Այլ աղբյուրներ համարում են, որ Դուրովին «փոխանցել է» Իսրայելը, իսկ գրեթե ոչ ոք չի կասկածում, որ նա Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործընկերն է։ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Դուրովը Ադրբեջանից «զգայուն տեղեկություններ» ունի։
Վահրամ Աթանեսյան
Վաշինգտոնը «Խայտառակել» Է Ալիեւին
Ռուսաստանի նախագահի Բաքու այցից մեկ օր անց Ադրբեջանի ռազմական գերատեսչության ենթակա caliber.az թելեգրամ-ալիքը գրեց, որ Միացյալ Նահանգներ է «Հայաստանում զորքեր է տեղաբաշխել»։ Այլ աղբյուրներ ավելի հեռու գնացին եւ «հավաստի տեղեկություններ» տարածեցին, որ «ամերիկյան զորքերը զբաղեցնում են հայ-ադրբեջանական սահմանի «վիճելի հատվածներից» հեռացած ռուս սահմանապահների դիրքերը, այդ թվում եւ՝ Իրանի հետ սահմանին»։
Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանը հանդես եկավ եւ այդ տեղեկությունները որակեց «հիմարություն»։ Նա միաժամանակ գրեթե բաց տեքստով ասաց, որ «ոչ միայն caliber.az-ը, այլ ուժեր եւս փորձում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կրակք բորբոքել» եւ ինքը «կարող է այդ առթիվ միայն կառահումներ անել»։
Պուտինի Բաքու այցից տասը օր անց ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն, պաշտպանության նախարարությունը եւ Կիբերանվտանգության ազգային գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել, որով զգուշացնում են, որ Իրանի հետ աֆիլացված հաքերային խմբերը կիբերհարձակման են ենթարկում Միացյալ Նահանգներին, այդ թվում՝ «Ադրբեջանում եւ Իսրայելում գործող կազմակերպություններին»։
Ձևակերպումը ոչ այնքան հստակ է, բայց, երեւի, հայտարարության բուն նշանակությունը հենց դրանում է, որովհետեւ շատ որոշակիորեն կարելի է հասկանալ, որ կիբերհարձակման են ենթարկվում ոչ թե ադրբեջանական, այլ՝ Ադրբեջանում գործող ամերիկյան «կազմակերպությունները»։
Եթե նման բացահայտում աներ ԱՄՆ պետական դեպարտամենտը, ապա կենթադրվեր, որ Միացյալ Նահանգները մտահոգված են դիվանագիտական գրագրության գաղտնիության ապահովմամբ։ Հայտարարության հեղինակներից մեկը, մինչդեռ, Պենտագոնն է՝ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը։
Գաղտնիք չէ, որ Վաշինգտոնը մի քանի անգամ հաստատել է, որ ԱՄՆ-ը հսկայական ֆինանսական եւ տեխնոլոգիական աջակցություն է ցուցաբերել, որպեսզի Ադրբեջանն ուժեղացնի եւ արդիականացնի ռազմա-ծովային ուժերը:
Բայց, երեւում է, Միացյալ Նահանգներն Ադրբեջանում այլ «կազմակերպություններ» էլ ունեն։ Իրանի «հետ աֆիլացված հաքերային խմբերի կիբերհարձակումների» մասին Վաշինգտոնը Բաքվին կարող էր զգուշացնել դիվանագիտական փակ խողովակներով։ Ընտրվել է բաց տեքստով հայտարարության տարբերակը։
Ընդ որում, ընտրվել է մի ժամանակ, երբ քննարկվում է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի՝ տարբեր երկրների հատուկ ծառայությունների հետ կապի հարցը։ Դուրովը Փարիզ է մեկնել Բաքվից, որտեղ գտնվել է օգոստոսի 11-ից մինչեւ 24-ը։ Մամուլում կարծիք է հնչել, որ նա ձերբակալվել է «Միացյալ Նահանգների պահանջով»։
Այլ աղբյուրներ համարում են, որ Դուրովին «փոխանցել է» Իսրայելը, իսկ գրեթե ոչ ոք չի կասկածում, որ նա Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործընկերն է։ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Դուրովը Ադրբեջանից «զգայուն տեղեկություններ» ունի։
Միացյալ Նահանգների համար չի կարող գաղտնիք լինել, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը ոչ միայն հատուկ ծառայությունների ինֆորմացիայի փոխանակման, այլեւ կիբերանվտանգության ոլորտում համագործակցության փոխադարձ պարտավորություններ ունեն։ Ռուսաստանի հատուկ ծառայությունները հազիվ թե տեղյակ չեն, թե Ադրբեջանի տարածքում ամերիկյան ինչ «կազմակերպություններ» են գործում։ Բայց մի բան է հետախուզական տեղեկությունը, բոլորովին այլ է, երբ կողմերից մեկը համարյա բացահայտում է Ադրբեջանում իր ռազմա-տեխնոլոգիական ներկայությունը։ Դա Ալիեւին «խայտառակելու» միջոցով նրան Վաշինգտոնի ազդեցության տիրույթում պահելու նպատակ ունի՞։
Հոդվածը՝ 1in.am կայքից։