվել, որ դեպի Արեւմուտք «գնալ չարժե, բայց պետք է այնպես անել, որ Արեւելքում ընդունեն, իսկ դա շատ դժվար գործ է»: Բելառուսի նախագահը մանրամասնել է: «Մեզ ասում են՝ այստեղ նահանջիր, այնտեղ գրավիր», – ինչից հասկացվում է, որ պատերազմին Ռուսաստանի կողմից մասնակցելու դիմաց նրան Ուկրաինայից տարածքներ են խոստանում:

Լուկաշենկոն խոսել է նաեւ Արեւմուտքից «ստացվող առաջարկությունների» մասին. «Մեզ ասում են՝ թքիր այդ Ռուսաստանի վրա, Ուկրաինայի հետ կռվիր նրա դեմ, եւ մենք ՆԱՏՕ-ի զորքերը կհասցնենք մինչեւ Սմոլենսկ: Մեզ տարբեր տեղերից վրա են տալիս, բայց այդ առաջարկություններն 99 տոկոսով ընդունելի չեն»:

Բելառուսի նախագահի նման բացախոսությունը ոչ այնքան արտառոց է, որքան՝ ինտրիգային: Օգոստոսի 25-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն զգուշացրել է, որ Գոմելի մարզում կենդանի ուժի, զրահատեխնիկայի, ՀՕՊ միջոցների կուտակումները «ՄԱԿ-ի Կանոնդրությամբ վերապահված ինքնապաշտպանության իրավունքի ուժով կդիտվեն օրինական թիրախներ, եթե փորձ արվի խախտել ուկրաինական սահմանը»:

Բելառուսի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գլազը, ճիշտ է, ծաղրել է Կիեւի այդ հայտարարությունը եւ խորհուրդ տվել «չդառնալ սեփական խարդավանքների զոհը», բայց միաժամանակ հավաստիացրել է, որ Մինսկը Կիեւից «պաշտոնական խողովակներով նման փաստաթուղթ չի ստացել»: Գլազի ասելով՝ իրենք այդ մասին իմացել են… համացանցից:

Ռուսաստանյան աղբյուրները, մինչդեռ, հայտնում են, որ Գոմելի մարզում «երկշաբաթյա ուսումնավարժական հավաքներ են, կազմավորվել են տարածքային պաշտպանության ուժեր, անցկացվում են ստույգայցեր, որոնց նպատակն է բարձրացնել արտակարգ իրավիճակներում իշխանության տեղական մարմինների գործունեության արդյունավետությունը»:

Բացառված չէ, որ Արեւմուտքից ստացվող առաջարկությունների մասին Լուկաշենկոն պարզապես շաղակրատում է: Բայց քաղաքական առումով երեւույթն ինքնին ուշագրավ է, քանի որ նա նաեւ Ռուսաստանի առաջարկություններն է 99 տոկոսով անընդունելի համարում:

Թերեւս կարելի է վարկածել, որ նա պացիֆիզմ է խաղում, որպեսզի բթացնի Կիեւի զգոնությունը, բայց սա, երեւի, այն դեպքը չէ: Բելառուսի հարեւան երկրները հակառուսաստանյան դաշինքի անդամ են եւ Ուկրաինային, անշուշտ, նաեւ հետախուզական աջակցություն են ցուցաբերում:

Լուկաշենկոն, ըստ երեւույթին, իրոք կանգնած է «համլետյան երկընտրանքի առաջ»: Նա մանկավարժների խորհրդակցությանը խոստովանել է, որ իրավիճակը «կամ՝ կամ է»: Այս իմաստով, գուցե, նրա «մեկ տոկոսի բանալի» է Փարիզում Telegram-ի հիմնադիր Դուրովի ձերբակալության արդարացումը:

«Դուրով ես, թե Դուրով չես՝ հանցանք ես գործել, պետք է պատասխան տաս,» – ասել է Լուկաշենկոն, բայց եւ դժգոհել, որ երբ ինքն է նման քայլերի գնում, Արեւմուտքը քննադատում է: Բատկան բաց խաղ է առաջարկում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *